Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՓԱԿ-ը տոնեց իր 10-ամյակը

Սեպտեմբեր 26,2002 00:00

ՆՓԱԿ-ը տոնեց իր 10-ամյակը 1992թ. ամռանը Սոնյա Պալասանյանը եւ հայաստանցի մի խումբ արվեստագետներ Ժամանակակից արվեստի թանգարանում բացեցին մի ցուցահանդես «9» անվամբ, որը դարձավ Նորարար-փորձառական արվեստի կենտրոնի սկզբնավորումը։ 2002թ. սեպտեմբերի 23-25-ը ՆՓԱԿ-ը նշեց իր 10-ամյակը, բարեկարգված մեծ ու փոքր դահլիճներում ցուցադրելով հայ նորարարների տարաբնույթ աշխատանքները։ ՆՓԱԿ-ի բարերար Ժակ Պողոսյանի որդին՝ Ռոբերտը, մեր զրույցի ընթացքին իր ուրախությունը հայտնեց այսպիսի արվեստի կենտրոնին աջակցելու եւ հովանավորելու համար։ Ըստ նրա, «հայ արվեստագետները տաղանդավոր են, ունեն ստեղծագործ միտք եւ արժանի են հովանավորության»։ Նա հուսով է, որ հնարավորություն կստեղծվի երիտասարդ արվեստագետների գործերը ներկայացնել Եվրոպայում եւ Ամերիկայում, քանզի նրանց ստեղծագործությունները չեն զիջում արվեստի համաշխարհային մակարդակը։ Տասնամյակին ներկա էին բազմաթիվ հյուրեր։ Աշոտ Բլեյանն իր ուրախությունը հայտնեց Երեւանում նման հրաշալի արվեստի կենտրոն ունենալու համար, իսկ պարսիկ հյուրերը զարմացած ու հիացած էին։ Մեծ սրահի երեք էկրաններին միաժամանակ ընթանում էր Սոնյա Պալասանյանի վիդեո աշխատանքը, որն ուղեկցվում էր ռեժիսոր Գագիկ Ղազարեի բեմադրությամբ։ Այն «անվերնագիր» էր, սակայն, ըստ ռեժիսորի, ընդհանուր թեմայի՝ «ուժի չարաշահում», շրջանակներում այն արտացոլում էր մեր իրականությունը։ Բեմի վրա 13-ն էին, նրանք ուտում, ուտում ու չէին հագենում, ալյուրը ցանում էին, սակայն հասկեր չէին ծլելու՝ իրավիճակ, որը վերաճում է աբսուրդի։ Դավիթ Կարեյանի վիդեոարտը դարձյալ նույն թեման էր արծարծում՝ Հիսուսի կերպարը, փաստագրական դրվագներ՝ պատերազմի, արյան, վայրագության։ Ակցիային մասնակցում էին Եվա Խաչատրյանը, Մարիաննա Հակոբյանը, Նաիրա Թադեւոսյանը, Արփա Հակոբյանը եւ ՆՓԱԿ-ի թատերախումբը։ Երկրորդ ցուցասրահում ներկայացված էին լուսանկարներ եւ Թենի Վարդանյանի մեծադիր գեղանկարը։ Ազատ Սարգսյանը ներկայացրել էր իր առաջին եւ վերջին ակցիաների նկարահանումները։ Իսկ ինքը՝ ղահվեչիի դերում սուրճ ու թեյ էր մատուցում այցելուներին։ ՆՓԱԿ Գալերեայում Նարեկ Ավետիսյանն էր, որ համակարգչային արվեստի իր փորձերն էր ցուցադրում՝ փաստելով նոր հազարամյակի տեխնիկական միջոցները օգտագործելու անհրաժեշտությունը։ Մի այլ լեփ-լեցուն դահլիճում ցուցադրվում էին 10 հայրենաբնակ եւ 3 սփյուռքահայ արվեստագետների վիդեո աշխատանքները։ Վերանորոգված ՆՓԱԿ-ը այսուհետեւ կունենա գրադարան, կինոցուցադրման հնարավորություն, լուսային եւ ձայնային հզոր տեխնիկա, նաեւ՝ խոհանոց։ Որպես բարեմաղթանք, Վարդան Ջալոյանն ասաց. «Ցանկանում եմ ՆՓԱԿ-ի 50-ամյակի նշումը»։ Չի բացառվում այլմոլորակային արտիստների ցուցահանդես… ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել