Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պայթունավտանգ Արարատում սպասում են «Ռոբերտոյին»

Սեպտեմբեր 26,2002 00:00

Պայթունավտանգ Արարատում սպասում են «Ռոբերտոյին» Ռեպորտաժի փոխարեն Մինչ կառավարությունը պատրաստվում է մասնավորեցման ուղղակի վաճառքով «Արարատցեմենտ» ՊՓԲԸ-ն նվիրել (10 մլն դոլարով) օֆշորային գոտում գրանցված «Ռոբերտո» խոսուն անվամբ իբրեւ թե իտալական ընկերությանը, Արարատում ստեղծվել է պայթունավտանգ իրավիճակ։ Պատկերացրեք, արարատցիները, որ մեկ տարի առաջ թաքուն եւ անթաքույց զայրույթով ընդունեցին նախկին վարչապետ Արամ Սարգսյանին տնօրենի պաշտոնից հեռացնելը, այսօր սպասում են, որ կոմբինատը օր առաջ ազատվի շուրջ 1 տարի այն տնօրինած մարդուց՝ Գագիկ Գասպարյանից։ «Ռոբերտոն» չի կարող պարզապես ավելի վատը լինել»։ Երբ Արարատի նախկին քաղաքապետ Գագիկ Գասպարյանը նշանակվեց ցեմենտի կոմբինատի տնօրեն, շատերը չգիտեին, ի՞նչ մտածել։ Միջնակարգ մասնագիտական կրթությամբ, ոչ այնքան բարի համբավ ունեցող մարդու ո՞ր արժանիքներն արդյոք հաշվի առան։ Կասկածներ, իհարկե, կային. գնահատվել էր Վազգեն Սարգսյանի եւ նրա հետ որեւէ կապ ունեցող ամենքի ու ամեն ինչի հանդեպ կույր ատելությունը, այսինքն, նշանակվողն ի սկզբանե «մի առաքելություն» ուներ. կոմբինատը զտել նախկիններից, ինչի վերջակետը նա դրեց բոլորովին վերջերս, առանց որեւէ պատճառաբանության աշխատանքից ազատելով վերջին մոհիկաններին՝ Վազգենի մտերմագույն ընկեր եւ Արարատում մեծ հեղինակություն վայելող Նորիկ Պողոսյանի գլխավորությամբ։ Հասկանո՞ւմ էր արդյոք Գ. Գասպարյանը, որ ինքը ընդամենը գործիք է այս պարագայում՝ բնավ կարեւոր չէ։ Կարեւորը եւ վտանգավորն այն մթնոլորտն է, որ այսօր տիրում է Արարատում։ Որեւէ մեկին երբեւէ չէր հաջողվել Արարատը ներքաշել նման խաղերի մեջ, արարատցիներին այնպես հրահրել իրար դեմ, որ ստեղծված իրավիճակը այլ կերպ, քան պատերազմական, ըստ արարատցիների, անհնար լինի կոչել։ Ելքը, թերեւս, Գ. Գասպարյանին հրապարակավ մի քանի փաստեր հիշեցնելն է, որ վազգենամերժության իր մոլուցքի մեջ կանգ առնի։ Քանի դեռ Արամ Սարգսյանը կոմբինատի տնօրենն էր եւ Գագիկ Գասպարյանը՝ քաղաքապետը, կոմբինատը պարտաճանաչ կատարում էր իր պարտականությունները, վճարում հողի եւ գույքի հարկերը, հովանավորում քաղաքի երկու մանկապարտեզները, որոնք ամենածանր ժամանակներում իսկ բնականոն գործել են։ Բայց եթե մեկ ամիս վճարումները ուշանում էին, քաղաքապետն ահազանգում էր իր իմացած բոլոր հասցեներով՝ ԱԺ, կառավարություն, մարզպետարան, թե՝ հասեք, կոմբինատը քաղաքին չի օգնում։ Իսկ հիմա՞, երբ ինքն է կոմբինատի տնօրենը։ Մեկ տարվա ընթացքում ընդամենը 4 մլն դրամ է փոխանցել։ Հողի հարկի եւ գույքահարկի պարտքը կազմում է 35 մլն դրամ։ Մանկապարտեզները փակվել են, կոմբինատում քեֆ-ուրախություն է։ Քաջիկ Սաֆարյանը (փոխտնօրեն) եւ Արարատի տարածաշրջանի ոռոգման համակարգի պետը, արարատցիների բառերով ասած, «Գասպարյանի խելքը անընդհատ քանդում -հավաքում են, տրամադրելով իրենց անհաճո բոլորի դեմ»։ Մեկ այլ «ցեմենտագործ»՝ Լեռնիկ Վարդանյանը, նոր «կրոն» է հորինել՝ Քոչարյանի նկարը կախել է իր առանձնասենյակում, կողքերը մոմեր է վառում եւ օրնիբուն ծնրադրած աղոթում է, թե ինչ բախտ «լցվեց» իր գլխին։ Ժանտախտի ժամանակ խնջույքը լիակատար դարձնելու համար 70 մլն դրամի պարգեւատրում է բաժանվել բոլոր նրանց, ովքեր կանոնավոր հայհոյում են տնօրենի սրտից բխող ուղղություններով։ Իսկ Գ. Գասպարյանը այդ նույն կրոնի «աստվածաբանական» բառապաշարը հագեցնում է փողոցային հիշոցներով (կատարելագործվել է «Փերի» թեյարանում)։ Ի դեպ, հիշոցներն ուղղվում է ոչ միայն ողջերին, այլ նաեւ հանգուցյալներին։ Գ. Գասպարյանը ատում է Սարգսյաններին (Վազգենի հայրը Գասպարյանի հարսանիքի քավորն է)։ Սեպտեմբերի 20-ին Արարատի քաղաքապետարանի մոտ կոմբինատի հավաքարարները եւ մի քանի «ակտիվ» կանայք Գագիկ Գասպարյանի ազգականների եւ Կալբաս Աբոյի ղեկավարությամբ պահանջել են քաղաքապետի հրաժարականը։ Խիստ արտառոց մի դեպք էլ, երբ մի խումբ արալեզցիներ էին եկել նրա մոտ ոռոգման վիճակից դժգոհելու, պարոնն առանց դեսուդեն ընկնելու ծեծել է խեղճ մարդկանց, իսկ երբ ոստիկանություն է հավաքվել, իր թիկնապահին է «պաստավկա» արել։ Գասպարյանի կենսագրության հետաքրքիր էջերից մեկը, այսպես կոչված, «հարավսլավական պատմությունն» է։ 1999թ. սեպտեմբերին, ոմն դավալեցի Սաքո սմբակներ եւ կոտոշներ կարգի ընկերություն է հիմնում։ Այդ ժամանակվա քաղաքապետ Գ. Գասպարյանի բարձր հովանավորությամբ հարմար տեղավորվում քաղաքապետարանում եւ սկսում «էստի համեցեք» կանչել, թե՝ տանում եմ Հարավսլավիա՝ բարձր վարձատրվող աշխատանքի։ Ողջ հանրապետությունից հավաքում է 720 միամիտներ, որոնք առանց կասկածի նշույլի վճարում են 350-400 դոլար, քանի որ ցուցակները, չգիտես ինչու, կնքված եւ ստորագրված էին քաղաքապետի կողմից։ Հետո ճանապարհորդներին հասցնում է Ուկրաինա ու ճողոպրում։ Արարատի այն ժամանակվա մարզպետ Հովիկ Աբրահամյանը, տեղեկանալով կատարվածի մասին, 1000 դոլար է ուղարկում, որ մարդիկ վերադառնան։ Կոպիտ հաշվարկներով, ավելի քան 200 հազար դոլար փող է աշխատում Սաքոն, իսկ նրա հովանավոր Գ. Գասպարյանը մնում է առանց պատժի։ Դեռ քաղաքապետ աշխատած տարիներին Գ. Գասպարյանը իր թեթեւ ձեռքով քաղաքի հաշվեկշռից հանել է կենտրոնացված ջեռուցման ողջ համակարգը, վաճառել խողովակները։ Եթե Արամ Սարգսյանի օրոք գիպսի տոննան, օրինակ, արժեր 1400 դրամ, հիմա 6000 դրամ է։ Լինելով Արարատում, երեկ տեղեկացանք, որ «Հանրապետական» կուսակցությունը իր շարքերից կհեռացնի հանրապետական դարձած Գ. Գասպարյանին։ Արարատում կարծում են, որ սեպտեմբերի 23-ի՝ լույս 24-ի գիշերը կուսակցության գրասենյակի ապակիները ջարդած, մասնավորապես Վազգեն Սարգսյանի լուսանկարի ուղղությամբ քար նետած մարդիկ գասպարյանների թիմից են։ Թեեւ ո՞վ կարող է բացառել, որ այս ամբողջը կարող է լինել սադրանք բոլորի գլխին։ Արժեքներն այնքան են իմաստազրկվել, որ երեք առանձնատուն կառուցողը համարձակվում է խոսել ալան-թալանի մասին, հավակնելով ոչ թե պատգամավոր դառնալ, այլ նշանակել։ Արարատցիներից շատերը, որոնք խուսափեցին ներկայանալ, հայտնեցին, որ Գասպարյանը որոշել է ընտրատարածքներից մեկը նվիրել իր խնամի Դավիթ Հակոբյանին։ «Առավոտի» իրավական բաժին Արարատ-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել