Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ը ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ «ՇԱՐՄԻ» ՎԻՃԱԿՈՒՄ

Սեպտեմբեր 26,2002 00:00

«Ա1+»-Ը ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ «ՇԱՐՄԻ» ՎԻՃԱԿՈՒՄ Թեեւ միջազգային գրեթե բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին Հայաստանի իշխանությունները խոստացել են, որ «Ա1+»-ի վերահեռարձակման խնդիրը պիտի լուծվի նոր մրցույթի միջոցով, բացառված չէ, որ «Ա1+»-ը չմասնակցի առաջիկա մրցույթին, եթե դրանում ընդգրկված չլինեն նաեւ ազատ կապուղիները: Պարզաբանում է հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը: -Եթե Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը գոնե այս անգամ չխախտի իր իսկ հայտարարած ժամկետները՝ հոկտեմբերի 15-ին պիտի հայտարարվի նոր մրցույթ մի քանի կապուղիների համար: «Ա1+»-ը կայացրե՞լ է վերջնական որոշում՝ մասնակցելո՞ւ եք մրցույթին: – «Ա1+»-ի կոլեկտիվը, իհարկե, անհամբեր սպասում է ինչ-որ լուծման եւ կոնկրետ որոշման: Բա՛յց: Քանի որ Գրիգոր Ամալյանն ինչ-ինչ պատճառներով չի ցանկանում հայտարարել մրցույթ ազատ հաճախությունների համար, հոկտեմբերի 15-ի մրցույթին մասնակցելով՝ կհայտնվենք «Շարմ» հեռուստաընկերության վիճակում: Իշխանությունները խաղի մեջ մտցրին անուն ունեցող այդ ընկերությունը, պատճառ դարձան, որ գրեթե վարկաբեկվի այն: Հիմա նույնն էլ ուզում են անել մեզ հետ: Եթե աշխատող հեռուստաընկերությունը ցանկանում է շարունակել իր գործունեությունը եւ դրա համար ծախսել է էներգիա եւ գումարներ, հավաքել մարդիկ՝ անբարոյական է խոչընդոտել նրա աշխատանքներին: Եվ մասնակցելով մրցույթի՝ պիտի եթերի համար կռիվ տանք գործող հեռուստակայանների հետ եւ դրանով երեւի հաճույք պատճառենք պրն Ամալյանին: Բոլորովին չեմ ցանկանում, որ այդպես լինի: Նաեւ վստահ եմ. եթե «Ա1+»-ը մասնակցի մրցույթի՝ կհաղթի անպայման, քանի որ որեւէ մեկը չի կարող ներկայացնել ավելի լավ ծրագիր: – Ազատ հաճախություններ ասելով՝ նկատի ունեք այն կապուղիները, որոնք այժմ զբաղեցված են առանց հեռարձակման համար անհրաժեշտ միակ օրինական հիմքի՞՝ արտոնագրի՞: – Այո, դրանք ըստ օրենքի համարվում են ազատ հաճախություններ: Դրանց գումարենք նաեւ հատկացված այն կապուղիները, որոնց սահմանված ժամկետն անցել է եւ դուրս չեն եկել եթեր: Կան նաեւ ազատ այնպիսի կապուղիներ, որոնք ընդհանրապես չեն ընդգրկվել հաճախությունների ցանկում: Այս բոլորի համար սկզբունքորե՛ն չեն հայտարարում մրցույթ, եւ դա օրենքի ակնհայտ խախտում է: Եվ դեռ ամեն տեղ հայտարարում են, թե այդ կապուղիները զբաղված են կամ խոտանված: Ես հասկանում եմ, թե սա ինչ խաղ է. մտավախություն ունեն, որ ընտրական այս շրջանում այդ կապուղիները կարող են ընկնել ընդդիմության ձեռքը, եւ պրն Ամալյանն արհեստական խոչընդոտներ է ստեղծում, որ դա տեղի չունենա հանկարծ: Բայց թեկուզ եւ ընկնեին՝ ի՛նչ է, ընդդիմությունը մեր երկրի թշնամի՞ն է: Եվ այս մոտեցմա՞մբ պիտի նախագահը շարունակի կառավարել երկիրը: – Ազգային հանձնաժողովի նախագահն իրոք հայտարարել է, որ նախընտրական այս տարում նպատակահարմար չի գտնում մրցույթ հայտարարել այն մի քանի կապուղիների համար, որոնք դե յուրե ազատ են՝ տեղ չթողնելով, որ իրենց գործողությունները մեկնաբանվեն ոչ քաղաքական համատեքստում: – Հանձնաժողովը միանշանա՛կ առաջնորդվում է քաղաքական նկատառումներով: Եվ ըստ ամենայնի, իմ գնահատմամբ, վախենում են քաղաքական հնարավոր զարգացումներից: Ինչեւէ: Մենք անպայման կմասնակցենք մրցույթին, եթե դրանք հայտարարվեն նաեւ ազատ հաճախությունների համար: – Սակայն հայտնի է հոկտեմբերի 15-ին մրցույթի ներկայացվելիք կապուղիների ցանկը, որոնք բոլորն էլ զբաղեցնում են գործող հեռուստաընկերություններ, որոնց արտոնագրի ժամկետն ուղղակի պիտի լրանա երկու ամսից: Ուրեմն չե՞ք մասնակցելու նոր մրցույթին: – Վերջնական պատասխան չեմ կարող տալ այդ հարցին: Սա իսկապես պիտի որոշի «Ա1+»-ի կոլեկտիվը: Ծանրութեթեւ կանենք բոլոր թեր ու դեմ կողմերը, հնարավոր տարբերակները: Բայց անձամբ ես իսկապես չեմ ուզում, որ հիմա էլ մենք դառնանք «Շարմի» պես մի բան: (Հիշեցնենք, որ ոչ թե «Ա1+»-ի ղեկավարության, այլ հենց կոլեկտիվի վճիռն էր Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման չգնալը, երբ պարզվեց, որ նախագահն ասելիք չունի իրենց.- Ա. Ի.): Կոլեկտիվն այժմ էլ է աշխատում, ունենք գործունեության ընդլայնման ծրագրեր: Աշխատում ենք արտերկիր տեղեկատվության արտահանման ուղղությամբ: Ինչքան էլ չցանկանան, խոչընդոտեն ու խանգարեն՝ միեւնույն է, մատուցվելու է նաեւ այն տեղեկատվությունը, որ փորձում են թաքցնել, հնարավոր չի լինելու ամեն ինչ ծածկադմփոց անել: – Արտերկրի ո՞ր լրատվամիջոցներին է այժմ տեղեկատվություն մատուցում «Ա1+»-ը: – Թույլ տվեք առայժմ չտալ այդ անունները: Քանի որ հեռուստաընկերությունն այժմ պատերազմական վիճակում է: – Զգուշանում եք, որ ճնշումնե՞ր կգործադրվեն: – Ոչ թե զգուշանում եմ, այլ ճնշումներն արդեն իսկ գործադրվում են: Եվ մեր գործունեությունն անընդհատ է խոչընդոտվում: Ուզում են, որ «Ա1+»-ն ընդհանրապես դադարեցնի իր աշխատանքները: Բայց չի8217 ստացվելու: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել