Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԳՈՐԾԵԼ, ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ ԸՆՏՐԵԼ»

Սեպտեմբեր 28,2002 00:00

«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԳՈՐԾԵԼ, ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ ԸՆՏՐԵԼ» Ասում է ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանը -Այսօր գործող ընդդիմադիր ուժերի մեջ բացակայում է ազատական գաղափարախոսությունը կրող այն ուժը, որին, սովորաբար ամփոփում են «աջեր» անվան ներքո, որոնք ունեն հստակ գաղափարախոսություն, նաեւ իշխանավարելու փորձառություն: Ինչո՞ւ այդ ուժերը, որոնցից մեկն էլ ԼԴԿ-ն է, որ կարող են ռեալ ընդդիմություն լինել, այսօր պասիվ են: – Ասել, թե «աջ» ուժերն այսօր բացարձակապես ասպարեզում չկան՝ ճիշտ չէ, որովհետեւ աջ քաղաքական դաշտը ներկայացնող ուժերը, այնուամենայնիվ, կան: Ինչ վերաբերում է քաղաքական պրոցեսներին նրանց ակտիվ մասնակցությանը, ապա այդ հարցադրումը պետք է բաժանել երկու մասի: Նախ, Հայաստանում ընթացող քաղաքական պրոցեսներն իմիտացիոն բնույթ են կրում: Մենք բազմիցս ենք հայտարարել, որ քաղաքական դաշտը ջախջախված է կամ գոյություն չունի, իսկ իմիտացոն պրոցեսներին մենք երբեք չենք կարող մասնակցել եւ ցանկություն էլ չունենք: – Կարծում եք այդ ուժերի ակտիվացման հասարակական պահանջ կա՞: – Իհարկե, կա: Այն քաղաքական ճգնաժամը, որն այսօր տիրապետող է ե՛ւ հասարակական կյանքում, ե՛ւ սոցիալական կենսագործունեության ոլորտում, ակնհայտ են դարձնում, որ միայն ազատական գաղափարախոսությունից բխող լուծումներն են, որ կարող են ստեղծված ճգնաժամը հաղթահարել: Դրան ուղղված մյուս բոլոր փորձերն ավելի են խորացնելու ճգնաժամը: Արդեն հինգ տարի է, ինչ վարվող քաղաքականությունը որեւէ ոլորտում ազատական համարել պարզապես չի կարելի: Ես նկատի ունեմ ազատականության, ժողովրդավարության արժեքային համակարգը եւ համոզված եմ, որ ելքերը պետք է գտնել հենց այդ արժեքային համակարգից բխող լուծումներում: – Իմիտացիոն գործընթացները շատ ձեռնտու են իշխանություններին: Ինչո՞ւ «աջերը» չեն փորձում ջարդել այդ իմիտացիան: – Դա նույնն է, թե խուլիգանը փողոցում հայհոյի, եւ դուք ինձ կշտամբեք, թե ինչու մենք իրեն չենք հայհոյում: Մենք գործ ունենք այնպիսի երեւույթի հետ, երբ խուլիգանի հետ երխոսության մեջ մտնելն ու բացատրելը, թե հայհոյելը վատ բան է՝ անիմաստ է, առավել եւս, երբ այդ հայհոյողին լսողներ կան: Ըստ իս, մենք դատապարտված ենք մեր դերակատարմանը՝ ետ քաշվել եւ ցույց տալ, թե ով ով է: Մեր բացակայությունն օգնում է հասարակությանը ճանաչելու եւ վերլուծելու իր շուրջ կատարվող պրոցեսներն ու երեւույթները: Մեր ներկայությունը կխանգարեր մարդկանց կողմնորոշվել, թեեւ, իրականում մենք, իհարկե, ներկա ենք: Մյուս կողմից, քաղաքական պրոցեսներին մենք մասնակցում ենք առավել, քան դրա հնարավորությունն ունենք: Մեր ավելի ակտիվ գործողություններն ուղղակի արգելակվում են: Ժամանակին հնարավորություն ունեինք մեր տեսակետները հանրությանը երբեմն-երբեմն ներկայացնել «Ա1+»-ի եթերով կամ «Նոյյան Տապանի» միջոցով: Փակվեցին այդ ընկերությունները: Մյուս բոլոր հեռուստաընկերություններին հրահանգված է մեզ եթեր չտալ: Թեեւ դրանից ավելի լավ օրինակ, որ մենք ճշմարիտ ենք՝ չկա, որովհետեւ դա ցույց է տալիս, որ իշխանությունը զավթած մարդիկ հասկանում են, թե որքան մենք վտանգավոր կլինենք, եթե հասարակությունը մեզ լսի: Իսկ մենք որչափ վտանգավոր ենք իշխանությունների համար, այդչափ օգտակար ենք հասարակությանը, որովհետեւ, կարծում եմ, հասարակությունն անցած 5 տարիներին որոշակի եզրահանգումներ արդեն արել է ու եկել է այն եզրակացության, որ իշխող ուժերը հակահասարակական են իրենց բնույթով: Բացի այդ, ավելի ակտիվ քաղաքականությունը նաեւ նյութական միջոցներ է պահանջում, ինչը, թեեւ ենթադրվում է, որ պետք է ունենայինք, բայց իրականում չունենք, եւ մեզ հետ աշխատող մարդկանց դա տեսանելի է: Մյուս կողմից, ազատական ուժերի միասնական կերպով հանդես գալու խնդիրը լուծված չէ ամենատարբեր պատճառներով՝ եւ օբյեկտիվ, եւ սուբյեկտիվ: Կարծում եմ, դրա լուծումը կգտնենք: Ե՞րբ, ինչպե՞ս՝ չգիտեմ: Կուզենայի երեկ գտած լինեինք: – Միեւնույն ժամանակ կարծիք կա, թե «աջերն» ուղղակի խուսափում են ակտիվ քաղաքականություն մտնել, որովհետեւ վարկաբեկված են եւ չեն կարող հասարակության աչքին երեւալ: – Դուք այդ հեքիաթին հավատո՞ւմ եք: – Մի բան է՝ հավատում եմ ես, թե չէ, այլ է, երբ նման կարծիք կա: – Ձեզ թվում է, թե այդպիսի կարծիք կա՞: Հասարակության մեջ նման կարծիք չկա: Կան նման կարծիք ստեղծել ցանկացողներ՝ հիմնականում իշխանական ճամբարից: Ես համոզված եմ, որ իրականում հասարակությունն այդպիսի հիվանդագին մտածելակերպ չունի: Դրա լավագույն ապացույցը մարզերում մեր հանդիպումներն են: Դա իշխանությունների հորինվածքն է, որպեսզի կաշկանդեն աջերի մասնակցությունը քաղաքական պրոցեսներին: Իսկ հասարակության կարծիքն իբրեւ այդպիսին ներկայացվելու փորձերը դատապարտված են: Հասարակությունն ինքը շերտավորված է եւ կարծիքներն էլ տարբեր են: – Քաղաքական դաշտի աջ մասում այսօր վակուում կա: – Քաղաքական դաշտ չկա, որ վակուում լինի: Քաղաքական դաշտի փոխարեն է վակուում ստեղծվել: Այն ինչ այսօր տեղի է ունենում, լավագույնս գնահատում է հասարակությունը, երբ չի հավատում եւ չի վստահում ոչ մեկին: Այո, չի կարելի հավատալ վակուումին: Քաղաքական դաշտը ստեղծվում է այն ժամանակ, երբ տեղի են ունենում նորմալ ընտրություններ: Երբ ընտրությունները կեղծվում են՝ ջախջախվում է նաեւ քաղաքական դաշտը: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա մենք դիրքորոշում հայտնել ենք 98-ին էլ, այսօր էլ: Եթե ուզում ենք, որ ՀՀ-ն ունենա արդյունավետ աշխատող նախագահ, նա պետք է լինի օրինական: Այսօր մենք ունենք իշխանությունը զավթած նախագահ, որն իրավունք չուներ մասնակցել ընտրություններին ո՛չ 98-ին, ո՛չ այսօր: Այսօր ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է ընտրությունները կեղծելու համար: Մենք էլ ընդդիմությանն ասում ենք, որ եթե օրենքի շրջանակներից դուրս եկաք եւ մասնակցեցիք ընտրության իմիտացիային՝ պարտված եք: Մենք զգուշացնում ենք՝ մի խաղացեք այն խաղի կանոններով, որոնցում դուք նախապես պարտված եք, մի օրինականացրեք անօրինական ընտրությունները, ինչպես մի անգամ արել եք 98-ին եւ քաղել դրա պտուղները: – Տպավորություն է ստեղծվում, թե դուք պատժում եք հասարակությանը ձեզ չգնահատելու համար եւ դաշտը թողել եք, ձեր ասած, իմիտացոն ընդդիմությանը: – Ես չդժգոհեցի, թե հասարակությունը մեզ չի գնահատել, չի հասկացել: Հասարակությանը ժամանակ է պետք կողմնորոշվելու, գնահատելու եւ ընտրելու համար: Հասարակությունն էլ պետք է հասկանա՝ ում հետ գործ ունի: Եթե մենք անցած հինգ տարիներին չենք շփվել հասարակության հետ, ապա ոչ թե նրան պատժելու նպատակով, այլ պարզապես զիջել ենք դաշտը մյուսներին: Դա անհրաժեշտության է ընտրելու համար: – Դրա մեջ չարություն կա: – Չարություն չի: Մենք իշխանություն չենք, քաղաքական դաշտում չկանք, որովհետեւ քաղաքականությունը խորհրդարանում է, իսկ դրանից դուրս կա հասարակական կյանք: Հիմա պետք է ամենօրյա գործունեությամբ օգնել հասարակությունն իրերն իրենց անուններով կոչելու: Փոխարենը նույն այդ ուժերն այսօր նույնպես անհանգստացած են նախկինների վերադարձով: Ինչո՞ւ են անհանգստանում, ի՞նչ է պատահել: Կարո՞ղ են, թող պայմաններ ստեղծեն ընտրության համար, նախկինների հետ բանավեճի, երկխոսության մեջ մտնեն՝ թող հասարակությունն ընտրություն անի: Վստահ եմ, որ ժամանակը մեր օգտին է աշխատում: Հասարակությանն անընդհատ խաբել հնարավոր չէ: Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել