Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր ավիաընկերությունն է ծաղիկներ նվիրում

Սեպտեմբեր 28,2002 00:00

Ո՞ր ավիաընկերությունն է ծաղիկներ նվիրում Առեւտրային շահի գաղտնիքը – Գիտե՞ս, այսուհետեւ մեզ հաճախ կնվիրեն ծաղիկներ, դրանք էժանացել են։ – Գիտեմ, քանի որ գտնվել է ավիաընկերություն, որ «Բրաբիոնի» ծաղիկները տեղափոխում է անվճար։ Այս գովազդը օրվա մեջ անթիվ անգամներ հնչում է ռադիոյի FM գրեթե բոլոր ալիքներով։ Առաջին հայացքից թվում է անմեղ գովազդ է, յուրաքանչյուր կնոջ համար ցանկալի է հաճախակի ծաղիկներ ստանալ։ Բայց մեր ուշադրությունը այս գովազդում գրավեց ոչ այնքան ծաղիկների էժանացումը, որքան ավիաընկերությունը կամ, ավելի ճիշտ, այդ ավիաընկերության հետ գործարքը։ Տնտեսագիտությանը, ավելի պարզ՝ առեւտրին փոքր-ինչ ծանոթ յուրաքանչյուր ոք հասկանում է, որ որեւէ անհատ կամ կազմակերպություն անվճար ծառայություններ չի մատուցի մեկ ուրիշի։ Գովազդում ավիաընկերության անվան գաղտնիությունը, բնականաբար, որոշակի հարցեր առաջացրեց։ Բեռնափոխադրումների համար յուրաքանչյուր փոխադրամիջոց, առավել եւս՝ ավիաընկերություն, պարտավոր է հարկեր վճարել պետությանը։ Պարզ տրամաբանություն է, եթե տվյալ կազմակերպությունը ծառայություններ մատուցելու դիմաց հարկային պարտավորություններ ունի, ո՞րն է այդ դեպքում նրա առեւտրային շահը, որ մի կողմից իր ծախսերի հաշվին անվճար ծառայություն է մատուցում, մյուս կողմից՝ պետությանը հարկեր վճարում։ Անշուշտ, կարելի է մտածել, որ այդ թաքնված ավիաընկերությունը բարեգործություն է անում։ Բայց հարցն էլ հենց այդ է. եթե ամեն ինչ օրենքի սահմաններում է, ինչո՞ւ է ավիաընկերությունը թաքցնում իր անունը։ «Բրաբիոն-ֆլորա սերվիսից» փորձեցինք պարզել, թե ո՞ր ավիաընկերության մասին է խոսքը եւ ինչո՞ւ նրա անունը գովազդում չի հնչում։ «Բրաբիոնի» առեւտրային մենեջեր Լյովան (այդպես ներկայացավ) տեղեկացրեց, որ դա առեւտրային գաղտնիք է։ Ավելին, մենեջերը մեզ խորհուրդ տվեց ընդհանրապես չանդրադառնալ այս հարցին։ Ավիացիային մոտ կանգնած մեր աղբյուրներից փորձեցինք ճշտել, թե որ ավիաընկերությունն է այդ «բարեգործը»։ Ըստ այդ աղբյուրի, նախկինում «Բրաբիոնի» ծաղիկները Հոլանդիայից Հայաստան է տեղափոխել «Հայկական ավիաուղիները»։ Այդ ժամանակ, սակայն, տեղափոխումը չի ներկայացվել որպես բարեգործություն, այն կրել է զուտ առեւտրային փոխհարաբերությունների բնույթ։ Թեպետ, որոշ լուրերի համաձայն, այդ գործարքում էլ որոշակի ստվերային երեւույթներ են նկատվել։ Ավիացիայի բազմամյա մասնագետներից մեկին խնդրեցինք մեկնաբանել՝ արդյոք տեսականորեն հնարավո՞ր է նման բան։ Նրա գնահատմամբ, տեսականորեն անգամ որեւէ կազմակերպություն առանց առեւտրային շահի անվճար ծառայություն չի մատուցի։ Սակայն, հին ավիատորի գնահատմամբ, ցանկացած տեսական անհնարինություն մեր երկրում գործնականում հնարավոր է դառնում։ Նրա մեկնաբանությամբ էլ՝ հնարավոր է, որ տվյալ ավիաընկերության ղեկավարը եւ «Բրաբիոնի» տնօրենը, ասենք, եղբայրներ են կամ ընկերներ։ Ընկերաբարեկամական այս կապն էլ հնարավորություն է տալիս, որ ավիաընկերությունը իր թերբեռնվածության հաշվին «Բրաբիոնի» ծաղիկները երկրից երկիր տեղափոխվի անվճար։ Ընդ որում, դա կասկածի տեղիք չէր առաջացնի, եթե գովազդում հնչեր ավիաընկերության անունը։ Մնում է մտածել միայն, որ ավիաընկերությունը «Բրաբիոնին» մատուցվող ծառայությունները ցույց չի տալիս իր ծախսերում, հետեւաբար եւ պետությունից թաքցնում է հարկային իր պարտավորությունները։ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել