Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱՎՈՐ ԴԻՄԵՔ։ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՆ

Սեպտեմբեր 26,2002 00:00

ԳՐԱՎՈՐ ԴԻՄԵՔ։ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՆ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը երեկ կրկին ձիու (ամբիոնի) վրա էր եւ այդ դերում իրեն զգում էր՝ ինչպես ձուկը ջրում։ Համակարգող նախարարը կառավարությանն ուղղված 19 հարցերի կեսից ավելիի պատասխաններն անձամբ տվեց։ Ճիշտն ասած, կառավարության հարցուպատասխանի արարողությունը հերթական անգամ վերածվեց գրեթե պարոնյանական մի իրավիճակի, երբ «ամենքը քով քովի ժողովված նիստ ըրին եւ նիստին մեջ բան մը չըրին»։ Վարչապետի հրաժարականը՝ պատգամավորների պոպուլիստական հարցերի ջրաղացին ջուր չլցնելու մասին, երկուստեք պահպանվեց։ Պատգամավորները շարունակեցին ժողովրդից ստանալիք քվեի ակնկալիքով դիմել գործադիրին, գործադիրն էլ պատասխանեց չպատասխանելու նման։ Մի մեծ խումբ հարցեր նվիրված էին կապի ոլորտին։ Գրիգոր Հարությունյանը հարց բարձրացրեց Մեղրիի չեղած հեռախոսակապի, Հրանտ Խաչատրյանը՝ Ախթալայի գողացված հեռախոսակայանի մասին։ Ախթալայի 7 ամիս առաջ գողացված հեռախոսակայանի վերաբերյալ համակարգող նախարարի պատասխանը հետեւյալն էր. «Եթե գողացել են, կան իրավապահ մարմիններ, թող գրավոր դիմեն, եւ իրավապահ մարմինները կզբաղվեն»։ Այստեղ էր, որ խորհրդարանի համար պարզ դարձավ՝ վազգենխաչիկյանականությունը դեռ շատ հեռուն կգնա։ Ամենաջահել պատգամավորը (ՀՀԿ-ն) անմիջապես կատարեց իր «պարտականությունը» եւ հայտարարեց. «Գողությունը կապել իշխանական կուսակցությունների կամ ընտրությունների այլեւայլ մտադրությունների հետ, անկեղծորեն ասած՝ մի քիչ էլ քաղաքական գրականություն կարդում ենք, բայց, թե ինչպես կարելի է, ենթադրենք, իշխանությունների համար անցանկալի բանը օգուտ լինի իշխանություններին, ես ինքս էլ չեմ հասկանում»։ Խոսքը խմբագրելու իրավունքը մեզ չվերապահեցինք, բայց պարզ էր, որ խաչիկյանները դեռ հարկավոր են լինելու «ռեսպուբլիկային»։ Գրավոր դիմելու մասին. հարցերի մեծ մասը նման առաջարկի արժանացավ։ Կառավարությունն այնքան ասաց՝ հարցը գրավոր ներկայացրեք՝ կնայենք, որ բոլորովին զարմանալի չէր թվա, եթե ռուս-վրացական հարաբերությունների վերաբերյալ հնչած հարցին եւս կառավարությունը գրավոր պատասխանելու ցանկություն հայտներ։ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը որոշեց մոտենալ ամբիոնին եւ պատասխանել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի հարցին։ Իսկ հարցն, իրոք, կարեւոր է։ Պրն Դալլաքյանն ուզեց ճշտել կառավարության մոտեցումն այս հարցում. «Իրավիճակը բարդանում է նրանով, որ Հայաստանը, լինելով ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության կառույցի անդամ, ռուս-վրացական հնարավոր ռազմական կոնֆլիկտի դեպքում միգուցե ստիպված կլինի պաշտպանել Ռուսաստանին։ Մյուս կողմից՝ Վրաստանը Հայաստանի համար բարեկամական երկիր է, որտեղ անկայունության դեպքում Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ մասնավորապես կոմունիկացիոն տեսանկյունից»։ Քննարկե՞լ է, արդյոք, կառավարությունը ստեղծված իրավիճակը։ Այս հարցի պատասխանը Վարդան Օսկանյանն առանց վարանելու տվեց՝ ինքը երկրում չէր եւ չգիտի՝ վարչապետի մոտ քննարկվե՞լ է հարցը, թե՞ ոչ։ Բայց որ նախագահի հետ ԱԳ նախարարը հարցը քննարկել է՝ հաստատ։ Պրն Օսկանյանն ասաց. «Իսկապես, եթե հանկարծ լարվածությունը սրվի, եւ ինչ-որ ռազմական իրավիճակ ստեղծվի, Հայաստանը, կարծում եմ, տուժող կողմ կլինի»։ Վ. Օսկանյանը հույս ունի, որ հոկտեմբերի 6-7-ին Քիշնեւում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովում հարցը կքննարկվի։ Արմեն Խաչատրյանը տեղից պարզապես լրացրեց, թե ԱԺ-ն էլ է ռուս-վրացական հարցերով մտահոգ, եւ իրենք էլ են «փորձում հնարավոր ամեն ինչ անել՝ հարցի մեղմացման համար»։ Ավելի ուշ պարզվեց, որ վարչապետ Մարգարյանը եւս հուզված է ռուս-վրացական հարաբերությունների սրմամբ։ Հատուկ ԱԳ նախարարի համար ենք այս պարբերությունը ներկայացնում։ Թե չէ, մեզանում ստացվում է մի իրավիճակ, երբ աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Կարծես, գոնե երկրի արտաքին քաղաքականությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցերում օրենսդիրը, գործադիրն ու երկրի գլուխը պետք է միակամ լինեն։ Ինչը, ցավոք, չենք կարող, փաստել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. «ՕԵ»-ից Արծրունի Աղաջանյանը երեկ կառավարությանը լուրջ «մտորումի» առիթ տվեց։ Պատգամավորին դիմած կենսաթոշակառուները դժգոհել էին, որ զրկվելով ընտանեկան նպաստից, 4800 դրամ կենսաթոշակով չեն կարողանում ապրել. «Ո՞նց ապրենք 4800 դրամով»։ Կենսաթոշակառուների այս հարցը խիստ աշխուժացրեց կառավարության անդամներին. մի քանիսը քթի տակ ծիծաղեցին, մի երկուսն էլ սկսեցին տեղում պտտվել եւ իրար ինչ-որ բան հարցնել։ Իսկապես, կառավարության յուրաքանչյուր անդամի համար ապրելու չափանիշները բոլորովին այլ են։ Պորտֆելակիրները հաստատ չպատկերացրին էլ, թե որքան է այդ 4800-ը եւ դրանով ինչ կարելի է գնել։ Իսկ սոցիալական ապահովության նախարարը կրկին ու նորից բացատրեց, որ նպաստը կապ չունի կենսաթոշակի հետ, որ կենսաթոշակը 600 դրամով բարձրացել է, որ երեւի մի 20 դրամով կրկին կբարձրանա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել