Լրահոս
Օրվա լրահոսը

«Փախած» փառատոն

Սեպտեմբեր 26,2002 00:00

«Փախած» փառատոն «Եթե Համազգային թատրոնի պատը չփլվեր, փառատոնը չէր հետաձգվի»,- մեր առանձնազրույցի վերջում տեղեկացրեց Արթուր Ղուկասյանը։ Խոսքը գնում է այս տարվա հոկտեմբերին նախատեսված ու չկայացած «Highfest» միջազգային թատերական փառատոնի մասին։ Արթուր Ղուկասյանը, նույն ինքը՝ փառատոնի նախագահ, նույն ինքը՝ Կովկասյան մշակութային ծրագրերի բյուրոյի տնօրեն Հայաստանում, նույն ինքը՝ Կովկասյան մշակութային հիմնադրամի խորհրդի անդամ, նույն ինքը՝ Հայ դերասանների միության նախագահ, երեկ «ա լյա ֆուրշեթ»-ի էր հրավիրել լրագրողների, որպեսզի պարզաբանի ուղիղ մեկ տարի հետո նախատեսվող փառատոնի մանրամասներ։ «Շուտ չէ՞» հարցիս պատասխանեց. «Որովհետեւ շատ են հարցնում ու հետաքրքրվում, թե ինչ բան է դա»։ «Շատ հարցնող ու հետաքրքրվողներին ասենք, որ «դա»-ն արտերկրի մի շարք հեղինակավոր ու մեր 2-3 նույնքան հեղինակավոր (գոնե՝ մեզ համար) թատերական խմբերի մասնակցությամբ փառատոն է, որը կազմակերպիչները ծրագրում են անցկացնել 2003 թվականի աշնանը։ Այն կտեւի մոտ մեկ շաբաթ, կցուցադրվի 25 ներկայացում 3 տարբեր բեմերում միաժամանակ։ Նախկին պլաններով ընդամենը մեկ ամիս հետո անցկացվելիք միջոցառման գումարները փառատոնի կազմակերպիչները դեռ նոր են հայթայթում։ Ընդ որում, նախ ասացին, որ ամենամեծ հույսը երկրի նախագահն է ու կառավարությունը, հետո էլ «մեղմացրին». «Եթե նրանք օգնեն բեմերի, լույսերի եւ այլ ծախսերի վարձը փոքրացնելով (կամ՝ անվարձահատույց), էլի բան է»։ Իսկ որտեղից կճարվի նախահաշվարկային 50 հազար դոլարը, «դա հարց չէ, մենք շատ ենք սկսել նմանատիպ խոշոր միջոցառումներ, չիմանալով, թե որտեղից, բայց հետո գումարը հայտնվել է»։ Մեր իրականության մեջ այս կերպ գումար գտնել կարող է իրեն թույլ տալ միայն Դեյվիդ Կոպերֆիլդը, որն էլ դեռ հետեւորդներ չունի։ Բայց դե, ո՞վ ունի հայի հնարավորությունը։ Մեր զրուցակից կոպերֆիլդները (մյուսը փառատոնի պրոդյուսեր Լեւոն Աբրահամյանն էր) վստահ են, որ նույնիսկ «5000 դոլարանոց» (հոնորարի չափն է) անգլիացի Հովարդ Բարկերին (Լոնդոնի «Ռեսլինգ սքուլ» թատրոնի գեղղեկավար) կարող են ձրի բերել Հայաստան, որովհետեւ «լավ համոզել գիտենք, լավ կապեր ունենք»։ Առայժմ հրավիրյալներից ոչ մեկի հետ չկա գրավոր պայմանագիր, բայց «մեծադղորդ» անուններն, ըստ կազմակերպիչների, բանավոր համաձայնություն տվել են, եթե դրանց կեսն էլ չփոշմանի՝ OK։ Հարց ծագեց նաեւ, թե՝ ծիծաղելի թիվ չէ՞ 50000-ը այդքան անվանիների հրավիրելու համար, նրանց պահել կա, Հայաստանով մեկ պտտել կա։ Գլխավոր պրոդյուսերը գումարը «նորմալ» համարեց. «Դրանք լինելու են փախած թատրոններ, կլինեն 2-3 դերասանով խմբեր, կտեղավորվենք, հետո շատ է լինում՝ գալիս են, մեր հուշարձաններին, մեր ջերմությանը խաբվում ու իրենք են հրաժարվում հոնորարից»։ Այս ընթացքում եղել են նաեւ թատրոններ, որոնք առաջարկված գումարի մեջ չեն տեղավորվել ու ասել են՝ «հաջողություն»։ Որքան հասկացանք, փառատոնի հիմնական նպատակն այն է, որ արտերկրից եկած «պուզատի» պրոդյուսերները նկատեն մեր թատերարվեստը եւ ճանապարհ բացեն այլաշխարհ, ինչի համար փող դնելն, իսկապես, «սուրբ» գործ է։ Հիմա մնաց, որ ամեն կարգի աճպարարություն հաջողությամբ պսակվի եւ եկող տարի մի նոր ասուլիսով ու նոր պատճառով փառատոնը չհետաձգվի կամ՝ թու- թու-թու, լավ, վատ բան չասենք։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել