Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՍԱ՞ Է ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Հոկտեմբեր 01,2002 00:00

ՍԱ՞ Է ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ Որքան էլ տարօրինակ թվա, բայց ֆոնդային բորսաներում ակտիվ առեւտուր անող ամերիկացիները հայաստանցի ավանդատուների «օրին» են։ Նրանք էլ ճիշտ մեր հայրենակիցների նման որոշակի գումար շահելու համար զանազան խոշոր ընկերություններում ներդրումներ են արել, բայց «մի շնչով» կորցրել, երբ այդ խոշոր ընկերություններից մի քանիսը մեկը մյուսի հետեւից «պայթել» են, ինչպես հայկական բանկերից մի քանիսը։ Իրենց կորցրած գումարների, չստացած շահույթների, չիրագործված պլանների մասին «Առավոտն» առիթ ունեցավ լսել համարյա բոլոր շարքային ամերիկացիներից, որոնց հետ հանդիպեցինք «Միջազգային այցելու ծրագրի» շրջանակներում ԱՄՆ-ում գտնվելիս։ Օրինակ, մի ընտանիք արդեն չէր պատկերացնում, թե որդու ուսման վարձը որտեղից է տալու։ Մնացածները հիմնականում թոշակառուներ էին, որոնք իրենց հետագա համեմատաբար ապահով կյանքի համար էին հոգացել այդ ընկերություններում բաժնետոմսեր գնելով ու այդպիսով շահաբաժիններ ակնկալելով։ Հայաստանցի խաբված ավանդատուների բախտին արժանացած տուժած այս ամերիկացիներին, իհարկե, ասացինք, որ մենք մի լավ մասնագետ ունենք, որն իրենց ոչ միայն կհամոզի, որ ոչ «Էնրոնը», ոչ մյուսներն ամենեւին էլ չեն սնանկացել, այլ ավելին, դրանք «առողջ» են առավել, քան երբեւէ։ Մենք նույնիսկ առաջարկեցինք մեր այդ մասնագետին մի քանի ամսով իրենց «զիջել»՝ այդ պրոբլեմային ընկերություններում խնամակալություններ նշանակելու կամ իրենց մասնագետների համար թրեյնինգներ անցկացնելու համար։ Բայց ամերիկացի «խաբված ներդրողները» հասկացան, որ դրանից իրենց գումարները հետ չեն գա ու քաղաքավարի հրաժարվեցին։ Իսկ ամերիկացի մասնագետներն իրենց երկրի տնտեսության ճգնաժամի մասին անցյալ ժամանակով են խոսում, նշելով, որ այն ավելի խոր բնույթ կկրեր, եթե տեղի չունենային սեպտեմբերի 11-ի դեպքերը։ Իսկ ԱՄՆ նահանգներից մեկի ֆինանսների դեպարտամենտի տնտեսագետի (որը չցանկացավ անունը նշվի) վերլուծությամբ, սեպտեմբերի 11-ն ու Աֆղանստանի պատերազմը խթանեցին ԱՄՆ տնտեսության զարգացմանը. դրամի արտադրությունը մեծացվեց, վարկերի տոկոսադրույքները նվազեցին, ինչն իր հերթին խթանեց մեքենաների արտադրությունն ու սպառումը։ Ըստ այս տնտեսագետի, սպառողները շարժվում էին «գնումներ չկատարելը հակահայրենասիրական կլինի» կարգախոսով։ Նա գտնում է, որ եթե 11-ի դեպքերը չլինեին, ֆեդերալ ռեզերվը (ԱՄՆ ԿԲ-ն է- Ա. Ու.) դժվար թե այդքան մեծ գումարներ տրամադրեր տոկոսադրույքներն իջեցնելու համար եւ դժվար թե այդքան արագ արձագանքեր տնտեսության ճգնաժամին։ «Առավոտի» տարակուսանքին, թե ինչպե՞ս կարող է ավերածություններ սփռող պատերազմը նպաստել տնտեսության զարգացմանը, տնտեսագետն այսպես պատասխանեց. «Երբ նոր շենք է կառուցվում, դա գրանցվում է որպես նոր արտադրական պրոցես, զարգացում։ Իսկ զարգացումը հենց դրանով էլ չափվում է»։ Այնուհետեւ տնտեսագետը համաձայնելով տարակուսանքին, նշեց. «Ազգային եկամտի հաշվապահական հաշվետվության տարօրինակ ցուցանիշ է սա»։ Հուսով ենք, սա չէ Ամերիկայի զարգացած տնտեսության ու հզորության գաղտնիքը։ Տնտեսագետի կանխատեսմամբ, ամերիկյան տնտեսությունը առաջիկա 2-3 տարում կշարունակի աճել, բայց ավելի դանդաղ տեմպերով, քան 90-ականներին։ Նույն աղբյուրի ներկայացմամբ, ամերիկյան բորսաներում արժեթղթերի ընդհանուր արժեքը նվազել է շուրջ 5 տրիլիոն դոլարով։ Բայց շատ չսարսափելու համար ամերիկացի մասնագետներն «այդ թիվը բաժանում են մեծ թվով մարդկանց (բորսաներում առեւտուր անողների) վրա» եւ «այնքան էլ մեծ գումար» չեն ստանում։ Այժմ բորսաներում ստեղծված վիճակի համար մեղքը մեկը մյուսի վրա են գցում, բայց հետո սփոփվում, որ «միեւնույն է, մարդիկ դեռ շահով են դուրս եկել, եթե համեմատենք 80-ական թթ. վերջերի հետ»։ Հակառակ Հայաստանում եղած տեսակետին, ամերիկացի տնտեսագետը գտնում է, որ արժեթղթերի շուկայի ազդեցությունն այնքան էլ մեծ չէր ԱՄՆ տնտեսության վրա։ Իսկ ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտի տնտեսագետ Դավիթ Ջուլֆայանի մեկնաբանությամբ, կեղծ հաշվետվություններ ներկայացրած ընկերությունների խնդիրն այդպիսի ազդեցություն ունեցավ, որովհետեւ այդ 5 ընկերությունները շատ մեծ են եւ շատ կարեւոր։ Ըստ նրա, շատ կարեւոր էր, որ վերահսկող ընկերությունները, որոնց վրա կառավարությունն ազդելու լծակներ չունի, իրենց գործն անեին այնպես, ինչպես պետք էր։ Բացի այդ, աուդիտը նրանց պարտականությունն է եւ իրենց գործն անելու համար ստիպել պետք չէ։ Պարզվում է, միայն Հայաստանում չի պատահում, երբ ստուգողն ու խորհրդատուն նույն մարդն է կամ կազմակերպությունը։ Այս առումով պարոն Ջուլֆայանը գտնում է, որ ԱՄՆ-ում պետք է փոխվեն որոշ օրենքներ։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել