Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտերնետն «ԱրմենՏելի» մենաշնորհը չէ

Սեպտեմբեր 26,2002 00:00

Ինտերնետն «ԱրմենՏելի» մենաշնորհը չէ «ԱրմենՏելը» «Սոֆտ Նոտայի» հետ որեւէ դատական կոնֆլիկտում ներգրավված չէ, եւ առայսօր մենք դատարանից չենք ստացել որեւէ ծանուցում որեւէ գործի լսման մասին»,- «Առավոտին» տեղեկացրեց «ԱրմենՏելի» գործադիր տնօրենի մամուլի հարցերով խորհրդական Գոհար Սիմոնյանը: Մինչդեռ, «Սոֆտ Նոտայի» շահերի ներկայացուցիչ Ա. Դարբինյանը մեզ տեղեկացրել էր, որ դատախազությունից բացի՝ իրենք դիմել են նաեւ տնտեսական դատարան, եւ գործի լսումը նշանակված է հոկտեմբերի 2-ին, ժամը 11-ին: Հայցադիմումում եւս «Սոֆտ Նոտայի» փաստարկները հակասում են «ԱրմենՏելի» մոտեցումներին: Մասնավորապես, «ԱրմենՏելի» Երեւանի կենտրոնական շրջանի պետը տարբեր հաստատությունների օգոստոսի 15-ին գրությամբ տեղեկացրել էր, թե «ԱրմենՏելը» Հայաստանի տարածքում միակ հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողն է, եւ այդ բացառիկ իրավունքն ընկերությանը վերապահված է թիվ 60 արտոնագրով: «Սոֆտ Նոտան» այս պնդումը «բացարձակ եւ գիտակցված կեղծիք» է գնահատել՝ նշելով, որ թիվ 60 արտոնագրում նման կետ գոյություն չունի ընդհանրապես. «Իսկ ինտերնետ ծառայությունների մատուցումը գտնվում է նրա ոչ բացառիկ իրավունքով մատուցվող ծառայությունների ցանկում, ինչը պարզորոշ գրված է վերոնշյալ արտոնագրում: Իրականում թիվ 60 արտոնագրի 5-րդ բաժնում (լիցենզավորողի իրավունքները եւ պարտականությունները) «ԱրմենՏելին» տրված է բացառիկ իրավունք միայն հեռախոսային կապի եւ հեռախոսային կապի միջազգային ելքի ծառայությունների նկատմամբ: Ինտերնետ ծառայությունները նա կարող է մատուցել ոչ բացառիկ իրավունքով, այսինքն՝ ընդհանուր հիմունքներով (տես՝ ՀՀ կառավարության որոշում, 25 հունիսի 1997 թ., թիվ 218)»: «Սոֆտ Նոտայի» շահերի ներկայացուցիչ Ա. Դարբինյանը զրույցում նշեց. «Մեր, «Web»-ի, «Intarnet»-ի կամ ցանկացած այլ պրովայդերի արտոնագիրն այս առումով չի տարբերվում «ԱրմենՏելի» արտոնագրից»: Այսպիսով, «ԱրմենՏելի» դեմ «Սոֆտ Նոտայի» հայցի քննությունը ձեռք է բերում բացառիկ նշանակություն. կհաջողվի՞ ինտերնետ ծառայություններ մատուցողներին Հայաստանի դատարանում ապացուցել, որ գոնե այդ մի առումով «ԱրմենՏելը» չունի մենաշնորհ: Ա. Ի. Հ. Գ. «ԱրմենՏելի» գործադիր տնօրենի խորհրդականն «Առավոտին» ասել էր, թե դեռ պիտի պարզվի՝ «արդյոք դատախազությո՞ւնն է այն մարմինը, որը պիտի քննի երկու սովորական տնտեսվարող սուբյեկտների միջեւ ծագած խնդիրները»։ «Սոֆտ Նոտայի» ներկայացուցիչն այս առնչությամբ հայտնեց, որ հենց դատախազությունն է իրավասու քննել քրեական՝ խաբեությամբ գույքային վնաս պատճառելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, իշխանազանցության եւ պաշտոնեական կեղծիքի հանցագործությունների հատկանիշներ պարունակող այդ գրությունների հարցը, որ «ԱրմենՏելն» ուղարկել է «Սոֆտ Նոտայի» ինտերնետ ծառայություններից օգտվողներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել