ԽԱՅՏԱԲՂԵՏ ԱՄԵՐԻԿԱՆ Ինչ տեղի կունենար, եթե Վաշինգթոնի ոստիկանապետը սենատորներից մեկին մի լավ ծեծեր, առանց հիմքի ձերբակալեր՝ ձեռքի հետ մի շարք խախտումներ թույլ տալով։ Կարծելով, որ «Առավոտի» այս հարցը տեսական է, ԱՄՆ ընտրական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը չցանկացավ իր անունը նշվի, միանգամայն հանգիստ սկսեց պատասխանել, որ առնվազն նա այլեւս ոստիկանապետ չի լինի, հետո կմեղադրվի հարձակում գործելու մեջ, հետո բավականաչափ փող կծախսի այդ սենատորի առողջության համար եւ այսպես շարունակ։ Այս բարձրաստիճան պաշտոնյան իր պատասխանին զուգակցվող հայ լրագրողների քրթմնջոցից ընդամենը մոտավոր պատկերացրեց, որ երեւի ձեր երկրում քաղաքական գործիչների պատիվը պաշտպանելու հետ կապված խնդիրնե՞ր կան։ Մենք, իհարկե, չասացինք, թե Հայաստանում ինչ տեղի ունեցավ նման ծեծից հետո, որովհետեւ այդ պաշտոնյան դեռ պետք էր իր երկրին, այլապես հնարավոր էր նաեւ ուղեղի ցնցում ստանար, որովհետեւ դրանից առաջ մեկ ժամից ավելի նա դասախոսություն էր կարդում ԱՄՆ-ի պետական կառուցվածքի, ժողովրդավարության, օրենքի գերակայության մասին։ Միջազգային այցելու ծրագրի ընթացքում մեզ հանդիպած ամերիկացիներից շատերը համեստորեն կարծում են, որ երկրագունդն Ամերիկայի շուրջը չի պտտվում, որ Ամերիկան իրականում աշխարհի վրա այնքան ազդեցություն չունի, որքան օտարերկրացիներն են կարծում, եւ որ ամենաազատի համբավը վայելող իրենց լրատվամիջոցներն իրականում ԱՄՆ նախագահի, կառավարության եւ հասարակության վրա այնքան մեծ ազդեցություն չունեն, որքան ներկայացվում է։ Վկա՝ Քլինթոնի հետ կապված սկանդալը, որը հասարակության մեջ նրա վարկանիշը չգցեց։ ԱՄՆ-ում բոլորն ամեն ինչ անում են խոսքի ազատություն ապահովելու համար։ Ինչպես հաճախ նշում էին հպարտությամբ, ԱՄՆ-ում խոսքի ազատությունը չվտանգելու եւ չսահմանափակելու համար այդ մասին օրենք չեն ընդունում, ոլորտը կարգավորող գերատեսչություններ չեն ստեղծվում։ Իսկ պետական գաղտնիք հրապարակելու համար պատասխանատվություն է կրում ոչ թե լրատվամիջոցը, այլ պաշտոնյան, որը թույլ է տվել գաղտնիքի «արտահոսք»։ Մյուս կողմից ամերիկացի լրագրողներն էլ են մեզ նման բողոքում, թե կարեւորագույն փաստաթղթեր ստանալու համար ամիսներ են կորցնում։ Ամերիկացի լրագրողները սովոր են եւ իրենց կառավարությունից էլ պահանջում են ազատություն եւ ինֆորմացիայի առավելագույն մատչելիություն, բայց միեւնույն ժամանակ նրանցից ոմանք զարմացնում են իրենց «գաղտնապահությամբ» կամ անմատչելի ու փակ լինելով։ Ծրագրի շրջանակներում հանդիպում էր նշանակված նաեւ «Վաշինգթոն փոսթ» հեղինակավոր թերթում, որն այս առումով ամենաընդգծվածն էր։ Մեզ՝ իրենց կոլեգաներին թերթը դիմավորեց հասարակայնության հետ կապերի պատասխանատուի գեղեցիկ դեմքով, որը սակայն մեզ տուրիստների տեղ էր ընդունել։ Ու մի գործը երկու չանելու համար տվյալ «տուրում» միացրեց հայաստանցի եւ թայվանցի լրագրողների խմբերը, ամեն մեկիս վզից մի-մի ցուցանակ կախեցին՝ «Վաշինգթոն փոսթ, տուր» եւ ուղեկցեցին թերթի թանգարան։ Մինչ այդ, լրագրողներից մեկի «կարելի՞ է այստեղ պատկերս քաշել» հարցի քաղաքավարի տարբերակը կտրուկ մերժում ստացավ՝ «խնդրում եմ չլուսանկարել։ Եթե որեւէ մեկը ինչ-որ բան լուսանկարի, անմիջապես դուրս կհրավիրվի», իր գործընկերներին զգուշացրեց ամերիկյան հեղինակավոր թերթը։ Իսկ թանգարանում նա մանրամասնորեն պատմում էր, թե ինչպես էր նախկինում տպվում թերթը, թե ինչ դժվար էր մի քանի տասնյակ մասերից բաղկացած տպագրական մեքենայով թերթ պատրաստել, որից ընդհանրապես տպավորություն էր ստեղծվում, որ այնտեղ կարծում են, թե Հայաստանում թերթերը ձեռագիր թռուցիկների ձեւով են տարածվում։ Թերթերի մեծ մասում կարելի էր մուտք գործել միայն կոնֆերանս -սրահներ։ Փոխարենը շատ քաղաքավարի էին «Ասոշիեյթեդ պրեսի» աշխատակիցները, որոնք մեզ հետ հանդիպման առիթով համակարգչից հանել էին Հայաստանի քարտեզը եւ մեր երկրի մասին «Ազատություն» ռադիոկայանի հաղորդած վերջին նորությունները։ Այս եւ մի շարք այլ լրատվական գործակալություններում ոչ միայն լուսանկարվելը չէր արգելվում, այլ կարելի էր խմբագրություններում հանգիստ շրջել։ Ընդհանրապես, խայտաբղետ է ԱՄՆ-ն՝ երկրի տարբեր մասերում եղանակի, կենցաղի, մարդկանց բնավորության, օրենքների եւ մնացած բոլոր առումներով։ Թվում է, միայն օրենքների իշխանությունն է, որ ընդհանուր է ողջ Ամերիկայի համար։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ