Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը շարժվում է Հունանյանի սցենարով

Սեպտեմբեր 28,2002 00:00

Ռոբերտ Քոչարյանը շարժվում է Հունանյանի սցենարով «Չե՞ք կարծում, որ նախագահին Շիրխանյանի ներկայացրած ցուցակը «27»-ի շարունակությունն էր»,- դատարանում այսպիսի հարցապնդում էր արել ոճրագործների խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը: Այս հարցի կապակցությամբ տարածքային կառավարման նախկին նախարար Վահան Շիրխանյանը նկատում է, որ ներկայացվել է ոչ թե մեկ, այլ՝ 2 ցուցակ: «Մեկը հայտնի ցուցակն է, որն այդ պահին անհրաժեշտություն էր, խիստ անհրաժեշտություն: Դա պատասխանատվություն էր, որ ցուցակում ներգրավվածները ստանձնելու էին պետության, երկրի առջեւ: Այդ ցուցակից որեւէ մեկն այսօր չկա կառավարման համակարգում: Բայց ներկայացվել էր եւս մի ցուցակ, որն իր հետ բերել էր ոճրագործը: Ահա այս ցուցակում ընդգրկված 90-100 հոգուց մի քանի տասնյակ մարդ այսօր կառավարության կազմում է եւ զբաղեցնում է պատասխանատու պաշտոններ: Հիմա ո՞րն է «Հոկտեմբերի 27»-ի շարունակությունը»,- հարցնում է պարոն Շիրխանյանը: Ի դեպ, Վահան Շիրխանյանը ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը առայժմ ամեն ինչ անում է այնպես, ինչպես ծրագրել էր Նաիրի Հունանյանը. «Օրինակ հենց «Ա1+»-ի փակումը: Նաիրի Հունանյանը իր ծրագրում նշել էր, որ պետք է փակել այն հեռուստաընկերությունները, որոնք դուրս են պետական հսկողությունից: Քոչարյանը հենց այդպես էլ արեց, կարծես կատարելով ոճրագործի պահանջը»: Վահան Շիրխանյանի կարծիքով, «Հոկտեմբերի 27»-ը չի բացահայտվի, քանի դեռ քննվում է քրեական ոլորտում: «Դա քաղաքական, պետական հանցագործություն էր, եւ պետք է քննարկվի ու քննությունը տարվի քաղաքական դաշտում: Միայն այդ կերպ է հնարավոր գործի բացահայտում»: Ընդհանրապես, այսօրվա իշխանությունը վարում է բացահայտ հակավազգենական, հակադեմիրճյանական քաղաքականություն: Ոչ միայն ոճրագործների հանդեպ վերաբերմունքի մեջ, այլ՝ տնտեսական, արտաքին քաղաքականության ոլորտում: «Հատկապես արտաքին քաղաքականության հանձնվողական կեցվածքում: Ի՞նչ է կատարվում ներքին քաղաքականության մեջ՝ առուծախ, ալան-թալան. մի բան, որ երբեք հնարավոր չէր լինի Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի գոյության պարագայում»: «Հնարավո՞ր է այսօրվա իշխանությունների վերարտադրում» հարցին Վահան Շիրխանյանը պատասխանեց. «Նրանք չունեն մեծամասնության աջակցությունը, չունեն ժողովրդականություն, բայց ունեն ցանկություն եւ, ամենակարեւորը, հնարավորություն: Վարչական ընտրական մանիպուլյացիաների մեքենան հղկված է Հայաստանում ծայրաստիճան: Եվ եթե Ռոբերտ Քոչարյանը առաջադրվի ու երկրորդ անգամ հակասահմանադրական ճանապարհով գրանցվի որպես թեկնածու, այդ մեքենան սկսելու է աշխատել եւ անելու է իր գործը»: Իսկ ընդդիմության խնդիրն, ըստ Վահան Շիրխանյանի, ժողովրդի քվեին տեր կանգնելն է: «Պետք է ապահովել այնպիսի վիճակ, որ ժողովուրդն ինքը ընտրություն կատարի: Իսկ ժողովուրդը կկատարի ճիշտ ընտրություն»: Ի դեպ պրն Շիրխանյանը խորհուրդ է տալիս ընդդիմությանը՝ դատական կարգով վիճարկել մարդահամարի բացահայտ կեղծ /3,4 մլն մարդ/ արդյունքները: «Դա իշխանության ռեսուրսն է եւ այն անպայման կօգտագործվի»: www.a1plus.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել