Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄ ԾԵԾԵՑԻՆ, ՀԱՄ ՏԱՐԱՆ

Սեպտեմբեր 28,2002 00:00

ՀԱՄ ԾԵԾԵՑԻՆ, ՀԱՄ ՏԱՐԱՆ Սեպտեմբերի 26-ին, ժամը 16.30-ից հետո ԳՈՒՄ-ին հարող հրապարակը լեփ-լեցուն էր մարդկանցով, սակայն ոչ միտինգ էր, ոչ էլ Ազգային ժողովի նիստ, թեեւ մարդիկ պատգամավորների պես բարձրաձայն գոռգոռում էին ու իրար քաշքշում։ Մոտենալով, ամբոխի մեջ նշմարեցի մի տղամարդու, որին մի խումբ կարմիր բերետավորներ խփելով ու կոպիտ հրմշտելով տանում էին դեպի փողոցում կանգնած «Երազ» մեքենան։ «Ձերբակալվածին» հրելով ներս, մի քանի հոգի բարձրացան հետեւից, նստեցին եւ մեքենան սլացավ «հանդիսատեսների» համար անհայտ ուղղությամբ։ Ականատեսների դժգոհության ալիքը գագաթնակետին հասավ, իրար հերթ չտալով բղավում էին. – Խուժանությունը տիրել է երկրին, չեն թողնում մարդիկ ապրեն։ – Ոչ աշխատանք կա, ոչ փող։ Չեն թողնում մի կտոր բան ծախենք՝ հացի փող անենք։ – Գոնե թողնեն մարդ իր քրտինքով ապրի։ Հարցրի. ի՞նչ է պատահել, չորս կողմից վրա տվեցին. «Մարդը ձուկ էր բերել, որ վաճառի, ասացին՝ հավաքիր ու հեռացիր։ Ընդամենը հակաճառեց, թե թողեք ծախեմ, Սեւանից բերել եմ այստեղ հասցրել։ Ձուկը ոտնատակ արին, տղային շան ծեծ տվին, վերջն էլ բռնեցին տարան»։ Ամբոխի մեջ բարձրաձայն հեկեկում էր «հանցագործի» մայրը, որին աշխատում էին հանգստացնել, հույս տալ շուրջը խմբված կանայք։ Թե ինչ կազմակերպությունից էին կարգուկանոնի այդ «անխոնջ պաշտպանները»՝ «բերետավորները» հրաժարվեցին պատասխանել։ Եվ, վերջապես, կարեւորը դա չէ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ պետք է վերջ տրվի փողոցային առեւտրին, որ պետք է արգելել շուկայամերձ տարածքում եւ առհասարակ (այսօր ամբողջ քաղաքն է դարձել «շուկա բաց երկնքի տակ») փողոցներում կատարվող սննդամթերքի վաճառքը։ Բայց դա նշանակո՞ւմ է, որ այդ գաղափարն իրագործելու համար պետք է վայրենի մեթոդներ կիրառել։ «Առագաստ» սրճարանի ողբերգական դեպքը խրատ չեղա՞վ։ Չպետք է մոռանալ, որ դիմացինը ընչազուրկ, սոված, հուսահատ մարդ է, որը դուրս է եկել օրվա հացի փնտրտուքով ու նրա վերադարձին են սպասում «մի տուն լիքը մանուկներ»։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել