Լրահոս
Օրվա լրահոսը

Կարոտի երկիրը՝ լուսանկարներով

Սեպտեմբեր 28,2002 00:00

Կարոտի երկիրը՝ լուսանկարներով Կա մաքուր, հրաշալի մի եզերք, ուր չեն հասնում մեծ աշխարհի վայրագ կրքերն ու բիրտ աղմուկները, ուր կյանքը, ինչպես հազար տարի առաջ, ընթանում է Սիրո եւ Լույսի հավերժական օրենքներով։ Նոյեմբերյանցիների համար դա լեռնաշխարհ է, կարոտի երկիր՝ թանկ ու անփոխարինելի։ Եվ ահա հրատարակվել է գունավոր, շքեղ լուսանկարների մի ալբոմ, որը ներկայացնում է այդ երկրի բոլոր սարերը, սիրելի վայրերը՝ բարձունքներով ու հովիտներով, անտառներով ու բացատներով։ Ալբոմի ստեղծման գաղափարը նոյեմբերյանցի բանաստեղծ Իգնատ Մամյանինն է, ով նաեւ նրա կազմողն է ու խմբագիրը։ – Ամբողջ կյանքում իմ մեջ հնչել են այդ հրաշք երկրի ղողանջուն ձայները՝ քամու խշշոցն ու ջրերի կարկաչը, ձիու խրխինջն ու հովվական սրնգի նվագը։ Վաղուց ի վեր ես իմ առջեւ նպատակ էի դրել մեր գողտրիկ ու սիրելի եզերքը ներկայացնել աշխարհին։ Բայց ինչպե՞ս։ Ներկա ժամանակներում գրականության միջոցով դա հնարավոր չէր անել, եւ գտա, որ լուսանկարներով միայն կարելի է ներկայացնել մեր սարերի հավերժությունը,- ասում է նա։ Այնուհետեւ բանաստեղծը հավելեց, որ ալբոմի հրատարակումը հենց հիմա էր անհրաժեշտ՝ երբ Նոյեմբերյանի շրջանի բնակչության կեսը սփռված է ամբողջ աշխարհում։ Ալբոմը նախատեսված է ծննդավայրից օտարացող ընտանիքների համար՝ որպես կարոտի գիրք նրանց սեղանին, որպես վերադարձի խորհուրդ ու կանչ։ – Բայց դժվար չէ՞ր միայնակ նման թանկ ու շքեղ գործ ձեռնարկել,- հարցրի բանաստեղծին։ – Ոչ միայն դժվար էր, այլեւ՝ անհնարին։ Ալբոմը չէր ծնվի, եթե իմ կողքին չկանգներ իմ ավագ ընկեր եւ բարեկամ Հովիկ Հախվերդյանը։ Եթե նկարիչ Հենրիկ Մամյանը (իմ ազգակիցն ու սիրելի մաեստրոն) հանձն չառներ դրա շքեղ ձեւավորումը։ Եթե չլիներ «Վան Արյան» հրատարակչությունը՝ իր մեծահոգի ղեկավարով ու ազնվական աշխատակազմով։ Պետք է նկատել, որ այս ալբոմը հանգիստ պայմաններում ստեղծված սովորական գիրք չէ. ամեն մի կադրը պատկերելու համար ստեղծագործական խումբը բարձունք է ելել ու ձոր իջել։ Ի դեպ, ինչպես ասաց Իգնատ Մամյանը, ստեղծագործական խմբի առաքելությունը չի ավարտվել «Մանկության սարերի կանչը» ալբոմի ստեղծումով։ Նաեւ վավերագրական ֆիլմ է նկարահանվել սարերի ու նրանց հավերժության մասին։ Շուրջ մեկ ժամանոց տեսաերիզը, որի սցենարի հեղինակը դարձյալ Ի. Մամյանն է, կմատուցվի ալբոմի հետ։ Արված է հայրենասիրական հրաշալի գործ, որը մեծ ծախսեր է պահանջել, եւ այդ ծախսերը հնարավոր է հատուցել ալբոմի եւ տեսաերիզի իրացումով։ Այս առումով Իգնատ Մամյանին հարկավոր են իր հայրենակիցների խորհուրդները։ Նրան կարելի է զանգահարել 61-01-15 (երեկոյան) եւ 52-43-96 (ցերեկը) հեռախոսահամարներով։ Վ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել