«ԱՇՆԱՆ ԱՐԵՎԸ»՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնը երկու տարի է, ինչ բեմադրում է Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւը»՝ նոր, մինչ այժմ չխաղացված տարբերակով։ Այդ գործն ու Աղունի կերպարը ժողովրդին քաջածանոթ են։ Թեպետ Հրանտ Մաթեւոսյանը իր զրույցներից մեկում ասում է, որ «ինքը ամենեւին էլ ընթերցողական լայն շրջանների հեղինակ չէ եւ որ այդպիսին դառնալու համար հարկավոր է վթարային որեւէ վիճակի թեկուզ սոսկ նկարագրություն անել», ժողովուրդը սակայն գիտի նրա ստեղծագործությունների այն մասը, որը կինո ու թատրոն է դարձել եւ գիրք-սցենար-դերասան դարուփոս ճամփով իրեն է հասել։ «Աշնան արեւ» խաղացել են երկրիս մեծ ու փոքր շատ թատրոններ. մինչեւ իսկ թատերասեր Ակներ գյուղը մի Աղուն, Սիմոն, սկեսուր ու Սերո է ճարել ու բեմ ելել՝ իհարկե, սիրելով ու սիրով։ Պատկերել են փորձում որբին, «առնաուտ» հոր աղջկան, «մենակ լեզուն բերած» անօժիտ հարսին, աշխատավոր կնոջը, մորը։ Մեծ մորը՝ ջղային, արարիչ արյունով, իր չապրածն ու երազածը զավակին փոխանցելու տենչով։ Վանաձորի թատրոնի այս ներկայացման մեջ մասնակցում է քսանից ավելի մարդ։ Կինոյից ու դերասանական աշխարհից ռեժիսուրա մտած Հակոբ Ազիզյանը մի տեսակ կինոպատում է արել. չորս-հինգ դերասանով ու մնացածը հուշերով մատուցվող «Աշնան արեւը» նրան չի գոհացրել։ Ու ինքը ներկայացրել է մի լայն կտավ։ Երկու Աղուն ու երկու Սիմոն՝ ջահել եւ հասակավոր, Սիմոնի հին համերաշխ ընտանիքը՝ ապին, նանը, Ադամը, Մանեն, Աբելիկը, Արաքսին, Գոհարը, հորաքույր Մանուշակի տղա Ներսեսը, նրա կին Նունիկը, փոքրիկ Արմենակը, Վերգուշը, Մանթոն, Արաքսին… Բեմադրության՝ պատերազմ գնացող տղաների հրաժեշտի կտորը ամենահուզիչն է եւ պատկերված է շատ նուրբ՝ ցավի պոեզիա, տառապանքի սիմֆոնիա։ Գնացքի սուլոց, որը հավաքելու է տղամարդկանց, որբացնելու է գյուղը, ցանած արտերը թողնելու է կանանց ուսերին. «Նրանք ծնվել էին մեկից մինչեւ քսանվեց թվականները, որպեսզի ապրեն տարբեր ժամանակներում եւ մեռնեն իրարից քսանվեց տարի հետո, իսկ պատերազմը նրանց կամ թաղեց միասին, կամ ծերացրեց, կամ հաշմեց» («Մենք ենք, մեր սարերը»)։ Բեմում ստեղծված կենդանի ջրվեժի՝ չըռ-չըռի ջրի տակ անցան Ծմակուտ աշխարհի զոհվող տղերքը, մինչ նրանց այրիների ու մայրերի վառած մոմերը գյուղի մատուռում թրթռոցով լույս են տալիս։ Այս տեսարանը եւ մասսայական այլ տեսարաններ դիտողին ցույց են տալիս, որ «Աշնան արեւը» մի քանի սերնդի ժամանակագրություն է, հարս ու սկեսուրի թամաշա կռիվ չէ։ Էպիզոդիկ կերպարներից Ադամի կին Մանեն փայլելու ու իրենով բեմը լցնելու մի քանի րոպե ունի (Շամիրամ Տերտերյան), բայց այնպես տիրական ու տիպական է գաթա թխելու տեսարանում. սոված գյուղ, նանից թաքուն թխած գաթա եւ նանի զայրույթի եւ վրեժի դեմ իր պահվածքը. «Պղինձը գլխովդ կտամ, ես քեզ համար վանքերեցի որբը չեմ»։ Եվ ապա հղի Աղունի եւ արդեն գոմից տուն, Սիմոնից Սիմոն եւ Արմենակից Արմենակ սարքած Աղունի միասնական ճիչը. «Փորի՛ս խփիր, ինձ պետք չի ձեր լակոտը, փորի՛ս խփիր…»։ Երիտասարդ Սիմոնի դերը կատարող ու հանդիսատեսին անմիջապես սիրելի դարձող Սարգիս Ավետիսյանի խաղը դիտելով, ժպտալով կմտածես, որ մաքուր լոռեցի յուրաքանչյուր մարդ մի քիչ Սիմոն է ու համոզիչ սիմոնության համար ակադեմիական կրթություն պետք չէ։ Հանդիսատեսը տեսնում է նաեւ այն «սիրո պես մի բանը», որը խիղճ է ու հիացում։ Սիմոնը հայտնաբերում է, որ Վանքերից Ծմակուտ տարվող այդ ծաղկեպսակով թե փշեպսակով գեղեցիկ աղջիկը իր նորահարսն է՝ «նո-րա-ա-հարսս»։ Սարգիս-Սիմոնին հարցրի՝ ինչո՞ւ գնաց Սոնայի տուն Աղունին դավաճանելու։ Չգիտեմ, ճիշտ ասաց, թե չէ՝ «այրի կին էր, մեղքս եկավ»։ Քսանամյա Ալլա Վարդանյանը ցուցադրում է ծեծվող, տառապող, պայքարող, չգնահատվող աղջկան հեղափոխություն անողի համառությամբ։ Հանդիսատեսը տեսնում է, որ Աղունը շատ գեղեցիկ էր, երբ հարս էր գալիս։ Գորգը ուսերին, աչքերը վերեւ արած ու պսակը գլխին խաչելություն է։ Երկրորդ մասի տերն ու տիրակալը հասակավոր Աղունն է (այս դերի համար՝ Մետաքսյա Սիմոնյանի անվան մրցանակ ստացած Ալլա Հովհաննիսյան), իր Սիմոնը (Շահեն Հարությունյան), իր սկեսուր Արուսը (ՀՀ վաստակավոր արտիստուհի Ռոզա Մխիթարյան), տղա Սերոն (Կորյուն Անտոնյան), տեգր Ադամը՝ հավերժորեն սայլ սարքողը (Գագիկ Դուրմիշյան)։ Ալլա Հովհաննիսյանն ասում է. «Երկու տարի է, ինչ Աղուն եմ խաղում։ Ես սիրում էի Վիոլետա Գեւորգյանի Աղունը, մի ներքին վախ ունեի, ասում էի ժողովուրդը հիշում է այդ ներկայացումը, Վիոլետին սիրել է, ես ո՞նց խաղամ։ Հետո Հրանտ Մաթեւոսյանի նման գրողին ցույց տալու համար պետք է շատ մեծ ռիսկի գնալ։ Ռեժիսորը շատ օգնեց ինձ կենդանացնելու պատումը։ Աղունի կերպարի բացահայտումը ես չեմ համարում ավարտված, ամեն ներկայացման մի նոր բան եմ գլխի ընկնում։ Յուրաքանչյուր կին կերազի Աղուն խաղալ»։ Ներկայացումը ավարտվում է այսպես. «Երկրի ջիղ» Աղունը սայլին լծված տանում է հոգսը, լծի մի կողմում ծեծվողն է, մյուսում «ըստ արժանվույն» պատասխանողը, բայց դիտվում է մի հոգի՝ Մշակը: ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ