Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կոնյակի լեգենդը

Սեպտեմբեր 27,2002 00:00

Հայկական կոնյակի լեգենդը Խաղողագործության ապագան մեր երկրում վտանգված է «Խելամիտ չէ բարձրացնել մթերման գինը, եթե կարելի է ցածր գնով մթերել»,- բիզնեսի տեսանկյունից միանգամայն տրամաբանական դատողություններով պատասխանեց «Առավոտի» հարցին Երեւանի կոնյակի գործարանի գիտա-գյուղատնտեսական բաժնի վարիչ Արա Հովհաննիսյանը։ Բանն այն է, որ գործարանի ծրագրով նախատեսված է խաղողի մթերման գինը տարեկան հինգ դրամով ավելացնել, ինչը, բնականաբար, ներկայացվում է իբրեւ լրջագույն քայլ՝ խաղողագործության խրախուսման համար։ Մինչդեռ այս ամբողջի անհեթեթությունն այն է, որ ընկերության մասնագետները, այնուամենայնիվ, այն համոզմանն են, որ «80 դրամը (ներկայիս մթերման գինը) թույլ է տալիս յոլա տանել այգիները. մեծ հաշվով՝ դա միայն բերքի ինքնարժեքն է կազմում եւ ներկայիս մթերման շուկան թույլ չի տալիս Հայաստանում խաղողագործությունը զարգացնել»։ Սեփականաշնորհումից հետո Հայաստանում կար 32 հազար հեկտար խաղողի այգի, այժմ՝ 10-10,5 հազ. հա։ Թիվը մինչեւ տարեվերջ կհասնի 9-8 հազ. հա-ի։ Նախ՝ գյուղացիները իբրեւ ոչ եկամտաբեր մշակաբույս, շարունակում են քանդել այգիները, ապա՝ բնական «մահը»։ Հայաստանում խաղողի այգիներ տնկվել են նախորդ դարի 70-ականներին։ Այժմ դա «շքեղություն» կարող է համարվել, քանզի մեկ հեկտար խաղողի այգի տնկելու համար վեց հազար դոլար գումար է պահանջվում։ Նկատի ունենանք նաեւ, որ միայն 5-6 տարի հետո գյուղացին պետք է սկսի արդյունքները հավաքել։ Ի դեպ, առավել տուժող գոտիներից է Արարատյան դաշտավայրը, որտեղ էլ հիմնականում աճում են հայկական կոնյակի արտադրության համար անհրաժեշտ խաղողի տեսակներ։ Փաստորեն, 5-10 տարի հետո խաղողագործությունը եւ կոնյակագործությունը մեր երկրում լուրջ խնդիրներ կունենան, քանզի գործող օրենքով, հայկական կոնյակի համար արտադրողներին արգելված է սպիրտ կամ խաղող ներկրել։ Հայկական կոնյակ արտադրողները պետք է մթերեն հայկական խաղող։ Եթե, իհարկե, կոնյակ արտադրողներն ու ՀՀ կառավարությունը չզբաղվեն խնդրով եւ ի վերջո չսկսեն իրագործել բազմաչարչար «Խաղող» ծրագիրը։ Այս տարին եւս արդյունավետ չէ մեր խաղողագործների եւ կոնյակագործների համար։ Օիդիում կոչվող հիվանդությունը վնասել է խաղողի բերքի 30-35%-ը, իսկ հյուսիս-արեւելյան հատվածում՝ 80-90%-ը։ Ի դեպ, հարեւան Ադրբեջանում այդ հիվանդությունը «սպանել» է խաղողի բերքը 100%-ով։ Երեւանի կոնյակի գործարանն, օրինակ, մթերման նախատեսած 15 հազ. 500 տոննայից ակնկալում է ապահովել գոնե 70% մթերում։ 1998թ. գործարանը մթերել է 26 հազար տոննա խաղող։ Այսօր գործարանը 30 հազար տոննա մթերելու հնարավորություն ունի (6 մլն լիտր կոնյակի արտադրանք), սակայն երկու հիմնական եւ լուրջ խոչընդոտներ կան՝ սպառման շուկան եւ այդ քանակությամբ խաղող Հայաստանում արդեն չկա։ Ինչպես նախկինում, այժմ էլ սպառման հիմնական շուկան Ռուսաստանն է (65-70%)։ Ըստ Երեւանի կոնյակի գործարանի մասնագետների՝ կոնյակի որակի առաջին չափանիշը գինն է՝ «լավ կոնյակը չի կարող էժան արժենալ»։ ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղի կառավարիչ Վարդան Մարգարյանի համոզմամբ, ԽՍՀՄ ժամանակաշրջանում «միջին եւ ցածրորակ հումք էր օգտագործվում, որը փակ շուկայի համար թույլ էր տալիս «բարձր» որակի արտադրանք ապահովել։ Հիմա շուկան մրցակցային է եւ մենք՝ ուզենք, թե ոչ, որակ ենք ապահովում»։ Անհանգստությունը, որ, փաստորեն, հայկական կոնյակի լեգենդը պատրանք է եղել, Վ. Մարգարյանը հաստատեց։ Իսկ ըստ ընկերության փոխնախագահ Հրանտ Բագրատյանի, դրանք «տարբեր տնտեսական իրականություններ են եւ չի կարելի որեւէ կերպ համեմատության մեջ դնել»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել