Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐՔԱ՞Ն ԿՀԵՏԱՁԳՎԻ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

Սեպտեմբեր 27,2002 00:00

ՈՐՔԱ՞Ն ԿՀԵՏԱՁԳՎԻ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ Եվրոպայի խորհրդում շրջանառության մեջ է Հայաստանի 26 կետից բաղկացած զեկույցը, որը պատրաստել են դիտարկման հանձնաժողովի անդամներ Իրենա Բելահորսկան եւ Եժի Յասկերնիան: Զեկուցողներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ, եթե ամրագրվելիք նոր ժամկետում չվերացվի մահապատիժը: Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցում կան ե՛ւ խրախուսական գնահատականներ, ե՛ւ քննադատական շեշտադրումներ: Նշելով, որ Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ դրան կից եւս երեք արձանագրություն, զեկուցողներն արձանագրել են, որ վերացված չէ մահապատիժը: Փաստաթղթի զգալի մասը նվիրված է հենց այդ խնդրին: ՀՀ իշխանություններին կոչ է արված վավերացնել 6-րդ արձանագրությունը եւ վերացնել մահապատիժը: Այս շաբաթվա ընթացքում հայկական պատվիրակությունն ինտենսիվ բանակցություններ է վարում տարբեր խմբակցությունների եւ ազգային պատվիրակությունների հետ, որպեսզի այդ պարտավորության համար նոր ժամկետ սահմանվի, եւ հարցի լուծումը հետաձգվի մինչեւ 2003 թ. հունիսը: Սակայն այդ տեսակետին ընդդիմախոսներ կան, ովքեր փաստարկում են, թե մահապատիժը Հայաստանը պետք է վերացներ մինչեւ 2002 թ. հունվար ամիսը եւ ժամկետը կարելի է երկարաձգել մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Խնդիրը կվճռվի դեռեւս ընթացքի մեջ գտնվող բանակցությունների ավարտին: Զեկույցում կան անդրադարձներ նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին, եւ որոշ ձեւակերպումներ ընդունելի չեն: Առաջին հերթին, հայկական կողմը առաջարկում է Ղարաբաղի խնդիրը չդիտարկել եւ չձեւակերպել որպես տարածքային հակամարտություն եւ ընդհանրապես շրջանառությունից հանել «օկուպացված տարածքներ» արտահայտությունը՝ այսպիսով խուսափելով կողմնակալ դիրքորոշումից: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել