Լրահոս
Օրվա լրահոսը

Նորաձեւության հետեւանքները

Սեպտեմբեր 27,2002 00:00

Նորաձեւության հետեւանքները Վերջերս շատ են խոսում երիտասարդ աղջիկների հագուկապի մասին։ Քննադատում են, թե օտարամոլ են, ընդօրինակում են վատը, համարյա կիսամերկ դուրս են գալիս փողոց, կարծելով, թե Երեւանը ծովափնյա քաղաք է։ Մենք փոքրիկ շրջայցի միջոցով ուսանողուհիներից եւ ուսանողներից փորձեցինք պարզել, արդյո՞ք համամիտ են հնչած կարծիքների հետ։ Քրիստինա Մխիթարյան. ժուռնալիստիկայի ֆակուլտետ- Այսօր որոշ հայ աղջիկներ չափից ավելի ազատ են հագնվում։ Ընկնում են նորաձեւության հետեւից եւ չեն մտածում՝ տվյալ հագուստը համապատասխանո՞ւմ է իրենց։ Երբեմն նույնիսկ ծովափին վայել հագուստով թատրոն եւ դասի են գնում։ Ես ընդունում եմ ազատությունը, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Անահիտ Ավոյան. հոգեբանության ֆակուլտետ- Ինձ դուր է գալիս, թե ինչպես են հագնվում այսօր։ Ես համամիտ չեմ, թե կիսամերկ են դուրս գալիս։ Երիտասարդների հագուկապը միայն մեծահասակներին է հուզում։ Զուր են նրանց քննադատում։ Յուրաքանչյուրը հագնում է այն, ինչ ցանկանում է։ Ես գտնում եմ, որ դա մարդու էության հետ ամենեւին կապ չունի։ Դավիթ Մուրադյան. պատմաաշխարհագրական ֆակուլտետ- Երիտասարդ աղջիկներն այսօր ավելի ազատամիտ ու ազատատենչ են դարձել, քան տարիներ առաջ էր։ Հագնվելն էլ գալիս է ճաշակից։ Կարծում եմ, շատերը հագնում են այն, ինչ իրենց սազում է։ Մի մասն էլ՝ ինչը նորաձեւ է։ Եվ դրանում ոչ մի վատ բան չկա։ Անուշ Մարտիրոսյան. դեֆեկտոլոգիայի ֆակուլտետ- Ես հնչած ոչ բարենպաստ կարծիքների հետ համամիտ չեմ։ Մեր երիտասարդությունն ազատ կյանք է վարում։ Թող հագնեն ինչ ուզում են։ Եթե գեղեցիկ արտաքին ունեն՝ թող ցուցադրեն, ինչո՞ւ ոչ։ Անահիտ Շատվորյան. կոսմետոլոգիայի ֆակուլտետ- Հաճախ հայ տղաներից շատերը աղջիկների հագուստին նայելով ինչ-ինչ եզրակացություններ են անում։ Սակայն, ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա։ Այնուամենայնիվ, գտնում եմ, որ յուրաքանչյուր հագուստ համապատասխան վայրում պետք է հագնել։ Արամ Սուքիասյան. պատմաաշխարհագրական ֆակուլտետ- Արդեն աչքս սովորել է բաց հագուկապին։ Բայց, կարծում եմ, լավ կլինի, եթե մի քիչ համեստ հագնվեն։ Լիանա Ավետիսյան. դեֆեկտոլոգիայի ֆակուլտետ- Մեր երիտասարդները հիմա ահավոր են հագնվում, կարելի է ասել, որ տնից դուրս են գալիս առանց հայելուն նայելու։ Ես ուղղակի ցավում եմ աղջիկների համար։ Արմինե Հովհաննիսյան. ժուռնալիստիկայի ֆակուլտետ- Հագնվելը գալիս է մարդու նախասիրություններից։ Հիմա ամեն մեկը հագնում է այն, ինչ ցանկանում է։ Իհարկե, գեղեցիկ է, երբ ժամանակակից ոճով են հագնվում, սակայն պետք չէ այդքան չափն անցնել։ Լավ կլինի մի փոքր համեստ եւ հայ աղջկան վայել ձեւով հագնվել, որ տղաներն էլ ընդունեն այնպես, ինչպես կան։ Սա, իհարկե, որոշ աղջիկների է վերաբերում, ինչպես ասում են, բոլորին մի արշինով չպետք է չափել։ Հարցումների ընթացքում գտնվեցին նաեւ դասախոսներ, որոնք նույնպես ցանկացան իրենց կարծիքը հայտնել։ Վլադիմիր Մելքոնյան. ֆիզկուլտուրայի ամբիոնի դոցենտ- Մեր աղջիկները շատ գեղեցիկ են եւ հագնվում են գեղեցիկ, բայց ոմանք չափն անցնում են, որն ինձ համար էլ հաճելի չէ։ Ես ցավով ուզում եմ նշել նաեւ, որ աղջիկները ավելի շատ ցանկանում են ուշադրություն դարձնել հագնվելուն, սանրվածքին, քան իրենց առողջությանը։ Մենք իրավունք չունենք քննադատելու հայ աղջիկներին։ Ընդամենը ցանկանում ենք, որ յուրաքանչյուրը տնից դուրս գալուց առաջ մի պահ հայելու մեջ իրեն նայի հայի աչքերով։ ԱՆՆԱ ԳԶԻՐՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ՄՈՍՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել