Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵՔ ԱՍՏԾՈՒՆ

Սեպտեմբեր 28,2002 00:00

ՄԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵՔ ԱՍՏԾՈՒՆ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության կամ աղանդի մասին շատ է խոսվել եւ գրվել: Մամուլում, ոչ միայն հայկական, հաճախ են հրապարակումներ լինում այդ կազմակերպության գործունեության վերաբերյալ, շատերս անձամբ ենք հանդիպել «վկաների», որոնք դռնեդուռ ընկած քարոզում են իրենց դավանանքը: Մենք կփորձենք հնարավորինս օբյեկտիվ վերլուծել այդ կազմակերպության էությունը, հասկանալ այն դրդապատճառները, որոնք տանում են բազմաթիվ մարդկանց դեպի այդ աղանդը: «Եհովայի վկաների» շարժման հիմնադիրը եւ առաջին ղեկավարը Չարլզ Թեյզ Ռասելն էր, որը 1870թ. հիմնել էր «Գրքերն ուսումնասիրողներ» անվանումը կրող մի խմբակ, այն հետագայում ստանում է «Եհովայի վկաներ» անվանումը: 1876թ. խմբակի անդամները նրան «ընտրում» են իրենց հոգեւոր հովիվ: 1879թ. Ռասելը սկսում է հրապարակել «Արշալույսի մունետիկ» անունը կրող պարբերականը, որը հետագայում վերանվանվում է «Դիտարանի»: Սկզբնական 6 հազար տպաքանակ ունեցող ամսագիրը այսօր հասել է շուրջ 20 մլն172ի եւ տպագրվում է 110 լեզուներով: Այսօր «Եհովայի վկաները» լավ կազմակերպված կառույց է՝ բազմաթիվ մասնաճյուղերով, տարբեր երկրներում: Եվ այն վճիռները, որոնք ընդունվում են կենտրոնում, որը գտնվում է Նյու Յորքի Բրուկլին թաղամասում, եւ տարածվում են գրականության եւ պարբերականների միջոցով, դառնում են պարտադիր գործելակերպ կազմակերպության բոլոր անդամների համար: Շուրջ երկամյա դիտարկումները, գրականության ուսումնասիրությունը, անձնական շփումները թույլ են տալիս որոշակի եզրակացություններ անել: Առաջինը՝ յուրաքանչյուր անհատ ունի հոգեւոր սննդի եւ հավատքի պահանջարկ: Եվ եթե այդ պահանջարկը թերի է բավարարված կամ չի բավարարված ընդհանրապես, ապա այդ խուցը լցվում է տարբեր, շատ անգամ ոչ մաքուր գաղափարախոսությամբ կամ կեղծ դավանանքով: Երկրորդ՝ «Եհովայի վկաների» ողջ քարոզչությունը նրբորեն, ենթագիտակցորեն ներազդում է մարդկային եսասիրության վրա, սրելով այդ զգացմունքը, որը կազմակերպության շրջանակներում վերածվում է կոլեկտիվ գերազանցության: Ըստ «վկաների», ողջ մարդկությունը բաժանված է երկու մասի, մնացած մարդկությունը՝ անգիտակից մեղք կրողները, որոնք չունեն ապագա, որոնց կյանքն ավարտվում է ֆիզիկական մահով եւ Աստծո ընտրյալները, Աստծո ժողովուրդը, այսինքն իրենք՝ «Եհովայի վկաները», որոնց սպասում է հավերժ կյանք երկրային դրախտում: Գաղափարախոսական առումով այստեղ ընդհանրություններ կարելի է տեսնել նացիզմի հետ, այնտեղ էլ ողջ մարդկությունը բաժանված էր առաջին եւ երկրոդ տեսակի: Երրորդ եզրակացությունը՝ «Եհովայի վկաները» իրենց համարելով քրիստոնյա, մերժում են քրիստոնեական այնպիսի դոգմաներ, ինչպիսին են Սուրբ երրորդությունը, հոգու անմահությունը, եւ խեղաթյուրում մի շարք այլ քրիստոնեական դրույթներ: Քրիստոնեությունը ես համարում եմ ամենաառաջադեմ կրոնը, որը նվազագույն սահմանափակումներ է դնում անհատի առջեւ. քարոզելով բարոյականություն եւ սեր, հիմքում ունենալով Չարի եւ Բարու իմացության եւ ազատ ընտրության հնարավորությունը, թողնում է սահմանափակումների կիրառումը յուրաքանչյուր մարդու խղճին: «Վկաների» սահմանափակումները շատ ավելի լայն են, նյութական եւ, ամենակարեւորը՝ չեն բխում բարոյական չափանիշներից, այս առումով «վկաների» դավանանքը ավելի մոտ է կանգնած իսլամին: «Վկաներին» արգելված է նշել ցանկացած տոն, մասնավորապես ծննդյան օր, այդ թվում՝ Սուրբ ծնունդը, Ամանոր եւ այլն: Գործել եւ գործում են բազմաթիվ այլ արգելքներ. մինչեւ 1952թ. արգելված է եղել վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումը, մինչեւ 1980թ.՝ հոգեբուժական օգնությունը, մինչ օրս արգելված է արյան փոխներարկումը, արգելված է ծխելը, թողնելով սահմանափակումները յուրաքանչյուր մարդու խղճին: Դրախտը, ըստ «վկաների», ստեղծվելու է երկրի վրա, Արմագեդոնից եւ Աստծո դատաստանից հետո: Սա յուրովի մեկնաբանության արդյունք է «Աստվածաշնչի» վերջին գլխի՝ Հայտնության: Ի դեպ, «Եհովայի վկաների» գաղափարախոսության եւ քարոզչության ողջ հիմքում ընկած է «Աստվածաշնչի» գրքերի յուրովի, ինքնատիպ մեկնաբանությունը: Ինչպես նշված է աղանդի հրապարակումներից մեկում, «Եհովայի վկաները» հավատում են, որ այս աշխարհում մեր ներկա կյանքը բոլորովին էլ այն չէ, ինչ իրականում սպասվում է: Այս պատճառով նրանք բացարձակ չեն մասնակցում հասարակական կյանքին, խուսափում են ռազմական ծառայությունից: Չորրորդ եզրակացությունը՝ քարոզչությունը կազմում է կազմակերպության գործունեության մեխը, ներկայացվում է, թե «վկաները» ուսումնասիրում եւ տարածում են «Աստվածաշնչի» գաղափարները, այդ նպատակով յուրաքանչյուր միտք արտահայտելուց մեջբերումներ են արվում «Աստվածաշնչից», պարտադիր նշելով աղբյուրի համարակալումը: Իրականում քարոզչությունը հիմնված է սեփական գրականության մեջ արտացոլված գաղափարների տարածման եւ ներկայացման վրա, «Աստվածաշնչից» մեջբերումները թերի եւ միակողմանի են, կտրված Սուրբ Գրքի ընդհանուր կոնտեքստից եւ կազմված են այնպես, որ «հիմնավորում» են «Եհովայի վկաների» գաղափարախոսությունը: Կազմակերպության հիմնական հրապարակումները՝ «Դիտարան» եւ «Արթնացեք» պարբերականներն են, ինչպես նաեւ առանձին թեմաներով տարբեր գրքույկներ: Հրապարակումները վերաբերում են զանազան թեմաների եւ սրում են ընթերցողի ուշադրությունը հասարակության բազմաթիվ պրոբլեմների վրա՝ աղքատություն, թմրամոլություն, շրջակա միջավայրի աղտոտվածություն, ահաբեկչություն եւ այլն, նրբորեն քարոզելով այն գաղափարը, թե տեսեք, ինչ վատն է մեր ներկայիս աշխարհը: Ի դեպ, աղանդի գործունեության ավելի քան հարյուրամյա ընթացքում նրա ղեկավարները պարբերաբար իրենց ուժն էին փորձում մարգարեության ոլորտում: 1872, 1874, 1914 եւ 1925 թթ. հայտարարվում էին աշխարհի կործանման տարեթվեր: Վերջին նման «մարգարեությունից» հետո (1975թ.), նմանատիպ կանխատեսումները դադարեցին, քանզի դա սպառնում էր աղանդի վարկանիշին եւ ուղղակի ծիծաղելի էր դառնում: «Աստվածաշնչի» իրենց հրատարակումներում կան որոշ մանր, առաջին հայացքից աչք չծակող անճշտություններ «հօգուտ» իրենց գաղափարախոսության: Այսօր շատ «վկաներ» չեն էլ ուզում լսել Ռասելի անումը, որը մտել է պատմության մեջ ոչ միայն որպես աղանդի հիմնադիր, այլեւ որպես բազմաթիվ մեքենայությունների հեղինակ (օրինակ՝ «հրաշք ցորենի» պատմությունը): Սակայն քարոզչության հիմքը դրվել է հենց հիմնադիր Ռասելի կողմից եւ հաջողությամբ գործում է առ այսօր: 1910թ. սեպտեմբերի 15-ի «Դիտարանի» համարում Ռասելը գրում է սեփական աշխատության մասին հետեւյալը. Իմ «Սուրբ գրքերի ուսումնասիրությունը» 6 հատորյակը, ըստ էության Աստվածաշունչ է, շարադրված ըստ թեմաների: Նրան կարելի է անվանել թեմատիկ Աստվածաշունչ: Այլ բառերով, դա ոչ թե սոսկ մեկնաբանություններ են, այլ բուն «Աստվածաշունչն» է: Առանց իմ գրքի մարդիկ ի վիճակի չեն հասկանալ Աստծո մտադրությունները: Եթե մարդիկ ընթերցեն միայն իմ «Սուրբ գրքերի ուսումնասիրությունը» եւ այն հղումները, որ այնտեղ կան, նրանք նույնիսկ առանց «Աստվածաշունչը» բացելու լուսավորված կլինեն Սուրբ Գրքերի լույսով: Այս խոսքերում ամփոփված է «Եհովայի վկաների» քարոզչական աշխատանքի էությունը՝ կարեւորը «Աստվածաշունչը» չէ, կարեւորը՝ ինչպես է այն մեկնաբանվում իրենց գրքերում: Մենաշնորհելով ճշմարտությունը, քարոզչության մեքենան անընդհատ հակադրում է կազմակերպության անդամներին մնացած մարդկությանը, միաժամանակ ներարկելով եւ ամրապնդելով գերազանցության զգացումը եւ միաժամանակ աղանդից վտարված լինելու վախը: Աղանդի ղեկավարությունը լիովին կենտրոնացած է իր ծրագրերի իրականացման վրա, իսկ շարքային անդամները, որոշ դեպքերում արդեն զոմբիացած, ընդամենը գործիքներ են, չհիշելով կամ անտեսելով այն պարզ ճշմարտությունը, որ բոլոր մարդիկ հավասար են Արարչի առջեւ, որ չի կարելի Աստծուն սեփականաշնորհել, որ այս կյանքը տրված է մեզ որպես ամենամեծ արժեք եւ փորձության ճանապարհ, եւ ինչպես մենք այն կանցնենք՝ կախված է մեր ընտրությունից եւ Աստծո կամքից: Իսկ Աստծո կամքը ամփոփված է Սուրբ Գրքում, եւ ոչ մի այլ գիրք չի կարող նրան փոխարինել: ՌՈՒԲԵՆ ՎԱԼԵՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել