Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիան հիվանդություն է

Սեպտեմբեր 28,2002 00:00

Կոռուպցիան հիվանդություն է Այն պետք է բուժել Մինչ հանրապետության նախագահը պարծենում է, թե Հայաստանում խթանվում են ներդրումները, եւ Հայաստանը վստահելի երկիր է ներդրումներ կատարելու համար, արդեն ինը տարի Հայաստանում ապրող International Legal Consulting կազմակերպության գործադիր տնօրեն Էդիթ Խաչատրյանը հայտարարում է, թե ինքը հոգնել է Հայաստանում եւ, որ այլեւս քչերն են համարձակվում ներդրումներ կատարել։ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած հերթական սեմինարը նվիրված էր ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի քննարկմանը։ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման փորձագետների ընկերակցության նախկին նախագահ տիկին Արշալույս Ճգնավորյանը, մասնավորապես գնահատելով կոռուպցիան, ասաց. «Կոռուպցիան մի հիվանդություն է, որը գոյություն ունի, քանի որ մարդիկ լուռ են, վախենում են, չեն կարող խոսել»։ Տիկին Ճգնավորյանը կարծում է, որ ժողովրդավարությունը մեծ դեր ունի կոռուպցիայի առաջն առնելու գործում. «Խորհրդարանը, ընդդիմությունը պետք է իրավունք ունենան խոսել։ Շատ երկրներում ընդդիմությունը գործում է մեկ սկզբունքով՝ դու գնա, ես գամ, բայց դա չէ ընդդիմության դերը։ Ընդդիմությունը պետք է հրապարակ հանի այն, ինչ կատարվում է երկրում, հետո կորոշվի, թե ով է գալու»։ Արշալույս Ճգնավորյանը ճիշտ չի համարում ժողովրդավարության այսօրվա վիճակը՝ կարծում են, ընտրությունների ժամանակ «թուղթ» գցելով դեմոկրատիա են հաստատում. «Դժբախտաբար, ժողովրդավարությունը ճիշտ չի հասկացվում, ամերիկացիները, եվրոպացիները եկել են, պարզաբանել են, թե դեմոկրատիան նրա համար է, որ գնաս թուղթ գցես, ընտրես։ Պակիստանի մեջ գնա թուղթ գցի՝ ընտրի։ Դա դեմոկրատ երկի՞ր եղավ։ Իրականության մեջ Պակիստանը դեմոկրա՞տ երկիր է։ Կամ՝ Թուրքիան։ Արդյո՞ք դեմոկրատ երկիր է Թուրքիան։ Ոչ, զենքն ու զրահն են այնտեղ իշխում. ո՞վ կարող է այնտեղ խոսել։ Դժբախտաբար, ամերիկացիները դեմոկրատիան ամբողջովին չեն ներմուծում ուրիշ երկրների մեջ, միայն մտածում են, որ դիտորդները գան-նայեն, որ թղթերը ճիշտ են լցվել։ Սա դեմոկրատիա չէ, սա շատ կարճ եւ խաբուսիկ պրոցես է։ Խաբում ենք մենք ժողովրդին այս պրոցեսը սկսելով»։ Սեմինարի մասնակիցներից Մանուկ Հարությունյանն իր հերթին նկատեց, որ ժողովրդավարությունը շատ թանկ հաճույք է, հետեւաբար՝ կոռուպցիան լինելու է. «Եթե բարձր չվարձատրեն, գումարած մեր մշակութային եւ հոգեբանական ավանդույթները՝ վերցնելու են այնքան, ինչքան որ կամենան։ Ինչպիսի հակակոռուպցիոն օրենքներ էլ վերցնենք, մեր դաշտում չեն գործելու»։ Տիգրան Ջրբաշյանի ներկայացմամբ՝ կոռուպցիան եւ ներդրումներն ամենեւին էլ պարզ համադրության մեջ չեն, եւ կոռուպցիան հետեւանք է եւ ոչ թե հիվանդություն. «Կոռուպցիան հետեւանքն է այդ հիվանդության։ Հիվանդությունը պետք է բուժել, հակառակ դեպքում՝ միշտ էլ կլինի կոռուպցիան»։ Սեմինարի մասնակիցներից մեկը նշեց, որ կոռուպցիան միշտ էլ եղել է եւ կլինի, քանի որ սպասված է, քան բարեւը։ Եթե մեկը մեկին բարեւ է տալիս, ոչ ոք չի ընդունում՝ չհասկանալով, թե դա ինչ է, բայց կաշառքը բոլորն ընդունում են, սակայն կոռուպցիայի վերջն էլ կա. «Իզուր չեն ասում, որ եթե հայրը թթու շատ կերավ, երեխայի ակռաները կփչանան։ Ի վերջո, մի օր պիտի գա բարելավման համաշխարհային պրոցեսը, եւ ամենքը պատասխան պիտի տան»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել