ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵ՞Ր ԵՆ ԵԽ ԽՎ սեպտեմբերի 26-ի նիստում ներկայացված զեկույցը՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների մասին, պատշաճության սահմաններից դուրս բնորոշումներ է պարունակում հայկական մամուլի վերաբերյալ: Մեր մամուլում ներկայացվել է միայն զեկույցի «Ա1+»-ին եւ «Նոյյան տապանին» վերաբերող դրույթը: Այն, ի դեպ, տեղ գտավ նաեւ ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւի մեջ՝ հետեւյալ ձեւակերպմամբ, թե ելնելով նրանից, որ 2002 թվականի ապրիլին անցկացված ռադիո եւ հեռուստահաճախությունների մրցույթի արդյունքները «կտրուկ բողոքներ» են հարուցել՝ Հայաստանի իշխանություններին կոչ է արվում «անհապաղ փոփոխություններ կատարել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում՝ հաշվի առնելով Եվրախորհրդի դիտողությունները»: Նաեւ հիշեցրել են երկրի ղեկավարությանն իրենց «հաստատ խոստման մասին, թե հաճախությունների նոր մրցույթներ պիտի անցկացվեն ընթացիկ տարվա հոկտեմբերի 25-ին»: Տարակուսանք հարուցող երկու հանգամանք կա. նախ, ինչո՞ւ վաղօրոք հայտարարված ժամկետը՝ հոկտեմբերի 15-ը, դարձավ 25: Եթե հաշվի առնենք, որ խոստացվածից եւս 10 օր ձգձգումով հայտարարված մրցույթի արդյունքները պարզ կդառնան մի 40 օրից, եւ տեխնիկական խնդիրները կարգավորելը (հաղորդակի տեղադրում եւ այլն) կպահանջի հավելյալ մեկ-երկու ամիս՝ պարզ կդառնա, որ անգամ մրցույթում հաղթելու դեպքում՝ «Ա1+»-ը եւ «ՆՏ»-ն չեն կարողանա դուրս գալ եթեր մինչեւ նախագահական ընտրությունները: Այսինքն, միեւնույն է, լուծված է այն խնդիրը, որ հետապնդում էին իշխանությունները՝ եթերազրկելով այս երկու հեռուստաընկերություններին: Բացի այդ՝ ի՞նչ կապ ունեն Եվրախորհրդի անցկացրած փորձաքննության արդյունքներն «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի խնդրի լուծման հետ: Փորձագետ Իվ Սալոմոնի ծավալուն եզրակացության միայն երկու դրույթներն են ուղղակի կամ անուղղակի զուգահեռվում այս խնդրի հետ: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի «Արտոնագրատիրոջ ընտրությունը» հոդվածի առնչությամբ անդրադառնալով այն չափանիշներին, որոնք պիտի հաշվի առնի Ազգային հանձնաժողովը, Իվ Սալոմոնը նշում է. «Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում տեղական արտոնագրերի շնորհման ժամանակ վերահսկիչը հաշվի է առնում առաջարկված ծրագրի հնարավորությունը՝ բավարարելու այդ վայրի բնակչության ճաշակն ու նախասիրությունները եւ, թե ինչ չափով է դիմորդը վայելում տեղական բնակչության աջակցությունը: Գուցե ՀՀ-ին հարկ լինի մտցնել այս կարգի լրացուցիչ չափանիշներ»: «Արտոնագրերի գործողության ժամկետները» հոդվածի առնչությամբ էլ Եվրախորհրդի փորձագետի դիտողությունն է. «Լրջորեն խորհուրդ կտայի, որ արտոնագրի համար նոր մրցույթ հայտարարվի դրա ժամկետը լրանալուց առավել քան երկու ամիս առաջ: Միացյալ Թագավորությունում սովորաբար հայտարարում ենք ժամկետը լրանալուց 12 ամիս առաջ: Սա կատարվում է այն նկատառումով, որ ներկայիս արտոնագրատերը կարող է մրցույթում ետ չստանալ իր արտոնագիրը: Նոր հեռարձակողին մի քանի ամիս է անհրաժեշտ հեռարձակումը սկսելուց առաջ գործերը կարգի գցելու համար, եւ հին արտոնագրի ժամկետը լրանալուց առաջ ընդամենը երկու ամիսը բավարար չէ: Դրա հետեւանքով եթերը կարող է բաց մնալ, հեռուստաէկրանը՝ դատարկ, որոնցից ոչ մեկն էլ ցանկալի չէ ո՛չ հանրությանը, ո՛չ էլ նոր հեռարձակողին, որը ստիպված է լինելու իր համար լսարան ստեղծել զրոյից»: Եթե այս ամենը միայն հարցադրումներ կարող են առաջացնել, Բելոհորսկայի եւ Յասկերնիայի զեկույցը՝ առնվազն դրա՝ ՀՀ-ում խոսքի ազատության վերաբերյալ բաժինը, ձեւակերպումների առումով կարող են առաջացնել միայն վրդովմունք: Զեկուցողների կարծիքով՝ «ԶԼՄ-ների ազատության առումով Հայաստանում իրավիճակը պայմանավորված է ոչ այնքան նյութական կամ վարչական խոչընդոտներով կամ քաղաքական ճնշմամբ (…), որքան արհեստավարժությամբ եւ լրագրական էթիկայով (դրանց բացակայությամբ), որոնք շատ հեռու են եվրոպական չափանիշներից»: Մեկ այլ օրինակ՝ «Շատ լրագրողներ իրենց պահում են վաճառականների պես, պատրաստ լինելով իրենց սյունյակները տրամադրել նրան, ով ավելի շատ կառաջարկի»: Այս պնդումներից որեւէ մեկը հիմնավորված չէ որոշակի օրինակներով: Ու ստացվում է, որ ցեխ է շպրտված Հայաստանի ողջ մամուլի վրա: Ավելի ստույգ՝ եթե դատենք սյունյակների մասին հիշատակությունից, քարը նետված է թերթերի ուղղությամբ, թեեւ էլեկտրոնային ԶԼՄ-ներում ավելի հաճախ են հանդիպում թաքնված գովազդները եւ միակողմանի անդրադարձերը: Այնպես որ, փորձ էլ չենք անի պնդել, թե այն, ինչ իրենց զեկույցում նշել են Բելոհորսկան եւ Յասկերնիան, չի համապատասխանում իրականությանը: Վրդովմունք են առաջացնում միայն ձեւակերպումները, որոնք իրենց իսկ վկայակոչած էթիկայի սահմաններից դուրս են: Եվ այս առումով մի հարցադրում էլ է առաջանում. Հայաստանում եղած ժամանակ Բելոհորսկան եւ Յասկերնիան չհանդիպեցին, ասենք, ԱԺ Գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահի հետ, որ իրենց քննադատած «անկատար, ԵԽ չափանիշներին չհամապատասխանող» հեռարձակման օրենքի հեղինակներից մեկն է, եւ հանդիպեցին, ասենք, Ազգային հանձնաժողովի նախագահի հետ: Ուրեմն, ո՞վ է նրանց հուշել պատշաճության սահմաններից դուրս այս ձեւակերպումները: Իսկ գուցե Նաիրի Հունանյա՞նը, որի հետ նույնպես հարկ համարեցին առանձին հանդիպել զեկուցողները: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ