Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Տարեցները նման են երեխաների

Հոկտեմբեր 01,2002 00:00

Տարեցները նման են երեխաների ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1990 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ, հոկտեմբերի 1-ը հայտարարվեց տարեցների միջազգային օր։ Սրանից էլ ութ տարի առաջ՝ 1982 թ., արդեն անցկացվել էր տարեցների համաշխարհային գագաթաժողով եւ պարզ էր, որ 60 եւ ավելի տարեկան անձինք բազմաթիվ չլուծված խնդիրներ ունեն։ Նշված խնդիրների լուծմանը պիտի խթանեին նաեւ 1999 թվականը տարեցների տարի հայտարարելը ու ընթացիկ տարվա գարնանը տարեցների երկրորդ համաշխարհային գագաթաժողովի անցկացումը։ Միջազգային այս հանդիպումներից հետո արձանագրվել է հետեւյալ պատկերը։ ՄԱԿ-ի տվյալներով, այսօր աշխարհի բնակիչներից յուրաքանչյուր 10-րդը 60 եւ ավելի տարեկան է։ Առաջիկա 50 տարում այս ցուցանիշը կրկնապատկվելու է։ Ընդ որում, եթե 10-12 տարի առաջ ազատ հաղորդակցվում էր տարեցների կեսը, ապա այժմ՝ հազիվ 25 տոկոսը։ Հայաստանում բնակվող տարեցների եկամտի միակ, եթե ոչ հիմնական աղբյուրը կենսաթոշակն է։ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում գրանցված մոտ 550 հազար թոշակառուներից միայն 396 հազարն է, որ տարիքային ստաժով է կենսաթոշակ ստանում։ Հայաստանում կյանքի միջին տեւողությունը 72,5 տարի է։ Հայաստանում այժմ կիրառվում է կենսաթոշակների սահմանման բաշխման կամ համահավասարեցման սկզբունքը, երբ կենսաթոշակը հաշվում են ոչ թե աշխատավարձի չափից ու վճարված հարկերի ծավալից, այլ աշխատած տարիներից։ Սակայն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է կենսաթոշակային ապահովվածության մասին օրինագիծը, համաձայն որի, կկիրառվի կուտակման սկզբունքը եւ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ կենսաթոշակի կանցնեն 63 տարեկանից, ի տարբերություն այսօրվա համապատասխանաբար 58 եւ 63-ի։ Եթե այսօր կենսաթոշակների սահմանումն ու վճարումը սոցապահովագրության պետական հիմնադրամի մենաշնորհն է, ապա կուտակման համակարգի դեպքում կլինեն նաեւ մասնավոր հիմնադրամներ։ Կուտակման համակարգը առավել հարիր է ազատական տնտեսությանը եւ բավականին կթեթեւացնի սոցիալական բեռը, որն այսօր պետության ուսերին է։ Իսկ որ այդ բեռը շատ ծանր է, փաստում է սոցապահովագրության պետհիմնադրամի նախագահի խորհրդական Ստեփան Հայրապետյանը։ Ըստ նրա, հիմնադրամի սնուցման միակ աղբյուրը քաղաքացիների աշխատավարձերից ապահովագրական պահումներն են։ Իսկ այսօր հիմնադրամին պարտք են 8 միլիարդ դրամ չվճարված պահումներ, եւս 14 միլիարդ դրամ չվճարված աշխատավարձերից պահումներ։ Այսօր Հայաստանում բազային կենսաթոշակը 3000 դրամ է։ Ընթացիկ տարում արդեն երկու անգամ բարձրացվել է աշխատանքային ստաժով պայմանավորված հավելավճարը, հիմնականում կենսաթոշակառուների քանակի 10 տոկոսանոց նվազման ու բյուջեի մուտքերի ավելացման շնորհիվ։ Սակայն կենսաթոշակի չափը դեռ հեռու է սպառողական զամբյուղից։ Ըստ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանի, նշված զամբյուղը 27-28 հազար դրամի մատույցներում է։ Մինչդեռ, մեր զրուցակից տարեցները վստահ էին, որ նվազագույնը կարելի է ապահովել 50 հազար դրամից ոչ քիչ գումարով միայն։ Այս տարեցները հիմնականում անտարբեր էին կենսաթոշակների սահմանման համակարգերի նկատմամբ ու Հայաստանի հասարակական կյանքին էլ առնչվում էին այգիներում նարդի խաղալով ու հարցերի բավականին ընդգրկուն շրջանակ քննարկելով։ Անխնամ մնացած տարեցների միակ փրկությունը ծերանոց անվանումը ստացած տուն-ինտերնատներն են։ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում բնակվում է 230 ծեր ու տարեց։ Այս մարդկանց մոտ 80%-ը ունի երեխաներ։ Այս տուն-ինտերնատի բնակիչներից 50-ը լրիվ անկողնային վիճակում են, 30-ը՝ մասնակի։ Հայաստանում գործող տուն-ինտերնատներում ապրելու իրավունք է տալիս սոցապնախարարությունը մի շարք չափանիշներ ծանրութեթեւ անելուց հետո։ Ըստ նախարարության տվյալների, քիչ չեն մերժվածները, քանի որ դիմումներն են բազմաթիվ։ Տուն-ինտերնատի ֆինանսավորման աղբյուրները պետբյուջեն եւ կենսաթոշակառու բնակիչների թոշակի 75 տոկոսն են։ Թոշակի 25 տոկոսը տնօրինում է թոշակառուն։ Հիմնականում գնում են սուրճ, թեյ, հրուշակեղեն։ Մեկ տարեցի սննդի վրա ծերանոցը օրական ծախսում է 500 դրամ։ Ծերերը, սակայն, դժգոհ չեն պայմաններից։ Երբեմն հաջողվում է նաեւ բարերար-հովանավոր գտնել ու տարեցները տարբեր կարգի նվերներ են ստանում. հիմնականում հիգիենիկ միջոցներ, հազվադեպ՝ սնունդ։ Երբեմն էլ զվարճալի ծրագրեր-համերգներ։ Ի տարբերություն այգիներում ու փողոցներում մեզ հանդիպած տարեցների, ծերանոցի տարեցների մի մասը գիտեր, որ կա, իրենց խոսքով՝ «Ծերերի տոն», որ դա հոկտեմբերի մեկին է եւ որ անպայման մի լավ միջոցառում կկազմակերպվի։ Հայաստանում տարեցների տուն-ինտերնատ են ընդունում թոշակ ստացող տարեցներին։ Ապրում են ինչքան Աստված կամենա, քանի որ ծնողին ծերանոցից վերցնելու դեպքեր գրեթե չեն լինում։ Բնակիչների թաղման ծախսերը հոգում է ծերանոցը։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել