Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արարատ»-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 28,2002 00:00

«Արարատ»-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ «Արարատ» ֆիլմը ցուցադրվում է Երեւանում։ Անշուշտ, կարելի է պատմել, թե որքան լավ էր կազմակերպված ընդունելությունն ու ինչքան լավ էր լուսաբանվում Ատոմի եւ Արսինեի այցը Հայաստան։ Սակայն մի հետադարձ հայացք նետենք ու հիշենք 1992թ. Ատոմ Էգոյանի առաջին այցը Հայաստան, երբ նա նախաձեռնել էր մի ֆիլմ նկարահանել հայրենիքում։ Ատոմի անունն արդեն հայտնի էր կինոարվեստի գիտակներին ու սիրահարներին, նրա ամեն նոր գործերին սպասում էին հետաքրքրությամբ։ «Օրացույցը» նկարահանվեց բավականին սեղմ ժամկետներում եւ ֆիլմը մեկ տարի անց Բեռլինի կինոփառատոնում արժանացավ «Նոր կինո» բաժնում սահմանված Գլխավոր մրցանակին։ Ֆիլմի հաջողության մասին էր վկայում եւ այն, որ հենց փառատոնի օրերին հանդիսատեսների խնդրանքով այն մի քանի անգամ ցուցադրվեց նաեւ հեռուստատեսությամբ։ Այո, Էգոյանը կարողանում է շարժել եվրոպացու միտքն ու հետաքրքրությունը։ Ինչո՞ւ եմ հիշում այս ամենը։ Հիշում եմ, որովհետեւ «Օրացույց» ֆիլմի հերոսներից մեկն ասում է. «Կգա մի օր եւ հեռավոր Կանադայում ապրող երեխադ հարց կտա քեզ՝ իսկ ո՞վ է եղել իմ պապը, որտե՞ղ է նա ապրել…»։ «Արարատ» ֆիլմը հաստատում է, որ այդ հարցերը հանգիստ չեն թողել հենց իրեն՝ Ատոմին։ Եվ հասկանում ես, որ գործ ունես մի արվեստագետի հետ, որի ստեղծագործությունը խորապես անձնական է, անկեղծ ու կապված է իր ակունքների հետ։ Եվ ահա Ատոմ Էգոյանի հերոսներից Րաֆֆին մեր գրեթե մեկ դար առաջ ապրած ցավն ու դարդը անցկացնում է մաքսատան դռներով։ Մի՞թե այսօր այդ իրավիճակում չի հայտնվել մեր արդար պահանջը՝ «Ճանաչել 1915թ. եղեռնը»։ Մի՞թե աշխարհիս պետությունները չեն պատսպարվել «մաքսակետերով» ու չեն փորձում «հերոին գտնել» հայկական հարցի փաթեթում։ Մենք մինչ օրս զարմանում ենք, թե ինչու է այդպես։ Ատոմը փորձում է պատասխանել. «Որովհետեւ մեր «հարցի» մասին գիտենք միայն մենք, մյուսներին բացատրել է պետք, չէ՞ որ նրանք այդ մասին ոչինչ չգիտեն»։ «Արարատ» ֆիլմն այդ առումով մեծ ճանապարհ է դուրս եկել։ Այն արդեն ցուցադրվում է եվրոպական մի շարք երկրներում, բայց մինչ այդ Էգոյանն իր պարտքը համարեց քննություն բռնել Հայաստանում։ «90-ականների» ծանր տարիներն էին, երբ Ատոմն ու Արսինեն առաջին անգամ եկել էին Հայաստան, եւ հիմա, տեսնելով նորացող մեր երկիրը, նրանք չէին կարողանում թաքցնել իրենց հույզն ու հրճվանքը։ Մանկան նման ուրախացան, երբ «Մոսկվա» կինոթատրոնի ճակատին, գիշերը ժամը 4-ին տեսան ֆիլմի հսկայական ազդագիրը։ Գիշերվա այդ ժամին «Պարադիզի» տնօրեն Մարտինը միացնել տվեց կինոթատրոնի ճակատային լույսերը եւ աչքի պոչով հետեւում էր ամուսիններին։ «Անհավատալի է»,- անընդհատ կրկնում էին Ատոմն ու Արսինեն։ Երբ զբոսնում էինք Երեւանով ու զրուցում ապագա ծրագրերի մասին, մի միտք առկայծեց… Ատոմի աչքերը փայլփլեցին։ Հաջորդ այցն կլինի, անպայման կլինի։ ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել