Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ Է ԱՍԵԼ ՄԵՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 27,2002 00:00

Ի՞ՆՉ Է ԱՍԵԼ ՄԵՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ «Ղարաբաղյան գործընթացը ստանում է նոր գիծ»,- ասացին համանախագահները Երեկ Ռոբերտ Քոչարյանն ընդունեց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վ. Տրուբնիկովին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, դեսպաններ Ռուդոլֆ Պերինային (ԱՄՆ), Հյուգ Պերնեին (Ֆրանսիա) եւ Նիկոլայ Գրիբկովին (ՌԴ)։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին մի կարճլիկ, կարելի է ասել՝ գրեթե ոտքի վրա, հանդիպում ունեցան նախագահ Քոչարյանի հետ եւ մեկնեցին Արցախ՝ Ստեփանակերտ, այնտեղից՝ Բաքու։ Ընդհանրապես, Մինսկի խմբի կամ ղարաբաղյան հիմնահարցով զբաղվող որեւէ խմբի համար եթե տարածաշրջանային այցի վերջին հանգրվանը դառնում է Բաքուն, ուրեմն հայկական կողմը ստիպված է լինելու հերթական հոգեբանական պարտությունը գրանցել։ Ադրբեջանցիները սիրում են հյուրերին «պատիվ տալ», ինչը հետո, անշուշտ, ազդեցություն ունենում է։ Ինչեւէ, երեկ համանախագահները նույն երթուղու վրա էին։ Հետաքրքիր է, որ իրենց որեւէ այցի ժամանակ համանախագահները ցանկություն չհայտնեցին հանդիպել եւ զրուցել երկրի օրենսդիր մարմնի հետ. ամեն անգամվա պես բավարարվեցին Վարդան Օսկանյանով եւ Ռոբերտ Քոչարյանով։ Խորհրդարանը կրկին շրջանցվեց, բայց կարող է ինքնամխիթարվել, քանի որ ինչ էլ լինի հարցի կարգավորման վճիռը՝ իր ձեռքի տակով է անցնելու եւ իր ընտրողների, այսինքն՝ ժողովրդի։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այն դամոկլյան սուրն է, որը դեռ կախված է մնալու իշխանությունների գլխին։ Համանախագահները 15 րոպեանոց հանդիպման ընթացքում ասացին, թե հարցերին պատասխանում են այցի վերջում, եւ իզուր են հայ լրագրողներն ակնկալում, թե իրենք երկար եւ մանրամասն պատասխաններ են տալու։ Այսինքն՝ կրկին Բաքվից կլսենք համանախագահների կարծիքը։ Երեւանում նրանք ընդամենը փաստեցին. «Մենք շատ բավարարված ենք, որ մեզ ընդունեց նախագահ Քոչարյանը։ Մենք համոզվեցինք, որ Հայաստանի ղեկավարությունը տրամադրված է շարունակել գործընթացը, ինչը մեզ շատ է ուրախացնում։ Կարծում ենք, որ երկու երկրների նախագահների ներկայացուցիչների հանդիպումների ֆորմատը դրական դեր է խաղում եւ լուրջ աջակցություն է Մինսկի խմբին։ (Պարզապես ստիպված ենք հիշեցնել, որ նույն հանդիպումների մասին, համենայնդեպս, վերջին՝ սադարակյանի մասին, նույն Հեյդար Ալիեւը խիստ վատ է արտահայտվել՝ ասելով, որ մոտ չորս ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերը փորձել են ելք գտնել, սակայն հանդիպումն անցել է անարդյունք.- Մ. Ե.)։ Համենայնդեպս, մինչ այսօր համոզված ենք, որ ներկայացուցիչների հանդիպման գործընթացը պետք է շարունակվի»։ ՌԴ-ն ներկայացնող Ն. Գրիբկովն ասաց, որ նախագահ Քոչարյանի ասածները (ոչ ոք չիմացավ, թե ինչ է ասել Ռոբերտ Քոչարյանը) իրենց ոգեւորում է եւ իրենք հենց այդ տրամադրությամբ էլ կշարունակեն իրենց ճանապահը։ Պրն Գրիբկովը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ նախընտրական շրջանը Ադրբեջանում եւ Հայաստանում ազդեցություն ունի գործընթացի տեմպերի վրա, բայց գլխավորն այն է, որ գործընթացը կանգ չի առնում, շարունակվում է, եւ որ Սադարակում երկու նախագահների հանդիպումն այդ բանի ապացույցն է։ ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահ Ռուդոլֆ Պերինան եւս ասաց, թե նախագահ Քոչարյանն իրենց շատ կարեւոր բաներ է ասել, եւ որ համանախագահները «լավ հնարավորություններ են տեսնում ապագայում, գործընթացը շարունակվում է եւ ստանում է նոր գիծ։ Դուք հասկանում եք, որ ես չեմ կարող մանրամասներ ներկայացնել բանակցություններից, սակայն կարող եմ նշել, որ հնարավորություններ կան գործընթացը զարգացնելու եւ առաջ մղելու»։ Նախագահի աշխատակազմից տարածված մամլո հաղորդագրությունն այնքան ժլատ էր, որ անհնարին է նույնիսկ տողատակերը հասկանալ։ Դրանում ընդամենն ասվում է. «Զրուցակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետագա զարգացման առնչությամբ։ Հանդիպմանը մասնակցել են ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, Հայաստանում համանախագահող երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները»։ Օրերս ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, խոսելով համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք (արդեն կատարված) այցի մասին, շեշտել էր, թե համանախագահների կողմից որեւէ առաջարկություն Երեւանը չի ակնկալում։ Ըստ ամենայնի՝ Երեւանն է համանախագահներին ինչ-որ բան ասել, որից վերջիններս կարծես դժգոհ չէին։ Առայժմ բանակցությունները ձգձգվում են, եւ կողմերը սկսել են փոխադարձաբար միմյանց մեղադրել այդ ձգձգման մեջ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել