Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԵԼՔ՝ ԿԻԼԻՄԱՆՋԱՐՈ

Սեպտեմբեր 28,2002 00:00

ՎԵՐԵԼՔ՝ ԿԻԼԻՄԱՆՋԱՐՈ Հայ լեռնագնացը որոշել է նվաճել նաեւ Հարավային Ամերիկայի Ակոնկագուա լեռը Ալեքսանդր Մայիլյանը 1984 թվականից մինչեւ 1991-ը զբաղվել է պրոֆեսիոնալ լեռնագնացությամբ՝ արդյունքում միջազգային սպորտի վարպետի կոչում է ստացել եւ լեռնագնացությունը կենսակերպ է դարձել նրա համար։ 2001 թվականին «Բժիշկներ առանց սահմանի» ծրագրով մեկնել է Աֆրիկա, Հարավային Սուդան, որտեղ քրիստոնյա դինկա ցեղն է բնակվում։ Իր երկու արձակուրդները Մայիլյանը անց է կացրել սարերում։ Առաջին արձակուրդի ժամանակ նա բարձրացել է Քենիայի գագաթը (5194 մ), իսկ հետո նվաճել Կիլիմանջարոն։ – Ի՞նչ անակնկալների հանդիպեցիք ճանապարհին։ – Քենիայի հրաբուխը արգելոց է համարվում եւ երեկոյան ժամը 6-ից հետո վերելքները դադարեցվում են. ճամբարում պետք է գտնվես։ Առաջին գիշերը անցկացրել եմ վրանում եւ ամբողջ գիշեր կապիկների ճիչը լսել։ Պարզվեց, նրանք իրենց աղաղակով զգուշացնում են վտանգի մասին։ Առավոտյան, երբ վրանից դուրս եկանք՝ կենդանու հետքեր նկատեցինք։ Դրանք հովազի հետքեր էին։ Պահապաններից իմացանք, որ գիշերը վայրի կենդանիներ են անցել ճամբարի մոտով։ – Ի՞նչ զգացումներով էիք նվաճում Կիլիմանջարոյի գագաթը։ – Վաղ առավոտ էր, քամի էր, մի քիչ ցուրտ։ Ես հիշեցի Հեմինգուեյի «Կիլիմանջարոյի ձյուները» պատմվածքը։ Այդ միտքը ինձ ուժ եւ վստահություն տվեց։ Գագաթը մեծ էր, հրաբխի խառնարանը՝ նույնպես։ Խառնարանի մեջ մի անտեսանելի խառնարան էլ կար, որը հնարավոր է լուսանկարել մեծ բարձրությունից՝ ինքնաթիռից։ Սառցադաշտը մոտ 15-20 մետր բարձրություն ուներ։ – Շփվելով բնիկների հետ՝ ի՞նչ դիտարկումներ ունեք նրանց սովորույթների, նիստուկացի վերաբերյալ։ – Յուրահատուկ է Սուդանում ավանդական կաթ խմելու մրցույթը, որը տարին երկու անգամ է անցկացվում։ Հաղթողին 2-3 կով կամ ցուլ է շնորհվում։ Մրցույթից 2-3 ամիս առաջ մասնակիցները մարզվում են։ Ուրիշ ոչնչով չեն զբաղվում՝ նստում են ծառի տակ եւ կաթ խմում։ Նիհարակազմ տղամարդիկ քաշը ավելացնում են, գիրանում, ճարպակալում։ Մրցույթի օրը ժողովուրդը հավաքվում է, երգում, պարում, մասնակիցները կաթ են խմում։ Օրվա վերջում որոշվում է հաղթողը։ Մահացու դեպքեր էլ են պատահում։ Երբեմն գերծանրաբեռնվածությունից պայթում է ստամոքսը։ – Բնիկները դիմո՞ւմ էին բուժօգնության, թե՞ օգտվում էին հեքիմների ծառայություններից։ – Նրանք հարգանքով էին վերաբերում բուժանձնակազմի աշխատանքին։ Օրը 450 մարդ վակցինացիա էր անցնում։ Հազվադեպ էին դիմում հեքիմի օգնությանը։ Բացասական ներազդի դեպքում բուժողին շաման էին անվանում, գյուղով մեկ նրա ետեւից ընկնում եւ ծեծում մահակներով։ Դրանից հետո դիմում էին պրոֆեսիոնալ բժշկի օգնությանը։ – Հայաստանի լեռնագնացների ակումբի անդամների հետ փորձ եք կատարել նվաճել Արարատը։ – 1991 թվականի աշնանը կայացավ առաջին հայկական արշավը դեպի Արարատ։ Թուրքական կողմն էր մեզ հրավիրել, նրանք էին հոգացել մեր բոլոր ծախսերը։ Արարատից մենք հող էինք բերել մեզ հետ, որը կաթողիկոս Վազգեն Առաջինին մատուցեցինք։ Հետմահու կատարեցինք նաեւ Հովհաննես Շիրազի երազանքը. Արարատ լեռան հողը մենք շաղ տվեցինք Շիրազի շիրիմին։ – Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում։ – Գարնանը պլանավորել ենք նվաճել Էվերեստը։ Մարզվելու համար ձմռանը ուզում ենք գնալ Հարավային Ամերիկա եւ նվաճել Ակոնկագուա լեռը։ Մտադրված ենք վերելք կատարել Մաք Կինլի։ Այդ լեռը մենք երկու անգամ նվաճել ենք, դա Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր կետն է։ Հետագայում ծրագրել ենք հասնել Հարավային բեւեռ՝ Անտարկտիդա։ ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել