Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԻՊՎԱԾ Է ՇՐՋԱՆՑԵԼ ՕՐԵՆՔԸ

Սեպտեմբեր 27,2002 00:00

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԻՊՎԱԾ Է ՇՐՋԱՆՑԵԼ ՕՐԵՆՔԸ Տեղական ինքնակառավարման մարմիններին ձեռնտու է շրջանցել այն «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» նոր օրենքի 57 կետով դատախազությունն իրավասու չէ քրեական հետապնդում իրականացնել՝ առանց կառավարության, մարզպետարանների համապատասխան հայտարարության: Այսուամենայնիվ, Գլխավոր դատախազությունը համայնքների ֆինանսատնտեսական գործունեությունը ստուգելու արդյունքում հարուցել է 3 քրեական գործ, այն դեպքում, երբ որեւէ մարզպետից մինչ օրս որեւէ ահազանգ չի ստացել՝ ասենք, այս կամ այն համայնքի թույլ տված ֆինանսատնտեսական խախտման վերաբերյալ: Դատախազությունը, բնականաբար, չի հետեւելու 57 կետին, մանավանդ որ, Քրեադատավարական օրենսգրքի 176, 180 հոդվածներն էլ պարտավորեցնում են, որ, ասենք, լրատվամիջոցի ահազանգով դատախազությունը պարտավոր է նմանատիպ ստուգումներ իրականացնել: Ստացվում է, որ կառավարությունը վերահսկողությամբ լուրջ չի զբաղվում: Ինչ մնում է Վերահսկիչ պալատին, ապա վերջինս ֆիզիկապես ի վիճակի չէ զբաղվել տեղական ինքնակառավարման մարմիններով: Այս մասին մտահոգություն հայտնեց «Հակաստվերի» հերթական հյուրը՝ ՀՀ Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության պետ Գեւորգ Դանիելյանը: Դատախազության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համայնքներն անգամ խախտում են «Գնումների մասին» օրենքը: Մասնավորապես՝ օրենքը համայնքային մարմիններին պարտավորեցնում է, որպեսզի նրանք գնումներ կատարելիս նախապես մրցույթ հայտարարեն: Որպես կանոն, համայնքների 90 տոկոսը շրջանցում է օրենքի այս պահանջը, պատճառաբանելով, որ իր ամենօրյա գործունեության ընթացքում ժամանակ չունի մրցույթներ հայտարարելու եւ նպաստավոր է համարում ուղղակի գնումները, որոնց դեպքում գները սովորաբար շուկայականից բարձր չափերի են հասնում: Բերվեց Երեւանի համայնքների օրինակը: Էրեբունու թաղապետարանը համայնքի փողոցների սանիտարական մաքրման աշխատանքի պայմանագիր է կնքել՝ 1 քմ-ի համար 120 դրամով, 97 միլիոն ընդհանուր գումարով: Արաբկիր եւ Կենտրոն համայնքներում այդ նույն աշխատանքները կատարվել են 80 դրամով: Արդյունքում մի քանի տասնյակ միլիոնների տարբերություն է նկատվում: Արարատի մարզում եւս նկատվել են նման չարաշահումներ, երբ ձեռք բերված գույքի գինն ակնհայտորեն գերազանցում է շուկայականին: Հաջորդ մտահոգիչ փաստն այն է, որ հանրապետության առանձին գյուղական համայնքներում հողի հարկի ու գույքահարկի գծով հավաքվում է հարկերի նախատեսված գումարի 2-3 տոկոսը միայն, մինչդեռ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» նոր օրենքի 77 հոդվածում բյուջեի կազմման աղբյուրները բավական ընդարձակ են եւ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեն համալրվում է ինչպես հարկերից, այնպես էլ ոչ հարկային եկամուտներից, տուրքերից, ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում կատարած գործարքներից: Այսուհանդերձ, բյուջեում շարժ չի նկատվում, որի արդյունքում էլ ծանրանում է պետության բեռը: Սովորաբար տեղական ինքնակառավարման մարմիններին տրվում են այնպիսի լիազորություններ, որոնք նրանք ի վիճակի են իրականացնել՝ ելնելով ֆինանսատնտեսական հնարավորություններից, որ պետությունը հատկացնում է: Սակայն վերոնշյալ վարչությունը ստուգումների արդյունքում պարզել է, որ համայնքները կարող են ծախսեր իրականացնել այն ոլորտներում, որոնց համար պատասխանատվություն չեն կրում: Օրինակ՝ Կոտայքի, Արարատի մարզերում եւ Երեւանի համայնքներում կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ որոշ համայնքներ պետության տված դոտացիաները օգտագործել են անմիջապես իրենց պարտքերը մարելու համար (կոմունալ պարտքեր եւ այլն): Ընդհանրապես Գ. Դանիելյանը նկատում է, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինները կարծես չեն համարվում պետական համակարգի ստորաբաժանումներ, պետական մարմինների համակարգի մեջ չեն մտնում, «իսկ սա բերում է իրավական հետեւանքների այն առումով, որ եթե պետական համակարգ չէ, ապա պետական մարմինների կողմից լիարժեք վերահսկողություն իրականացնել պարզապես հնարավոր չէ»: Եթե «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» նոր օրենքը համեմատենք նախորդի հետ, կտեսնենք, որ նույնիսկ այս պարագայում, երբ ոլորտի ֆինանսատնտեսական գործունեության մեջ չարաշահումներն աճելու միտում ունեն, նոր օրենքը, ցավոք, մեծացնում է համայնքների ինքնուրույն գործելու հնարավորությունը՝ առանց պետական հսկողություն ծավալելու: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել