Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՄԱՆԿԱՎԱՐԺԻՑ

Սեպտեմբեր 25,2002 00:00

Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՄԱՆԿԱՎԱՐԺԻՑ 1961թ. ամուսնացել եմ քաղաքացի Ս. Հակոբյանի հետ եւ բնակություն հաստատել նրա ծնողներին պատկանող՝ Երեւանի Չարենցի փող. թիվ 50 շենքի 4-րդ բնակարանում։ 1981թ. ամուսնուս եղբայրները եւ քույրը նրան համոզեցին վաճառել բնակարանը։ Ստիպված էի բաժանվել ամուսնուցս, քանի որ, բացի մեր ընտանիքից, նրանք բոլորն ապահովված էին բնակարաններով։ 1982թ. քաղհայցով դիմեցի դատարան՝ բնակարանի պահանջով։ Սակայն դատարանն անարդարացիորեն ինձ զրկեց բնակարանից եւ հատկացրեց կիսանկուղային հարկաբաժինը։ Դատական քաշքշուկների արդյունքում հարցը այդպես էլ լուծում չստացավ, իսկ մեզնից օտարված բնակարանի նոր սեփականատեր Վ. Մելիքյանը դիմեց ոտնձգությունների եւ անբարո քայլերի։ Ի վերջո, նրան հաջողվեց մեզ բռնությամբ դուրս վռնդել 1,75 մ բարձրությամբ այդ սենյակից, ջարդուփշուր անելով խորդանոցում գտնվող պահածոները։ Մենք գանգատ ներկայացրինք վճռաբեկ դատարան, եւ դատական ակտերը բեկանվեցին ու հանձնվեցին նոր քննության։ Սակայն նոր սեփականատիրոջ չներկայանալու պատճառով գործը ձգձգվեց եւ վերջինս գրավոր դիմումով հրաժարվեց իր պահանջից։ Այժմ նա, օգտագործելով իր ծանոթություններն ու կապերը, հասել է այն բանին, որ հակասական եւ անօրինական վճիռների օգնությամբ իր ազգականներին է նվիրում ոչ միայն բնակարանի կեսից ավելին, այլեւ նույնիսկ լոգարանը, ինձ «մեծահոգաբար» թողնելով միայն զուգարանը։ Մինչդեռ 1982թ.՝ կիսանկուղը ինձ հատկացնելու վերաբերյալ թիվ 2654 որոշման մեջ հստակ նշված է, որ սանհանգույցի 30 քառ. մետրանոց սենյակն ընդհանուր է։ Հաշվի չառնելով, որ բնակարանը գնվել է առանց իմ եւ այն ժամանակ չափահաս աղջկաս համաձայնության, Վ. Մելիքյանը նաեւ ինձ եւ իմ ընտանիքին զրկեց ընդհանուր օգտագործման հողատարածքի այն փոքրիկ հատվածից, որտեղ թոռնիկս էր խաղում։ Եվ առանց մեր անունը նշելու, այս հողակտորն էլ նվիրեց իր ազգականներին։ Երբ ես փորձեցի արգելափակող ցանցը հեռացնել, որպեսզի թոռնիկս հնարավորություն ունենա բակ դուրս գալու, եւ վերականգնել նրանց կողմից քանդված սանհանգույցը, իմ դեմ քրեական գործ հարուցվեց։ Քանի որ ի վիճակի չէի վճարել դատարանի կողմից պահանջվող գումարը՝ 131.500 դրամ, հարկադիր դատարանն ինձնից առգրավեց տասն անգամ ավելի արժողությամբ կահույքս, որը գնել էի տարիների տքնաջան աշխատանքով։ Եթե նախկինում ամեն վնասարարություն արվում էր աննկատ, այժմ արդեն անցել են բացահայտ լկտի գործողությունների՝ սկսած պատշգամբը աղտոտելուց, վերջացրած ջարդուփշուր անելով։ Հիմա կեղծիքների ու զանազան զարտուղի միջոցներով իմ դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել։ Ես հիպերտոնիկ հիվանդ եմ եւ այս ամենի պատճառով առողջական վիճակս շատ ծանրացավ։ Երկար ժամանակ անկողնային վիճակում եմ եղել։ Եվ հենց այդ վիճակում էի, երբ միլիցիայի մի խումբ աշխատակիցներ ներս խուժելով՝ ոլորեցին ձեռքերս։ Դասընկերուհուս հետ, որը ներկա էր այս միջադեպին, գնացինք միլիցիայի բաժանմունք։ Այնտեղ մեզնից բռնությամբ ստորագրություն կորզեցին։ Սակայն այս ամենը այդքանով չավարտվեց։ Երկրորդ անգամ կոտրեցին պատուհանի երկաթե ճաղերը, պատը ջարդուփշուր արեցին եւ ձեռքերս ոլորող նույն անձնավորությունը, հայհոյանքներով ներխուժելով, ինձ տապալեց գետնին։ Կրկին ինձ տարան միլիցիայի բաժանմունք եւ պահեցին այնքան ժամանակ, մինչեւ նոր սեփականատերը հանդես եկավ վկայի կարգավիճակով։ Գործի բոլոր մանրամասները շարադրված են Կենտրոն համայնքի դատախազ պրն Շահինյանին ուղղված դիմումում։ Խնդրում եմ միջոցներ ձեռք առնել այս հարցը մանրազնին ուսումնասիրելու եւ դրան արդարացի լուծում տալու համար։ ՌԻՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Սույն նամակը ուղարկվել է ինչպես հանրապետության գլխավոր դատախազին, այնպես էլ ՆԳ նախարար Հ. Հարությունյանին։ Իմանալով նամակները հասցեատերերին չհասցնելու արատավոր պրակտիկայի մասին, տպագրում ենք այն, արդյունքների մասին պաշտոնական պատասխան ակնկալելով։ Միեւնույն ժամանակ ուզում ենք հարցնել, թե այդ ինչպես է լինում, երբ ոտնահարված իրավունքներ ունեցող մարդու նկատմամբ հանկարծ կիրառվում է անարժանապատիվ, բայց եւ մոդայիկ դարձած խափանման միջոցներից մեկը՝ ստորագրություն չբացակայելու մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել