Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ «ՄԱՆՐ-ՄՈՒՆՐ» ԲԱՆԵՐԻ ՀԱՎԵՍ ՉՈՒՆԻ՞

Սեպտեմբեր 27,2002 00:00

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ «ՄԱՆՐ-ՄՈՒՆՐ» ԲԱՆԵՐԻ ՀԱՎԵՍ ՉՈՒՆԻ՞ Մինչ ներքաղաքական դաշտում գործող ընդդիմադիրները նախապատրաստվում են նախագահական առաջիկա ընտրություններին, դիմադիր ուժերը գործնականում դնում են այդ ընտրությունների վերահսկողությունն ապահովող մեխանիզմների հերթական հիմնաքարը: Խոսքը հոկտեմբերի 20-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին է, որին առավել քան ակտիվ եւ կազմակերպված մասնակցելու են իշխանություններն ու իշխանական կուսակցությունների թեկնածուները: Թե նոր ձեւված ընտրական հանձնաժողովների պայմաններում որքան կարեւոր են այդ ընտրությունները՝ ոչ միայն նախագահական կամ խորհրդարանական ընտրություններում այսօր գործող կուսակցությունների վարկանիշն ու ընտրության հնարավորությունը փորձարկելու իմաստով, այլեւ՝ տեղական իշխանությունների նշանակությունը՝ որպես առաջիկա մյուս ընտրություններում հենց տեղերում իշխանությունների ընտրությունը երաշխավորող առանցքային օղակների, կարծում ենք, հայտնի է: Հայտնի է, բայց առնվազն անհասկանալի է այն իրավիճակը, որ գոյություն ունի այսօր այդ ընտրությունների հետ կապված: Հայրենի ընդդիմությունն, ըստ էության, տեղական ընտրություններին բավարար նշանակություն չի տվել եւ այնտեղ որեւէ դերակատարում ունենալու հավակնություն էլ չի դրսեւորում: Գոնե առայժմ այդ են վկայում տեղական ինքնակառավարման մարմիններում թեկնածուների արդեն մեկնարկած առաջադրումները: Մասնավորապես «16»-ի անդամ կուսակցություններն այդ իմաստով պարզապես ներկայացված չեն: Մայրաքաղաքում միակ ընտրատարածքը, որտեղ ընդդիմության ներկայացուցիչ կա, Կենտրոն համայնքն է՝ ի դեմս թաղապետ Արարատ Զուրաբյանի, որն առավել քան լուրջ թեկնածու է իշխանությունների համար: Մյուս բոլոր տեղամասերում, այդ թվում՝ մարզերում, վիճակն անմխիթար է: «Ակնհայտ է, որ իշխանությունները տեղական ինքնակառավարման մարմիններում փորձելու են առաջադրել եւ ապահովել այնպիսի թեկնածուների ընտրությունը, որոնք հետագայում կկեղծեն ընտրությունները: Այս պարագայում եւս պետք է արձանագրել, որ ներքաղաքական գործընթացների իմաստով շատ երեւույթներ ուշանում են: Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեին եւ միասնական ճակատով պաշտպանեին այն թեկնածուներին, ովքեր պայքարելու էին դրածոների դեմ: Պետք էր աշխատել, աշխատանքի բաժանում անել: Բայց, ինչպես տեսնում եք, այսպես կոչված, «16»-ի միավորումը մեզ հետ համագործակցելը նպատակահարմար չի գտնում, ինքն էլ չի աշխատում»,- իր տեսակետն այսպես ձեւակերպեց ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանը՝ ավելացնելով, թե իրենք էլ առանձնապես նման համագործակցության, մեղմ ասած, հակված չեն, թեեւ դեմ չեն մտքեր ու տեսակետներ փոխանակելուն: «Այսօր ընդդիմության առաքելությունը պետք է լիներ՝ առաջադրել միասնական թեկնածուներ, դա էլ հո նախագահի թեկնածությո՞ւն չէր: Մեկ խնդիր պետք էր լուծել՝ թույլ չտալ, որ դրածոներն անցնեն ու հետո կեղծեն գալիք ընտրությունները: Բայց նրանք դա էլ չեն անում: Հարց է առաջանում՝ բա նրանք ինչի՞ են պատրաստվում, որ ի՞նչ անեն»,- տարակուսեց ԼԴԿ նախագահը: Գուցե ընդդիմությունն իր պատվից ցածր է համարում՝ մասնակցել «մանր-մունր» ընտրությունների՝ իջեցնելով սեփական հեղինակության նշաձողը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել