«ՍՈՖԹ» ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ «Սոֆտ նոտա» ընկերությունը, որ տվյալների փոխանակման ծառայություններ մատուցելու արտոնագրված իրավունք ունի, օգոստոսի 19-ին դիմել էր գլխավոր դատախազին, նշելով, որ իրենց գործունեությունը շուրջ 8 ամիս է, ինչ տարբեր ձեւերով խոչընդոտվում է «ԱրմենՏելի» կողմից։ Մասնավորապես, «առանց պատճառաբանության անջատվել են «Սոֆտ Նոտա» ՍՊԸ-ի հեռախոսահամարները եւ ուղիղ գծերը»։ Բացի այդ, օգոստոսի 15-ին «ԱրմենՏելի» Երեւանի Կենտրոնական շրջանի պետը գրավոր սպառնացել էր «Սոֆտ Նոտայի» ծառայությունների բաժանորդներին, որ եթե նրանք 3 օրվա ընթացքում չվերացնեն ընկերության կապուղիները, «կխզեն հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը»։ Ըստ գլխավոր դատախազին ուղղված դիմումի՝ «Դրանով իսկ «ԱրմենՏելը» փորձ է անում ամբողջովին կազմալուծել «Սոֆտ Նոտայի» կողմից կառուցված տվյալների փոխանակման ցանցը Երեւանում»։ Ընկերությունը խնդրել էր Արամ Թամազյանին՝ միջամտել «ԱրմենՏելի» կամայականությունները եւ հակաօրինական գործողություններն անհապաղ կանխելու համար»։ Մեկ ամիս անց «Սոֆտ Նոտայի» շահերի ներկայացուցիչ Ա. Դարբինյանը փորձել է պարզել, թե ինչ ընթացք է ստացել իրենց դիմումը. «Գործի վարույթը հանձնարարված է ոմն Հունանյանի։ Զանգահարեցի նրան, եւ շատ տարօրինակ զրույց ունեցանք,- պատմեց պրն Դարբինյանը։- Պարզվում է, որ այդ անօրինականությունները կատարվել են Նիկոս Յորղուլասի կարգադրությամբ։ Բայց, ըստ Հունանյանի, Յորղուլասն իր ենթականերին արգելել է ներկայանալ դատախազություն»։ «ԱրմենՏելի» պատասխանատուներին բերման ենթարկելու առաջարկին Հունանյանը, ըստ Ա. Դարբինյանի, պատասխանել է. «Մենք ուզում ենք հարցը լուծել քաղաքակիրթ ձեւով։ Ստիպված ենք եղել ծանուցում ուղարկել Յորղուլասին՝ տեսնենք՝ կգա՞, թե՞ ոչ»։ Ա. Դարբինյանն այս առնչությամբ ասաց. «Երբ տեղացիների վերաբերյալ ինչ-որ չնչին կասկածներ են լինում՝ ծեծով-ջարդով են տանում իրավապահները։ Քաղաքակրթությունը մեզ մոտ դրսեւորվում է միայն արտասահմանցիների՞ նկատմամբ։ Եվ եթե չեն կարողանում Յորղուլասի ենթականերին բերել դատախազություն, Յորղուլասի՞ն ինչպես են բերելու»։ «ԱրմենՏելի» գործադիր տնօրենի մամուլի հարցերով խորհրդական Գոհար Սիմոնյանն այս առնչությամբ «Առավոտին» ասաց. «Երեւի դեռ պիտի պարզվի՝ արդյոք դատախազությո՞ւնն է այն մարմինը, որ պիտի քննի երկու սովորական տնտեսվարող սուբյեկտների միջեւ ծագած խնդիրները»։ Ա. Ի.