Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշատակի 10 տարի

Սեպտեմբեր 25,2002 00:00

Հիշատակի 10 տարի 1990-ից հետո Գեղարքունիքի մարզի Ճամբարակի սահմանները պաշտպանելու ժամանակ զոհվեց 138 ազատամարտիկ. 80-ը՝ ճամբարակցի, 58-ը՝ հանրապետության այլ շրջաններից: Ճամբարակում առաջին զոհը Գրիգոր Ճաղարյանն էր: Այդ օրը, սակայն, այն չորս վահանցի երիտասարդների՝ Գարուշ Բրուտյանի, Գուրգեն Դանիելյանի, Մանուչար Ապրեսյանի, Հարություն Թորոսյանի նահատակության 10 տարին էր եւ մյուս բոլոր զոհվածների հիշատակի օրը: Հրավիրվել էին տարածքի բոլոր զոհվածների հարազատները, որոնցից յուրաքանչյուրը դահլիճ մտնելով, պատին փակցված լուսանկարների մեջ փնտրում էր իրենը՝ որդուն, ամուսնուն, եղբորը, հորը եւ գտնելով, հայացքով շոյում, փաղաքշում, աչքը նկարից չկտրելով, զբաղեցնում իր տեղը: Եվ խաչաձեւվում էին լուսանկար փնտրող նրանց հայացքները. մայրերինը՝ ծով արցունքից խամրած ու բացակա, ջահել այրիներինը՝ կարոտած ու ամոթխած, անհայր մեծացող երեխաներինը՝ անժամանակ լրջացած ու պահանջող, հուզված ու հպարտ: Եվ թվերը՝ անողոք ու դաժան, աչքերիդ առաջ են. – 80 մայրեր տեսան իրենց զավակների նահատակությունը, 46 կանայք այրիացան, 102 երեխաներ որբացան, 32 ջահել տղաներ չհասցրին ընտանիք կազմել, մնացին անհիշատակ, թվեր, որոնց թվաբանական մեծությունը երբեք էլ չի ներառում այն ահռելի մեծությունը, որ կրում է իր մեջ այդ 80-ը, 46-ը, կամ 102-ը: Դրանց մեջ ամփոփված ցավը դրա հազարապատիկն է: – Ասում են, ժամանակը սպիացնում է բոլոր վերքերը,- ելույթ է ունենում զոհված Գուրգենի մայր Հասմիկ Սարիբեկյանը:- Սակայն դա չի վերաբերում որդեկորույս մոր ստացած վերքին: Այն ամբողջ կյանքում չմարող կրակի նման իր բոցերում այրում է մոր սիրտը եւ հանգչում միայն նրա հանգչելու հետ միաժամանակ: Միայն մի բան է մի փոքր կարողանում հանգստացնել, այն, որ նրանք զոհվել են խաղաղության համար: Նա անհանգստանում է իր Գուրգեն որդու երեք զավակների համար, մյուս բոլոր մայրերի զավակների համար, Հայաստան աշխարհի խաղաղության համար: Իր Արման որդու մասին փաղաքուշ սիրով, հպարտությամբ էր պատմում Զեմֆիրա Ոսկանյանը, ջահելներին կոչ անում՝ հայրենիքին ծառայել իր որդու նման: Արդեն զինվոր դարձած իր աշակերտների հետ սահմանագլխին զոհված ուսուցիչ Գարուշ Բրուտյանի «Վերջին դասի» մասին շատերը գիտեն, սակայն ամեն անգամ այն նորովի է հնչում Գարուշի այրի Ջավահիր Օհանյանի շուրթերից: Այդպես է ապրում նաեւ Ազիզ Թորոսյանը: Կորուստ ունեն, եղբայր են կորցրել եւ ինքը, եւ ամուսինը: Նրա համար բոլոր զոհվածների հիշատակը վառ պահելը հոգու պարտք է, եւ ինքն իրեն նվիրել է այդ գործին: Տղաների հիշատակի առաջ խոնարհվելու, նրանց հարազատներին ջերմ խոսք կամ փաղաքուշ հայացք նվիրելու ցանկությունն էր այդտեղ բերել նաեւ այն տարիներին Ճամբարակի շրջգործկոմի նախագահ Զարեհ Սարգսյանին, որն իր աշխատանքային գործունեության հետագա տարիներին էլ երբեք չի մոռացել զոհվածներին ու նրանց ընտանիքներին, օգնել ու աջակցել է: Իսկ դահլիճում, զոհվածների հարազատների մոտ նստած, իր ապրելու համար մեղավոր ու շփոթ, ինչպես տարիներ առաջ, նրանց նահատակված որդիների հիշատակն էր հարգում, մտքում դարձյալ ու դարձյալ արտասանում, ասմունքողի հետ միաժամանակ ասմունքում տարիներ առաջ ոգեշնչման պահին դուրս ժայթքած իր ստեղծագործությունը: – Իրենց մարտական ընկերների հիշատակը հարգելու են եկել նաեւ պատերազմի տարիներին այդ սահմանների վրա այլ տարածքներից կազմավորված ջոկատներից. Պետրոսը՝ «Դավիթ Բեկ» ջոկատից, Մացոն՝ «Արագածի» ջոկատից, «Հատուկ գնդի» տղաներից եւ շատ ուրիշներ,- նշում է Ճամբարակի քաղաքապետ Հայկ Լազարյանը: Որպես վավերացում ու ապացույց նրանց գոյության, նրանց զավակները բեմ բարձրացան ու երգեցին, ասմունքեցին, ըմբոստացան, հուզվեցին ու հպարտացան, ապրեցրին ու հերոսացան: Եվ Սամվելի Սամվել որդին հորն էր դիմում. «Հայրիկ, ես քեզ չեմ տեսել եւ չեմ ճանաչում, բայց սիրում եմ քեզ»: Մամիկոնի պարծանք Էմիլյա դստրիկը ասմունքում էր, ճառագայթում, Գուրգենի Հասմիկն ու Սերոբիկը շատ խրոխտ էին արտասանում: Հպարտ էին նրանք ու երազկոտ՝ Անուշիկն ու Մանուկը, Սիրարփին, Կարինեն ու Կորյունը, Արգիշտին ու Ռոզան, Նարեկն ու Երանուհին: Այդ դահլիճը երբեք այդքան մարդաշատ ու լուռ, զուսպ ու հուզված չէր եղել: Այդ ամենը հուշ-ցերեկույթի կազմակերպիչ, մարզի տարածքային բաժնի վարիչի տեղակալ Ռիտա Հովհաննիսյանի խոնարհումն էր նրանց հիշատակի առջեւ, դա նրա հոգու ջերմության արտահայտությունն էր մասնակիցների՝ Արթուր Սարգսյանի, Հակոբ Թիզյանի, Արփինե Զազյանի հարգանքի տուրքն էր նրանց հիշատակին: ՆԱԶԻԿ ԵՐԿՆԱՓԵՇՅԱՆ Ճամբարակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել