«ՏԻԳՐԱՆ» ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆԻՑ ՍՆՎՈՂ ՏԻԳՐԱՆԸ Խճուղային հեծանվորդ, ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող, «Հայաստան» մարզական միության անդամ Տիգրան Կորկոտյանը մարզաձեւի առաջատարներից է հանրապետությունում։ Օգոստոսի վերջերին ներկայումս Ֆրանսիայում բնակվող, նախկինում ճանաչված հեծանվորդ Սողոմոն Քեփեկյանի՝ Երեւանում կազմակերպած հրապարակային հեծանվավազքի մրցումներում երկու փուլերի արդյունքով հաղթող դառնալուց հետո Տիգրանը մեկնեց Ֆրանսիա եւ անդամագրվեց «Վիերնեվի» ակումբին։ Անցած կարճ ժամանակահատվածում հայ մարզիկն արդեն հասցրել է ինն անգամ մեկնարկի ելնել եւ իր ցույց տված արդյունքներով, մարտական բնավորությամբ հաճելիորեն զարմացնել այդ երկրի մասնագետներին։ Դա մեզ շոյում է նախ եւ առաջ նրանով, որ ընդամենը մեկ ամսում Ֆրանսիայի նման հեծանվային երկրում ճանաչման արժանանալը հեշտ բան չէ։ Սովորաբար, խճուղային հեծանվավազքերն առանձնանում են մասնակիցների մեծ քանակով ու այնտեղ առաջինների մեջ լինելու համար բազմաթիվ որակներ են պահանջվում մարզիկից, մի բան, որ Տիգրանը կարողացել է ապացուցել իր նոր ակումբում։ Մասնավորապես, իր առաջին մրցելույթներում նա կրիտերիում մրցաձեւում 82 հոգու մեջ եզրագիծը հատել է 3-րդը, 80 կմ խմբային վազքում 161 հեծանվորդների պայքարում ճանաչվել 4-րդը։ Հայ երիտասարդի վերջին հաջողությունը Ֆրանսիայում գրանցվել է օրերս՝ սեպտեմբերի 22-ին, երբ 120 կմ վազքում 89 մասնակիցներից նա իրենից առաջ թողեց միայն երկուսին։ Ի դեպ, այս վազքը լուսաբանող լրատվամիջոցներից մեկի աշխատակիցը, պատմելով հայ նորեկի մղած պայքարի մասին, կատակով տպագրել է, թե վազքուղու հատվածներից մեկում «Տիգրան» անվանումով մի բենզալցակայան կար ու թվում էր, թե հեծանվորդն անընդհատ լիցքավորվում էր այդ լցակայանից։ Մեր ունեցած տեղեկություններով, Տիգրան Կորկոտյանը ներկայումս գերազանց մարզավիճակում է եւ պատրաստվում է մասնակցել հոկտեմբերի 6-ին Բելգիայում մեկնարկող հեծանվասպորտի աշխարհի առաջնությանը։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ