Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱ ՍԿՍՈՒՄ Է ԲԱՐԿԱՆԱԼ

Սեպտեմբեր 28,2002 00:00

ՆԱ ՍԿՍՈՒՄ Է ԲԱՐԿԱՆԱԼ ԱՄՆ մի շարք պետական գործիչներ չեն ընդունում, որ իրենց երկիրը միջամտում է այլ պետությունների «գործերին»։ Սակայն այս գերտերության՝ աշխարհի վրա ունեցած ազդեցության պատճառով այդ զանազան միջամտությունները ստացվում են ինքնըստինքյան։ Ընդ որում, այդ ազդեցությունները տարածվում են ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական զարգացումների վրա։ Որոշ վերլուծաբանների կարծիքով, Իրան-Հայաստան գազատարի կառուցման ձգձգման հարցում ԱՄՆ-ի կամքը, այսինքն չխրախուսելը, վերջին պատճառը չի, ինչը ամերիկացի պաշտոնյաներն, իհարկե, ժխտում են։ Հայ լրագրողների հետ ունեցած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն այս առիթով հայ լրագրողներին ասաց՝ հասկանում ենք, որ հարեւան եք, որ Իրանը պատերազմի ժամանակ Հայաստանի համար միակ կյանքի ճանապարհն էր, հասկանում ենք, որ էներգետիկայի բնագավառում Հայաստանը կարիքներ ունի։ Բայց ըստ այս բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք չցանկացան, որ իրենց անունը կամ պաշտոնը նշվի, կարելի է ասել, որ երկու Իրան կա։ Մի Իրանը ձգտում է ներգրավվել աշխարհի համայնքի մեջ, մյուսը, ցավոք, Իրանի որոշ ղեկավարների կամքով, շարունակում է աջակցել միջազգային ահաբեկչությանը այն աստիճանի, որ Ալ Քայեդայի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս գործունեություն ծավալել Իրանի տարածքում։ Ինչ վերաբերում է գազատարին, ապա, ԱՄՆ պաշտոնյաների մեկնաբանությամբ, դրա կառուցման տասնամյա ձգձգումը ոչ թե այն պատճառով է, որ ԱՄՆ-ն «ոչ» է ասում, այլ, որ ոչ Իրանը, ոչ Հայաստանը ցանկություն չի հայտնում բավականաչափ միջոցներ տրամադրել կառուցման համար։ Այստեղ չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ Հայաստանը շարունակում է ԱՄՆ-ից զանազան ֆինանսական աջակցություններ ստանալ, որոնք կարող է եւ այլեւս չստանալ, կամ մասամբ ստանալ գազատարի համար թեկուզ այլ աղբյուրներից միջոցներ ճարելու եւ կառուցելու դեպքում։ Մեկ այլ պաշտոնյա խորհուրդ տվեց գազատարի ուշացման փաստը կապել Ղարաբաղի խնդրի լուծման հետ. երբ այս հարցը լուծվի, ավելի շատ միջոցներ կլինեն։ ԱՄՆ-ն նույնպիսի մեծ ազդեցություն ունի նաեւ ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման վրա, երեւի նույնպես առանց միջամտության։ «Առավոտի» հարցին, թե ԱՄՆ-ն որքան երկար կարող է համբերատար սպասել խնդրի լուծմանը, թե՞ գուցե կգա մի ժամանակ, երբ կարող է որոշակի լուծում պարտադրել, ԱՄՆ պետական համակարգի ներկայացուցիչներից մեկն ասաց, որ 99,9 տոկոսով համաշխարհային մասշտաբով ոչ մի լուծում չի պարտադրում Ամերիկան։ Ըստ աղբյուրի, ԱՄՆ-ն լուծում պարտադրում է միայն այն դեպքում, երբ դա իրենց ազգային շահերին է վերաբերում, դա նշանակում է, որ ԼՂ հարցում ոչինչ չենք կարող պարտադրել, սակայն՝ միեւնույն ժամանակ ինձ դուր չի գալիս անընդհատ սպասելու այդ գաղափարը։ Ըստ երեւույթին, տարածաշրջանը պետք է սպասի հաջորդ նախագահական ընտրություններին, կարծում է ԱՄՆ պաշտոնյան։ Շարքային հայաստանցիներս հույսեր ենք փայփայում, որ ԼՂ խնդրի վերջնական լուծումը պետք է տան ժողովուրդները՝ հանրաքվեի միջոցով, մինչդեռ ԱՄՆ մեր զրուցակից պաշտոնյաներից մեկը, թե՝ բոլորովին էլ վստահ չեմ, որ հանրաքվե է անցկացվելու։ Մյուս կողմից, նույն աղբյուրը կարծում է, որ երկու նախագահները պետք է վստահ լինեն, որ իրենց որոշումներն ընդունելի կլինեն իրենց խորհրդականների, ժողովրդի մեծ մասի համար։ Իսկ ի՞նչ կլինի, եթե այդ մեծ մասը չընդունի՝ պաշտոնյան չմասնավորեցրեց։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել