Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱԹԻԼ՝ ԾՈՎԻ ՄԵՋ

Սեպտեմբեր 27,2002 00:00

ԿԱԹԻԼ՝ ԾՈՎԻ ՄԵՋ ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը հանդես չի գալիս քաղաքական ելույթներով: Եվ նրա մասին լուրեր էլ տարածվում են միայն այնժամ, երբ խոսքը վերաբերում է Տավուշին, որն ԱԺ-ում ներկայացնում է նա: Լուրերի տարածումը պրն Մելիքյանն այսպես է մեկնաբանում՝ «Իհարկե այդպես պիտի լիներ, քանի որ ես եմ ավելի շատ աշխատում եւ ես եմ մտահոգված այդ շրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմամբ: Դա մտահոգում է չաշխատողներին եւ դատարկ խոսողներին»: – Վերջերս կայացած «Տավուշ» հայրենակցական միության համագումարում հայտարարեցիք, թե անհրաժեշտ է վարչատարածքային նոր բաժանում կատարել եւ իրար միացնել Շամշադինն ու Ճամբարակը: Պատվիրակների վկայությամբ՝ մարզում նաեւ հայտարարել եք, թե հենց Դուք էլ դառնալու եք այդ նոր կազմավորման մարզպետը: Իրոք ունե՞ք նման ակնկալիքներ: – Ես մարզում ոչինչ չեմ հայտարարել, որ նպատակ ունեմ ղեկավարել նորաստեղծ մարզը: Առավել եւս, որ նման նպատակ ընդհանրապես չունեմ՝ նույնիսկ գործողը ղեկավարելու, եւ չեմ էլ ունեցել՝ չնայած շատ են տարածվել այդ տիպի խոսակցություններ: – Այնուամենայնիվ, այժմ այդ լուրերն ավելի շատ են շրջանառվում՝ հաշվի առնելով, որ Ձեր ընտրատարածքում պատգամավոր առաջադրվելու մտադրություն է վերագրվում գործարար Հրանտ Վարդանյանի որդուն: Եվ ենթադրվում է, որ հակադրություն չստեղծելու համար՝ Ձեզ մի պաշտոն կառաջարկեն գործադիր իշխանության մեջ: – Ես նման տեղեկատվություն չունեմ: Եվ դա ինձ չի անհանգստացնում ընդհանրապես: – Ուրեմն մտադիր եք նույն ընտրատարածքում վերընտրվել պատգամավո՞ր: – Ժամանակը կգա, կորոշենք: – Բայց այժմ արդեն բոլորը ճշտում են, թե ինչ սահմաններ է ունենալու իրենց ընտրատարածքը, ովքեր են լինելու իրենց մրցակիցները, փորձում պայմանավորվել նրանց հետ: – Ես նման հարցերն առայժմ համարում եմ ժամանակավրեպ: – Համագումարում ունեցած Ձեր ելույթում, սակայն, արդեն իսկ քննադատեցիք «Գրանդ Տոբակոյին», թե վերջինիս մենաշնորհի հետեւանքով՝ մարզում չի զարգանում ծխախոտագործությունը: – Դա Յուրա Խալաթյանն ասաց, թե այդ կազմակերպությունը թալանել է ժողովրդին, լացացրել մարդկանց: Իմ ելույթում նման խոսքեր չեն հնչել. ես ընդամենը կրկնել եմ Յուրա Խալաթյանի ելույթը: – Այնուամենայնիվ, մարզում ծխախոտագործության զարգացման մասին. Դուք Տավուշի ծխախոտի ֆերմենտացիոն գործարանի բաժնետերերի՞ց չեք: – Ոչ: Ընդհանրապես կապ չունեմ այդ գործարանի հետ: – Ինչպես եւ Հայաստանի այլ բնակավայրերի, այնպես էլ Տավուշի, որ բնակչության շեշտակի անկում է ապրում, հիմնահարցերի լուծման բանալին կլիներ աշխատատեղերի ստեղծումը: Բայց մարզի մի շարք ձեռնարկություններ չեն գործում՝ այդ նույն ֆերմենտացիոն գործարանը, որ 60 հազար դոլարով իր հոսքագիծը վաճառեց «Մասիս Տոբակոյին» կամ 130 հազար դոլարով սեփականաշնորհված պանրի գործարանը: Այդ ովքե՞ր են նրանց տերերը, որ մտահոգված չեն աշխատատեղերի ապահովմամբ: – Նման լուրերի տարածումն ընդամենը նախանձի հետեւանք է: Դրանց հիմքում ոչ մի լուրջ բան չկա: Այո, Ձեր նշած ձեռնարկությունները չեն գործում: Բայց ես չգիտեմ՝ իրոք վաճառվե՞լ է հոսքագիծը: Ինձ չի էլ հետաքրքրում: Կարծում եմ, որ այդ գործարանները չեն գործում, քանի որ նրանց տերերն ընդունակ չեն աշխատել ներկա տնտեսական պայմաններում կամ էլ, ավելի շուտ, նրանց ֆինանսական սնանկ վիճակը չի տալիս դրա հնարավորությունը: Ես մի քանի անգամ խոսել եմ տերերի հետ՝ միշտ առաջարկում են միջնորդել, որ ֆինանսական օգնություն տրամադրվի տարբեր կազմակերպություններից կամ կառավարության երաշխիքով տրամադրվեն վարկեր, որ կարողանան աշխատել: Բայց վարկեր տրվել են նաեւ շրջանում աշխատող այլ ձեռնարկությունների, ասենք՝ պահածոների կամ գինու գործարաններին, եւ նրանք դրանից հետո հայտնվել են սնանկացման եզրին, չեն կարողացել լրջորեն կազմակերպել այդ ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը: – Ամփոփենք. «Տավուշ» հայրենակցական միության համագումարում շեշտվում էր, թե Շամշադինն անպայման պիտի առանձնացվի Իջեւանից: Համակարծի՞ք եք: – Ասեմ, որ այդ համագումարում ելույթ ունեցողները հիմնականում ընդհանրապես գաղափար չունեին շրջանի սոցիալ-տնտեսական վիճակից: Նրանք կապ էլ չունեն շրջանի հետ. տարվա մեջ մի անգամ կամ զանգում են, կամ, լավագույն դեպքում, եթե այնտեղ ծնողներ ունեն, գնում են հանդիպման: Եվ ելույթներ ունեցան հիմնականում այն մարդիկ, ովքեր ոչինչ չեն արել այդ շրջանի համար: Համեստորեն լռեցին համագումարի դահլիճում մեծ թիվ կազմող Տավուշի այն նախկին բնակիչները, ովքեր շատ բան են արել ե՛ւ տնտեսության, ե՛ւ սոցիալական խնդիրների լուծման տեսակետից: Ուղղակի մթնոլորտն էր այնպիսին, որ չանողներն ավելի շատ խոսեցին եւ չառաջադրեցին որեւէ լուրջ հարց: Իսկ այն, ինչ այսօր եւ անցած երեք տարվա ընթացքում արվել է՝ ոչ մեկը չցանկացավ նշել: Շրջանում այժմ տարվում է բավական աշխատանք: Բայց այնքան շատ են խնդիրները, որ կատարված աշխատանքը կարծես թե կաթիլ է՝ ծովի մեջ: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել