Անին՝ մոտիկ եւ հեռու Շարունակվում են Անիի Մայր տաճարի օծման 1000-ամյակին նվիրված հանդիսությունները Միջնադարյան Հայաստանի ամենաերիտասարդ ու ամենակարճատեւ կյանք ունեցած մայրաքաղաքներից Անիի հրաշքի մասին 20-րդ դարի սկզբին շատերն են հիացումի, խոր ցավի ու ափսոսանքի, նաեւ սատար կանգնելու խոսքեր ասել։ 1904 թվականին այցելելով Անի՝ իտալացի Մասիմո դե Մանտեֆելին, հիացած նրա վեհությամբ, նրբությամբ ու հիասքանչ ճարտարապետական ինքնատիպությամբ, արտահայտվել է. «Ես մտքով տեսա Պոմպեյը՝ Վեզուվի զոհը եւ հրաբխի կործանիչ ուժը համեմատեցի մարդու կործանարար կատաղության հետ, որի զոհը դարձավ հիասքանչ Անին։ Սակայն ոչ մեկը, ոչ մյուսը չկարողացան ոչնչացնել նուրբ մշակույթի տեր ժողովուրդներին։ Իտալիան արդեն վերակենդանացավ։ Կմաղթեմ, որպեսզի շուտով գա այն օրը, երբ Հայաստանը կվերածնվի»։ Սեպտեմբերի 22-ին Սուրբ Էջմիածնում սկիզբ առած գիտաժողով-հանդիսությունները՝ նվիրված Անիի Մայր տաճարի օծման 1000-ամյակին, կշարունակվեն մինչեւ 2003 թվականի հունվարի 13-ը։ Գյումրի քաղաքից 30 կմ հարավ-արեւմուտք, Ախուրյան գետի աջակողմյան սարահարթի վրա, Հայաստանի եւ Թուրքիայի սահմանամերձ մասում, փշալարերից այն կողմ անզեն աչքով էլ երեւում է արգելափակ քաղաքատեղը՝ իր հուշարձաններով, որոնց անունները հանրահայտ են՝ Մայր եկեղեցի, Փրկչի, Աբուղամրենց եկեղեցիներ, Միջնաբերդ, պարիսպներ՝ ավերակ կամ կիսավեր, ամայի, մեռյալ, լքված։ Ինչպես ասում են՝ Անին այսքան մոտիկ, բայց այնքան հեռու։ Հերթական միջոցառումը Կինոյի տան դահլիճում կայացած հոգեւոր երաժշտության համերգն էր։ Առաջին բաժնում Դանիել Երաժշտի ղեկավարած «Շարական» եւ երգչուհի Աննա Մայիլյանի ու «Վարպետներ» անսամբլների մեկնաբանմամբ հնչեց 10-12-րդ դարերի հոգեւոր երաժշտություն, մասնավորապես՝ Գրիգոր Նարեկացի, Գրիգոր Մագիստրոս, Հովհաննես Իմաստասեր, Գրիգորիս Աղթամարցի եւ անանուն հեղինակների հոգեւոր ստեղծագործություններից։ Երկրորդ բաժնում առաջին անգամ հնչեց Ալան Հովհաննեսի «Անի» թիվ 23 սիմֆոնիան՝ թվով 51 փողային, 5 հարվածային եւ 1 կոնտրաբասի հնչողությամբ, մաեստրո Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ։ Առաջին անգամ «Անին» հնչել է 1989 թվականի ապրիլի 23-ին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում։ Այդ երեկո հոգեւոր երաժշտությունը ջերմացրեց մարդկանց սրտերը։ Իսկապես ներշնչող ու խորապես մարդկային մի արվեստ, որը լի է կենսական ջերմությամբ, մարդկանց գրավելու զարմանալիորեն բնական կարողությամբ, հմայող պարզությամբ ու անկեղծությամբ։ Պետք է խոստովանել՝ լեփ-լեցուն դահլիճը խոսուն վկան էր թե՛ բարձրակարգ կատարումների եւ թե՛ ունկնդրի պատրաստվածության։ Իսկ ունկնդիրը դահլիճից հեռանում էր մի տեսակ լուռ, ինքնամփոփ, բայց համակարծիք՝ Ճարտարապետության ազգային թանգարան- ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանի խոսքերին. «Մի օր թե՛ աշխարհը կլինի շեն, թե՛ Անին՝ վերաշինված, ու շենացնողները՝ մենք»։ Սեփ. լր.