Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեյ Մովսիսյանին Հայաստանում սպասում են

Սեպտեմբեր 27,2002 00:00

Անդրեյ Մովսիսյանին Հայաստանում սպասում են Ուկրաինայի ինտերնետային լրատվամիջոցները, վկայակոչելով Ռուսաստանի աղբյուրները, ուրախությամբ աշխարհին ավետում են, որ «Սատուրն- Ren-TV» ակումբի եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Անդրեյ Մովսիսյանը նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա եւ տեղեկացրել, որ հրաժարվում է մեր ազգային հավաքականում հանդես գալուց։ Թե որքանով է դա համապատասխանում իրականությանը եւ որն է պատճառը, հետաքրքրվեցինք ՀՖՖ-ում։ Այնտեղ մեզ ասացին, որ իրենք էլ նման բան լսել են եւ հեռախոսով զրուցել Ա. Մովսիսյանի հետ։ Նա, այո, նման մտադրություն ունեցել է, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացրել։ Պատճառը եղել է այն, որ «Եվրո-2004»-ի շրջանակներում Ուկրաինայի հետ հանդիպմանը մեր ազգային հավաքականի մեկնարկային կազմում գլխավոր մարզիչ Օսկար Լոպեսն իրեն չի ընդգրկել։ Դա դիպել է ֆուտբոլիստի ինքնասիրությանը։ Սակայն ֆեդերացիայի պատասխանատու անձինք հեռախոսազրույցի ժամանակ Անդրեյին բացատրել են, որ դա հիմնականում պայմանավորված է եղել այն բանով, որ, փաստորեն, մարզիչ Լոպեսի առաջին պաշտոնական խաղն էր ու նա դեռ լավ չէր ճանաչում լեգեոներականներին։ Իսկ վերոնշյալ հանդիպումից հետո արգենտինացի մարզիչն արդեն ավելի լավ է սկսել կողմնորոշվել հավաքականի հիմնական կազմը որոշելու հարցում։ Այդ մասին Լոպեսն ինքն է ասել ու ավելացրել, որ Ա. Մովսիսյանն այդ առումով անհանգստանալու առիթներ չունի։ Դրա վկայությունն է, որ երեկ ՀՖՖ-ն ֆաքսով Անդրեյին հրավիրել է հոկտեմբերի 8-ից կազմակերպվող հավաքականի ուսումնամարզական հավաքին։ Ճիշտ է, ֆուտբոլիստը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել, սակայն, ամենայն հավանականությամբ, ետ կկանգնի իր այդ մտադրությունից։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել