Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱԼՈՄՈՆՅԱՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբեր 28,2002 00:00

ՍԱԼՈՄՈՆՅԱՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ Եվրոպայի խորհրդի փորձագետ Իվ Սալոմոնը վերլուծություններ ու դիտողություններ է ներկայացրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի վերաբերյալ, որոնց հիման վրա փոփոխվելու է այն: Դիտողությունների մի զգալի մասի կենսագործումը վտանգավոր կլիներ մեր պետության համար: Ո՞վ է Սալոմոնը Տիկին Իվ Սալոմոնը Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Ռադիովարչության իրավական ծառայությունների տնօրենն է: Այն, որ նա ավելի շատ ռադիոոլորտի մասնագետ է՝ իր արտահայտությունն է գտել նաեւ զեկույցում: Այստեղ արտացոլվել է նաեւ Հայաստանի իրականությանը նրա բնական անտեղյակությունը, այլապես, ասենք, այդքան շատ առաջարկներ չէին վերաբերի արբանյակային հեռարձակմանը: Մինչդեռ նշանակումները քաղաքական էին ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն «Առավոտին» տված հարցազրույցում պատմելով ԵԽ փորձաքննության մասին, նշել էր, թե ուշադրության չեն արժանացել Ազգային հանձաժողովի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմավորման կարգի վերաբերյալ Հայաստանի ընդդիմության առարկությունները: Մինչդեռ տիկին Սալոմոնի այս ծավալուն եզրակացության մեջ (միայն հայերեն թարգմանությունը կազմում է 40 համակարգչային էջ) բազմաթիվ են այս կարգի դիտարկումները. «Ժողովրդավարական հասարակության մեջ էլեկտրոնային հեռարձակման վերստուգողի համար կենսական նշանակություն ունի իշխանությունից անկախ գործելու հնարավորությունը: Թեեւ անսովոր չէ, երբ կառավարության կազմից (կամ կառավարության որոշակի մարմիններից) անձինք են նշանակվում վերահսկիչ օրգաններում, սակայն շատ կարեւոր է, որ այդ նշանակման գործընթացը լինի (…) զերծ անհարկի քաղաքական ազդեցությունից»: Իվ Սալոմոնի գնահատմամբ՝ օրենքում «Նախագահի կողմից անդամների նշանակման գործընթացը կարծես չի կանոնակարգված՝ ապահովելու, որ նշանակումները չկրեն քաղաքական բարերարության բնույթ»: Եվս մի դիտարկում մեջբերենք Ազգային հանձնաժողովին վերաբերող 39 հոդվածի առնչությամբ. «Անհրաժեշտ է, որ անդամների նշանակումը լինի պարզ եւ թափանցիկ գործընթաց, որը կբացառեր նախագահի կողմից քաղաքական նշանակումները: Դրանք պետք է լինեն այս գործի համար լավագույն մարդիկ, ովքեր ի զորու են պահպանել կառավարությունից իրենց անկախությունը»: Սա խստացում չէ Տիգրան Թորոսյանը նաեւ պատմել էր, թե առաջարկվում է ավելի խստացնել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը: Սակայն, մեր տպավորությամբ, հակառակն է: Բազմաթիվ են առաջարկները, որոնց ընդունումը թերեւս ձեռնտու լինի հեռուստառադիոընկերություններին: Ասենք, առաջարկվում է վերանայել օրենքի 15 հոդվածը, ըստ որի՝ արգելվում է լրատվական թողարկումների կամ քաղաքական հաղորդումների բարեգործական հովանավորությունը: Առաջարկվում է չարգելել հեռուստառադիոընկերություններին զբաղվել այլ բիզնեսով, թույլատրել նրանց փոխանցել կամ վաճառել հեռարձակման արտոնագիրը: Վերացման ենթակա է դիտվում նաեւ 17 հոդվածում ամրագրված այն սահմանափակումը, թե «հեռուստառադիոընկերությունների հիմնադրման ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի հեռարձակող կազմակերպության որոշումների ելքն ապահովող կապիտալի չափից»: Փորձագետի գնահատմամբ՝ այս արգելքը կարող է բացասաբար անդրադառնալ տնտեսության վրա: Իսկ սահմանափակման վերացումը որքանո՞վ անվնաս կլինի ազգային անվտանգության տեսակետից: Եվ սա դեռ միակ երկիմաստ առաջարկը չէ: Ազատ եթեր աղանդների՞ն Եվրախորհրդի փորձագետի ամենաբուռն առարկություններին արժանացել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 17 հոդվածի այն դրույթը, ըստ որի՝ մասնավոր հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներ չեն կարող լինել կրոնական կազմակերպությունները: Իվ Սալոմոնը գտնում է, որ սա հակասում է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության 10-րդ հոդվածին, ըստ որի՝ յուրաքանչյուրն ունի արտահայտման իրավունք, «ինչպես նաեւ՝ տեղեկություններ ու գաղափարներ փոխանակելու իրավունք՝ առանց պետական միջամտության եւ անկախ սահմաններից»: Փորձագետն այս առնչությամբ նաեւ սեփական երկրից մի օրինակ է բերել, թե Եվրոպական դատարանն առիթ ունեցել է քննել կրոնական կազմակերպությունների իրավունքների սահմանափակման հայցով Բրիտանիայի կառավարության դեմ հարուցված մի գործ, որում նա մեղադրվում էր կրոնական մարմիններին Ազգային ռադիոյի արտոնագրի իրավունքից զրկելու համար. «Այս առումով հարկ է, որ Հայաստանի Հանրապետությունն էլ լրջորեն ծանրութեթեւ անի եւ, թերեւս, հարկ լինի դիմել մասնագիտացված իրավաբանական խորհրդատվության, թե առիթի դեպքում ինչպե՞ս պիտի Ստրասբուրգում պաշտպանի կրոնական մարմնի կողմից՝ ՀՀ օրենքում կրոնական սեփականության կտրուկ արգելքի վերաբերյալ իր դեմ հարուցված նման հայցը»: Ընդդեմ պետական լեզվի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի ամենակարեւոր դրույթներից են, մեր կարծիքով, 5-րդ եւ 10-րդ հոդվածում պարունակվողները: Մասնավորապես, որ Հայաստանի տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն հայերենն է, որ «հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը» եւ վերջապես, որ օտար լեզուներով հեռուստառադիոհաղորդումները պիտի հեռարձակվեն հայերեն համաժամանակյա թարգմանությամբ: Թեեւ առնվազն վերջին կանոնը պահպանում է իրեն քիչ թե շատ հարգող ցանկացած պետություն՝ Եվրախորհրդի փորձաքննության մեջ նշվում է, որ այդ հոդվածները չեն համապատասխանում միջազգայնորեն ճանաչված՝ «անսահմանափակ վերահեռարձակման իրավունքի» պահանջներին: Հետաքրքիր է, այդ իրավունքը չի՞ գործում թեկուզ նույն Անգլիայում, որտեղ անգլերենից բացի՝ չկան այլ լեզվով հեռուստահաղորդումներ: Ընդդեմ հայրենական արտադրության Նույն առարկությանն է արժանացել օրենքի 9-րդ հոդվածը, ըստ որի՝ հայրենական արտադրության հաղորդումները պիտի ընդհանուր եթերաժամի 65%-ից պակաս չլինեն: «Իրատեսակա՞ն են արդյոք հայկական արտադրանքի նկատմամբ անցումային պահանջները, հաշվի առնելով, որ Հայաստանի հեռարձակման արդյունաբերությունը հարաբերականորեն երիտասարդ է,- հարցնում է Իվ Սալոմոնը:- 65% ազգային քվոտայի պահանջը կարող է անիրագործելի լինել, եւ պետք է մտածել, թե՛8217 ազգային քվոտան նվազեցնելու, թե՛ այդ կատեգորիան ընդհանրապես եվրոպական արտադրանքի վրա տարածելու մասին: Ազգային քվոտայի մեկ այլ թերությունն էլ այն է, որ դա կարող է վանել հայկական հեռարձակման արդյունաբերության մեջ օտարերկրյա ներդրումները»: «Եվրոպական այլ երկրների արտադրության ծրագրերը նույնպես պիտի հնարավորություն ունենան հեռարձակվել Հայաստանում»,- նշում է ԵԽ փորձագետը: Նա հուսով է, որ այդ հնարավորությունը նաեւ հայկական հեռուստաալիքներին կտրամադրվի այլ երկրներում: Եվ մենք էլ ենք հուսով, որ, ասենք, «ԱԼՄ»- ի Տիգրան Կարապետյանը կկարողանա նաեւ Եվրոպայի հեռուստադիտողներին ներկայացնել իր խորիմաստ եզրահանգումները՝ «բյուջեն պիտի լցվի» կամ «մեդալն ունի երկու երես» թեմաներով: Ի պաշտպանություն ընդդիմության Իվ Սալոմոնն իր եզրակացության մեջ բազմիցս անդրադարձել է, թե իշխանությունները կարող են չարաշահել օրենքով իրենց ընձեռված՝ պաշտոնական հայտարարություններ անելու համար եթերաժամանակի հնարավորությունը. «Առանց պարզորոշ սահմանազատելու, թե որն է պաշտոնական հայտարարությունը ու նման հայտարարություններին տրամադրվող հեռարձակման ժամանակը սահմանափակելու՝ խիստ էական վտանգ կա, որ կառավարությունը կարող է շահագործել հեռարձակման ուղիները սեփական քաղաքական նկատառումներով»: «Սակայն ընդդիմադիր մարմիններին չի տրված համապատասխան իրավասություն». քաղաքական կուսակցություններն, ըստ նրա, ի տարբերություն կառավարության, զրկված են եթերային ալիքները ցանկացած հայտարարության համար՝ ըստ իրենց հայեցողության եւ ուզածի չափ օգտագործելու օրենքով ընձեռված հնարավորությունից: Փորձագետն առաջարկում է, որ հեռարձակողները պատասխանի իրավունք տրամադրեն ցանկացածին: Սա նույնպես միջազգայնորեն ճանաչված իրավունք է եւ, եթե Հայաստանն էլ հարգեր այն՝ զգալիորեն կհեշտանար նաեւ ընդդիմության խնդիրը, որը գործնականում հնարավորություն չի ունենում պատասխանել իշխանական եթերից իր հասցեին հնչածին: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել