ԱՎՏՈԿԱՆԳԱՌԸ՝ ՄԵԾ ԽՆԴԻՐ «Զվարթնոցում» Է. Էրնեկյանի ծրագրած առաջին աշխատանքը վազքուղու՝ միջազգային չափանիշներով բարեկարգումն է։ Եվ այդ կապակցությամբ, ասում են, որ միառժամանակ թռիչքների ժամերի փոփոխություններ կլինեն։ Դեռեւս ոչ ոք չգիտի «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.»-ն մինչ օրս որքան ներդրում է կատարել կամ խոստացածից որքանն է կատարելու ապագայում։ Եկամտի լուրջ աղբյուր են «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառները։ Օդակայանի տարածք մուտք գործող յուրաքանչյուր ավտոմեքենայի համար համատարած 500 դրամ է գանձվում։ Եվ ոչ մի նշանակություն չունի՝ հինգ րոպե, թե երկու ժամ է զբաղեցվում ավտոկանգառը։ Սա տարածվում է նաեւ օդակայանի, Հայկական ավիաուղիների, ավիացիայի աշխատակիցների վրա, որոնք օրական երկուսից ավելի անգամ գործի բերումով մուտք ու ելք են անում։ Մեր տվյալներով, օդանավակայանի միայն ավտոկանգառից ստացված ամսական եկամուտը մոտ 30.000 դոլար է կազմում։ Այսինքն՝ «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.»-ն ավտոկանգառից ստացված եկամուտներով կարող է սկսել վազքուղու վերակառուցումը՝ խնայելով խոստացած ներդրումները։ Խոսում են միջազգային չափանիշներից, սակայն իրենք իսկ չեն պահպանում դրանք։ Այդ ո՞ր մի քաղաքակիրթ երկրում է հինգ րոպե կամ հինգ ժամ ավտոկանգառի համար նույն վճարը պահանջվում… «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.»-ի ղեկավարության նորարարություններից մեկն էլ օդակայանի տարածքների վարձակալության տալու պայմաններն են։ Ըստ մեր տեղեկությունների, վարձակալության տրվող տարածքների նվազագույն չափը 10 քմ է եւ 1 քմ-ի վարձակալությունը՝ մոտ 60$։ Վարձակալության հետ միաժամանակ պետք է թույլտվության համար վճարել եւս 400$, ապա ամսական եկամուտների 10%-ը «Զվարթնոցի» ղեկավարությանն է։ «Օդակայանը կարծես «փայ» է մտնում քո բիզնեսի մեջ»,- ասաց մի քաղաքացի, որը փորձել էր տարածք վարձակալել օդակայանում։ «Արդյունքում, ինչ էլ անես՝ վնասով ես աշխատելու՝ հաշվի առնելով օրենքով պահանջվող պարտավորություններն ու անհրաժեշտ ծախսերը, սկսած աշխատակիցներիդ աշխատավարձից, ապահովագրությունից, էլեկտրաէներգիայի եւ այլ ծախսերից, հարկերից եւ այլն»,- շարունակում է զրուցակիցս։ Ինչ խոսք, այս ամենը լուրջ քննարկման նյութ է եւ դեպքերի ու կարծիքների շարադրումից հետո կներկայացնենք նաեւ «Զվարթնոցի» ղեկավարության մեկնաբանությունները։ Մի քանի փոքր գործարարների կարծիքով, մի բան է, թերեւս, ավելացրել «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.»-ն, դա չափից ավելի թղթարարությունն է, ինչպես, օրինակ՝ մոտ 10 քմ տարածքի վարձակալության համար տրվող 30-ից ավելի էջանոց հոծ պայմանագրերը։ Ս. Ս.