Լրահոս
Օրվա լրահոսը

«Քցումի» դասականացում

Սեպտեմբեր 27,2002 00:00

«Քցումի» դասականացում Որ «քցումը» դառնալու էր կենսակերպ եւ 21-րդ դարի ամենաարդիական գործընթացը՝ երբեւէ մտքներովս չէր անցնի, ինչպես չի անցել այն, որ եղբայրը եղբորը կգցի, ծանոթը՝ ծանոթին, հարեւանը՝ հարեւանին, պետությունն էլ պետությանը՝ իր քաղաքացիներին։ Ամեն վայրկյան, ամեն օր մենք ականատես ենք դառնում «քցումի» դասականացմանը, երբ միջոցների առջեւ բարոյական որեւէ կանգառ չի հանդիպում։ Ալվարդ Ղազարյանի դեպքում նույնպես գործել է «քցումի» կանոնակարգը եւ արդյունքում նա, կորցնելով իր բնակարանը, խանութը, ինչքը, իր վստահությունը արդարության եւ արդարադատության նկատմամբ, հայտնվել է վարձով բնակարանում՝ 22-ամյա որդու հետ, որը օրերս թոքի ծանր վիրահատություն տարավ եւ գամված է անկողնուն։ Նախ համառոտ ակնարկիս հերոսուհու մասին. Ալթայի երկրամաս-Գուլագում, բռնադատվածի ընտանիքում ծնված, Գալշոյանների ազնվատոհմիկ շառավղի շարունակողը 25 տարի աշխատել է առեւտրի ոլորտում, արժանանալով նախկին ԽՍՀՄ առեւտրի գերազանցիկի կոչմանը (աշխատում էր Կոմիտասի 35 հասցեում գտնվող խանութում)։ Բայց դա մինչեւ Սիսիանի պանրի արտադրությամբ զբաղվող «Կարեն» կոոպերատիվի եւ նրա նախագահ Ռոբերտ Խաչատրյանի հետ «համագործակցությունը»։ «1996թ. գարնանը Ռ. Խաչատրյանը եկավ խանութ, ասելով, որ մեծ գումար է հարկավոր։ Ասաց՝ այնքան պանիր արտադրի, որ ողջ տարի վաճառքում լինի»,- պատմում է Ա. Ղազարյանը, տեղեկացնելով նաեւ, որ Խաչատրյանին գումար է տրամադրում՝ տոկոսով պարտք վերցնելով ոմն Նարիմանովից։ 6 ամսվա ընթացքում պարտքը պետք է մարվեր, սակայն նույնիսկ Ղազարյանին տրված ստացականը որեւէ դեր չի խաղում։ Ի դեպ, ստացականը «հաստատվում» է Սիսիանի ռազմական ոստիկանության պետ Արայիկ Վարդանյանի աշխատասենյակում, որը, իհարկե, հրաժարվում է հետագայում, թե իր ներկայությամբ, իր աշխատասենյակում չի գրվել ստացական եւ որ «Ա. Ղազարյանը եւ Ռ. Խաչատրյանը զրուցել են իրար հետ ունեցած գումարային պարտքուպահանջի շուրջ»։ Ա. Ղազարյանը ստիպված դիմում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազություն։ Գործը հայտնվում է քննչական բաժնի քննիչ Արսեն Այվազյանի մոտ։ Եթե 12.11.2001թ. դատախազությունը որոշում է կայացնում քրգործի հարուցումը մերժելու մասին, ապա չանցած ամիսներ՝ 08.01.2002թ. դատախազությունը որոշում է կայացնում արդեն քրգործի հարուցման մերժման որոշումը վերացնելու մասին։ 13 օր անց, վերջնական ընթացքը լուծելու ցուցումով նյութերն ուղարկվում են քննչական բաժին։ Դատախազությունը գործի նյութերն ուսումնասիրելիս արձանագրում է, որ 2000թ. ապրիլի 14-ին Ա. Ղազարյանը իր որդիների հետ գնացել է Սիսիան, որպեսզի Սիսիանի ՌՈ պետ Արայիկ Վարդանյանի օգնությամբ Ռոբերտից վերցնի պարտքի մի մասը։ Վերջինս որդիների եւ պետի ներկայությամբ թղթի վրա գրել է 2000թ. ապրիլի 7-ին «110 կգ պանիր ստանալու մասին ստացականը»։ Այն գրվում է թվերով եւ մեկ օրինակից։ Հետագայում կոոպերատիվի նախագահը 110 կգ-ին ավելացնում է երկու զրո եւ ստացվում է, որ պանրի պարտքը 11000 կգ է։ Ի դեպ, նմուշի համար Ա. Ղազարյանից վերցրած գրառումները հետագայում օգտագործվելու էին հակառակ ապացույցների հիմքում։ Ռ. Խաչատրյանը, բացատրություն տալով նախաքննության մարմնին, իրարամերժ ցուցմունքներ է տալիս. «Ստացականը գրելուց մոտ մեկ ամիս անց (ամիսը չի հիշում) Ալվարդը սկսել է պահանջել ստացականում նշված 30.000 ԱՄՆ դոլար գումարը։ Դա լուրջ չընդունելով, հրաժարվել է գումարը տալ, սակայն Ալվարդը մենակ կամ պարտքատերերի հետ սկսել է այցելել Կոմիտասի շուկայում գտնվող իր պանրի խանութ եւ պահանջել նշված գումարը»։ Պարտքը «լուրջ չընդունելով», Ռ. Խաչատրյանը ավելի անլուրջ բացատրություն է տալիս, թե «Ալվարդն իրենից ուզել է որոշ քանակությամբ պանիր կամ որոշակի գումար, խոստանալով ստացականը ոչնչացնել»։ Ընթերցենք խայտառակության հաջորդ հատվածը. «Ինքը տվել է որոշակի քանակությամբ պանիր եւ որոշակի գումար, որից հետո, սակայն, նա ստացականը չի ոչնչացրել»։ Մոտ 8000 դոլարի, հետեւաբար, «պարտք մնալով 22.000 դոլար»։ Ստացականներից 07.04.2000թ. մեկի պատճենը ուղարկվել է դատաձեռագրաբանական եւ փաստաթղթաբանական կրկնակի փորձաքննության, որի 02970201 եզրակացությամբ առկա «11000 կգ» գրառումը կատարվել է Ա. Ղազարյանի կողմից, սակայն «պարզվել է եւ հիմնավորվել նաեւ, որ Ա. Ղազարյանի կողմից Ռ. Խաչատրյանից 11000 կգ պանիր ստանալու վերաբերյալ 07.04.2000թ. ամսաթվով գրված ստացականի պատճենը կեղծված չէ, դրանում որեւէ կեղծիք չկա», եւ Ռ. Խաչատրյանը խարդախությամբ Ղազարյանի գումարներին չի տիրացել։ Քրեական գործի հարուցումը մերժվում է հանցագործության դեպքի բացակայության պատճառով։ Այդ դեպքում ինչո՞ւ Ա. Ղազարյանը դիմեց պատկան մարմիններին։ Ըստ այդ որոշման տրամաբանության, «հանցագործության» դեպք չէ՞ «Ա. Ղազարյանի կողմից ստացականի պատճենը կեղծելը»։ Ուրեմն ի՞նչ տրամաբանությամբ կամ ինչի՞ց ելնելով է, որ Ա. Ղազարյանին խնայում են։ Ռ. Խաչատրյանը ինչի՞ց վախենալով է, որ որոշակի պանիր եւ որոշակի գումար է տալիս մի կնոջ, որին, ինչպես ինքն է ասում՝ պարտք չէ։ Կամ ինչո՞ւ դատարան չի դիմում Ռ. Խաչատրյանը՝ փրկելու համար իր «պատիվը»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել