Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի կվախնան»

Սեպտեմբեր 27,2002 00:00

«Ավելի կվախնան» Սպիտակի երկրաշարժն ապացուցեց, որ խորհրդային քաղպաշտպանական համակարգը պատրաստ չէր նման բնույթի մեծ աղետին դիմագրավել։ Այսօր արդեն, մասնագետների հավաստմամբ, մեզ մոտ ամեն ինչ պլանավորված է. «Գոյություն ունի ուժեղ երկրաշարժերի հետեւանքները վերացնելու ծրագիր։ Երբ որեւէ մարզում տեղի է ունենում պայմանական երկրաշարժը, պլանը մշակված է, թե ով ինչ պետք է անի»։ Մասնագետները դա կոչում են պետության միասնական պետական պլան, այսինքն, երբ աղետի դեմ դուրս է գալիս պետական ողջ համակարգը՝ գերատեսչություններն ու հասարակական կազմակերպությունները։ Մշակված է նաեւ փրկարարների ժամանման, միջազգային օգնության կարգը։ Օրերս Գյումրիում անցկացված, դեռեւս սեպտեմբերի 9-ից սկսված հայ-ամերիկյան միջոցառման վերջին փուլը՝ «Երկրաշարժի հետեւանքների վերացման» թեմայով, հատուկ տակտիկական ուսումնավարժություն էր։ Նման տիպի ուսումնավարժությունները, Արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման վարչության պետ, գնդապետ Սերգեյ Ազարյանի վկայությամբ, կոչված են գործնականում փորձել այդ պլանի կենսունակությունը։ Ուսումնավարժության թեման էր շենքի փլուզման դեպքում տուժածներին փլատակներից հանելը եւ առաջին բուժօգնություն ցույց տալը։ Միջոցառման այդ փուլում գործողությունների խաղարկային իրադրությունը հետեւյալն էր. ՀՀ հյուսիսում պայմանականորեն տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, լրջորեն տուժել է Շիրակի եւ Արագածոտնի մարզերի բնակչությունը, կան մեծ թվով զոհեր։ Հանրապետության կառավարությունը ձեռնամուխ է եղել փրկարարական աշխատանքների իրականացմանը, գործողության մեջ է դրվել երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության պլանը։ Ստանալով ուժեղ երկրաշարժի մասին տեղեկությունը՝ իրենց օգնությունն են առաջարկում արտերկրի պետությունները։ Փրկարարական ուժեր են ժամանում ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Վրաստանից, ԼՂՀ-ից։ Համատեղ ուժերով կատարվում են հետախուզություն, բնակչության թվի ճշգրտում, որոնողական աշխատանքներ, փլատակների տակից տուժածների դուրս բերում, վիրավորներին առաջին բուժօգնություն է ցույց տրվում, վթարված շենքերից բնակիչները տարհանվում են։ Միջոցառման ընթացքում ցուցադրվեց մեկ այլ ուսումնավարժություն եւս՝ կապված ավտովթարի հետեւանքով տուժածներին օգնություն ցույց տալու հետ։ Ուսումնավարժություններին հետեւող գնդապետ Սերգեյ Ազարյանի խոսքերով, կատարելագործման առումով իրենք դեռեւս խնդիրներ ունեն, սակայն նպատակները, որ դրվել էին միջոցառումը պլանավորելու ժամանակ, նրա կարծիքով, արդարացվել են։ Ուսումնավարժություններին նաեւ հետեւում էին շփոթված գյումրեցիները եւ մեր այն հարցին, թե աղետ տեսած գյումրեցին ինչպե՞ս է գնահատում տվյալ միջոցառման կարեւորությունը, կես կատակ-կես լուրջ պատասխանեցին. «Ճիշտ է, աղետ տեսած է Գյումրին, վախեցած է, բայց ըսպես բաներ օր կտեսնի, ավելի կվախենա»։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել