Լրահոս
Օրվա լրահոսը

Շուկայից դուրս՝ շուկա

Սեպտեմբեր 28,2002 00:00

Շուկայից դուրս՝ շուկա Քաղաքապետն իր պաշտոնավարության առաջին օրից, ավանդույթի համաձայն, սկսեց քաղաքի աղբահանության, սանիտարական աշխատանքներ ծավալելու, ինչպես նաեւ փողոցային առեւտուրը վերացնելու մասին խոսել։ Սակայն, դատելով մայրաքաղաքի տարբեր համայնքների բնակիչների՝ «Առավոտին» հղած դիմում-բողոքներից, իրենց համայնքների ղեկավարներին քաղաքապետի ասածն ակնհայտորեն քիչ էր հետաքրքրել։ Կամ, եթե մտահոգել էր, ապա, բնակիչների կարծիքով, առկա երեւույթների վրա պատասխանատուների կողմից աչք փակելն իսկական ջայլամություն է։ Թերեւս այդ է պատճառը, որ մայրաքաղաքում օրինականորեն գործող այս կամ այն շուկայի սահմաններից դուրս, անօրինականորեն ծավալված առեւտուրը ծաղկում է։ Մեր դիտարկումներով, նշյալ երեւույթն առկա է հատկապես գյուղմթերքների վաճառքով զբաղվող շուկաների շրջակայքում եւ որ իրականացվող առեւտուրն ավելի եկամտաբեր է ոչ միայն վաճառողի, այլեւ համապատասխան շուկայի տիրոջ գրպանի համար։ Այսօր մայրաքաղաքի շատ շուկաներին բնորոշ վիճակում է նաեւ Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող գյուղմթերքների առուվաճառքով զբաղվող շուկայի շրջակայքը։ Կեսօրվա «խայտաբղետ» իրարանցումն ու գիշերային «շուկայական հարաբերությունները» ոչ միայն ասիական շուկա են հիշեցնում, այլեւ հակասանիտարական վիճակ ստեղծում։ Մինչդեռ շուկայի ներսում ազատ վաճառասեղաններ կան, սակայն վաճառողները գերադասում են առեւտուրն իրականացնել մայթերին։ Վերջինս առեւտրականների համար (եւ ոչ միայն) ձեռնտու տարբերակ է։ Խնդրի առնչությամբ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնի պետ Դավիթ Օհանյանը փորձում էր հավատացնել, որ այդ հատվածում նման խառնաշփոթ ստեղծվում է միայն, երբ գյուղացին իր ապրանքը բերում է վաճառելու։ Այնինչ, «Առավոտի» պարբերաբար՝ օրվա տարբեր ժամերի տեղում ուսումնասիրություններ կատարելու փաստը այլ բան էր հավաստում։ Թաղապետարանից նաեւ պարզեցինք, նշյալ գյուղմթերքների շուկան «Սիմոն եւ Հակոբ թոռնիկներ» ՍՊԸ-ն է տնօրինում։ Ի դեպ, շուկայի հսկիչներից մեկին եւ փոխտնօրենին (համենայնդեպս իրենք իրենց այդպես անվանեցին- Լ. Բ.) բոլորովին դուր չէր եկել «Առավոտի»՝ ինչպես իրենք անվանեցին, «իրենց օջախում նկարահանումներ» անելը (նկատի ունեն լուսանկարելը- Լ. Բ.)։ Մինչդեռ «նկարահանումներն» իրականացվում էին շուկայի՝ օրենքով նախագծված սահմաններից դուրս, իսկ «նկարահանվողներն» էլ բոլորովին չէին դժգոհում դրանից։ Երբ հարցը բավականին հնչեղություն ստացավ, քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, թե իբր «այս պահից սկսած Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանը շուկայի դիմացի փողոցն առեւտրից ազատելու աշխատանքներ է տանում»։ Ասվածին հետամուտ, «Առավոտը» օպերատիվ արձագանքմամբ հայտնաբերեց, որ թաղապետարանի «ջանքերը»՝ փողոցն առեւտրից ազատել, ապարդյուն են անցել։ Եվ այդ օրը եւ այս պահի դրությամբ էլ փողոցային առեւտուրը եռում է։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել