Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կարեւորը՝ «կուտը» չուտենք»

Սեպտեմբեր 27,2002 00:00

«Կարեւորը՝ «կուտը» չուտենք» «Ջավախքի վրիժառուներ» ստորագրությամբ թռուցիկները տարածվել են Ախալքալաքի եւ Նինոծմինդայի հասարակական, պետական կազմակերպությունների շենքերի պատերին։ Հայտարարության մեջ նշված է. «Ձեզ՝ այդ սուտ եղբայրներիդ (գառան մորթի հագած աղվեսներին) զգուշացնում ենք, որ Ջավախքի հպարտ ու ազնիվ ժողովուրդը, չնայած վրացական իշխանությունների կողմից շարունակվող հայակործան եւ շովինիստական քաղաքականությանը, ամուր կանգնած է իր պատմական հողի վրա»։ Խորհրդարանական խումբ-խմբակցությունների ղեկավարները՝ ճեպազրույցների ժամանակ պատասխանելով Ջավախքին եւ ռուս-վրացական խնդիրներին վերաբերող հարցերին, խորհուրդ տվեցին հարցին մոտենալ սառնասրտորեն, առանց կրքեր բորբոքելու։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն ասաց, որ Ռուսաստանն ու Վրաստանը կկարողանան առանց լուրջ ցնցումների իրենց միջեւ ծագած խնդիրը կարգավորել. «Ցանկացած այլ տարբերակի պարագայում պետք է շատ ուշադիր լինենք, հետեւենք։ Խոսքն, իհարկե, առաջին հերթին վերաբերում է Վրաստանում ապրող մեր հայրենակիցների ճակատագրին»։ Ըստ Աղվան Վարդանյանի, միշտ էլ փորձ է արվել Ջավախքում սրել իրավիճակը, բայց ինքը չի կարծում, թե «ծայրահեղական որեւէ դրսեւորում կլինի Ջավախքում»։ «Ժողովրդի ձայն» խմբի ղեկավար Գրիգոր Հարությունյանը՝ պատասխանելով «Էս Ջավախքի վիճակը ի՞նչ է լինելու» հարցին, ասաց. «Ջավախքի վիճակը միշտ էլ բարդ է եղել, եւ երբ որ լուրջ աշխարհաքաղաքական հարցեր պետք է կարգավորվեն, Ջավախքում պարբերաբար շիկացումներ են լինում։ Ջավախքում այսօր լուրջ լարվածություն չի նկատվում, բայց ամեն դեպքում ե՛ւ ռազմական բազաների, ե՛ւ աշխարհաքաղաքական պրոցեսների հետ կապված (նկատի ունեմ Բաքու-Ջեյհան գազամուղը), ե՛ւ Պանկիսի կիրճի պատճառով լարվածություն կա։ Կարեւոր է, որ մենք խելոք մոտենանք այս գործընթացներին, «կուտը» չուտենք»։ Ագրոարդյունաբերողների ժողովրդավարական միավորման քարտուղար Մարտին Հովհաննիսյանը՝ Ջավախքի մասին հարցին պատասխանելով, ասաց, որ խնդիրը շատ նուրբ է համարում. «եւ այսօրվա Հայաստանի տնտեսական եւ քաղաքական իրավիճակում մեր պետությունը, մեր ժողովուրդը շատ զգույշ պիտի լինի»։ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ Ջավախքի հարց գոյություն չունի, որ դա հորինված հարց է, արհեստական. «Պիտի հորդորեմ, որ ե՛ւ Հայաստանի քաղաքական, ե՛ւ այն ուժերը, որոնք Ջավախքի հարցը դարձրել են առօրեական հարց, մի փոքր զգույշ լինեն, որովհետեւ ե՛ւ հայաստանյան, ե՛ւ վրացական կողմերը ոչ միայն Ջավախքի, այլեւ հայաբնակ վայրերի վերաբերյալ որոշակի ճշգրտումներ են կատարել եւ այդ ճշգրտումները պրոցեսի մեջ են։ Ջավախքում իրոք սոցիալական խնդիրներ կան, բայց սոցիալական խնդիրներ կան նաեւ Վրաստանում եւ Հայաստանում»։ Սակայն, եթե ճիշտ են տեղեկությունները, որ վրաց խորհրդարանը պատրաստվում է ընդունել օրենք լեզվի մասին, որով կսահմանափակվեն ազգային փոքրամասնությունների իրավունքներն այդ երկրում, ուրեմն ի՞նչ են անելու Ջավախքում, արդյո՞ք սա լուրջ բողոքի ալիք չի բարձրացնի։ Գալուստ Սահակյանը կարծում է, որ նման բան չի կարող լինել, եւ որեւէ ազգ լեզվի խնդրում ճնշումների չի կարող ենթարկվել։ Իսկ եթե որեւէ սադրանք լինի, եւ հայ բնակչությունը ոտքի կանգնի՞. «Ամեն կերպ պետք է ձգտել, որպեսզի նախ, այդ սադրանքները չլինեն։ Բնականաբար, Հայաստանը կմիջամտի հայոց լեզվի դեմ ոտնձգության դեպքում՝ դա լինի Վրաստանում, թե աշխարհի որեւէ համայնքում»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել