Ինչի՞ց է կախված շաքարավազի գինը Մինչ ընդդիմությունն ու իշխանություններն զբաղված են փոխադարձաբար միմյանց մրելով, շուկայական մաֆիան պարզապես խաղում է ժողովրդի նյարդերի հետ: Վերջին մեկ շաբաթվա դիտարկումների արդյունքում պարզվեց, որ շաքարավազի գնի կտրուկ եւ անսպասելի թռիչքի շնորհիվ որոշ ճարպիկներ ժողովրդի «ավելորդ արյունը» մի լավ քամեցին: Այսպես, սեպտեմբերի 11-ին Վանաձորի առեւտրի կետերում նկատվեց շաքարավազի «դեֆիցիտ» (համենայնդեպս այդ կերպ էին մեկնաբանում վաճառողները «չունենք, չկա» պատասխանը): Շաքարավազ վաճառող հատուկենտ կետերում էլ գինը հասավ 1 կգ-ը 300 դրամի, այն դեպքում, երբ նույն օրվա 1-ին կեսին եղել էր 220 դրամ (վերջին 2-3 ամիսների գրեթե անփոփոխ գինը): Քաջատեղյակ աղբյուրների հավաստմամբ, առավել ճարպիկները 220 դրամով գնել եւ որպես «էժան» 250-ով վաճառում էին նրանց, ովքեր ընդամենը մի քանի օր առաջ 230-ը թանկ էին համարում: Իրավիճակը սեպտեմբերի 12-ին նույնն էր նաեւ մայրաքաղաքում, որտեղ կենտրոնական հատվածում տեղակայված խանութներից մեկում 30 րոպեի ընթացքում շաքարավազի գինը 270 դրամից հասավ 300-ի: Ընդ որում, բարձրացված գինը արդեն գրավոր չէր նշված, այլ պարզապես բանավոր հայտնում էին, թե «Ունենք, բայց 300-ով»: Վանաձորյան որոշ կետեր սեպտեմբերի 12-ին արդեն գինը հասցրին 350 դրամի: Մինչ որոշ միամիտներ «հայ-հավար» սեպտեմբերի 13-ին արդեն 290 դրամով որպես «էժան» շաքարավազ էին մթերում (վախենալով, թե հանկարծ ավելի մեծ թռիչք կարձանագրվի), սեպտեմբերի 14-ից շաքարավազի գինը կտրուկ իջավ 240-ի, եւ ովքեր արդեն մեծաքանակ գնումներ էին կատարել «թանկով», քիչ մնաց կաթվածահար լինեին, հատկապես, երբ հաջորդ օրվանից էլ գինը իջավ 220-ի: Գործարարների արդարացումն այն էր, թե «Վագոնը տեղ չէր հասել, դրա համար էլ մի քանի օր գինը թանկ էր» (հետաքրքիր է, թե ինչո՞ւ երեք տարվա ընթացքում վագոնի նմանատիպ «ուշացման» արդյունք չէր արձանագրվել, մանավանդ, ոչ մութ է եղել, ոչ շրջափակում): Առավել «տնավարի» մի բացատրություն էլ այն էր, թե պահածոյացման շրջանի հետ է կապված թանկացումը (ինչը նույնպես համոզիչ չի հնչում, քանի որ այդ «աժիոտաժը» ընդամենը երեք օր տեւեց, որի ընթացքում, սակայն, ինչ-ինչ մութ ուժեր իրենց սեւ գործն արին): «Հոկտեմբերի 1-ից թոշակներն ավելացնում են, դրա համար էլ գները թռչում են»,- սա էլ՝ մեկ այլ ենթադրություն: Հատկանշական է, որ առանձին խանութներ շաքարավազի գինը դոլարի կուրսի նման օրվա մեջ մի քանի անգամ կարող են իջեցնել-բարձրացնել՝ 230-240-220, ինչն արդեն «վագոնի» տարբերակի հետ հաստատ կապ չունի: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ