Լրահոս
Օրվա լրահոսը

Ցնցումների սարսափ՝ երազում եւ արթմնի

Սեպտեմբեր 25,2002 00:00

Ցնցումների սարսափ՝ երազում եւ արթմնի Արտաշես Գեղամյանն իր երեկվա հայտարարությունը բնորոշեց որպես խաղաղ եւ հանգստացնող հայտարարություն։ ԱՄ նախագահը որոշել էր անձնական պատասխանատվությամբ «հանգստացնել թե՛ քոչարյանական, թե՛ տերպետրոսյանական թեւին, որոնք վերջերս ցնցումների մեջ են հայտնվել»։ Հասկանալի է, որ «ցնցումների» պատճառն ուրիշ բան չէր կարող լինել, քան՝ Արտաշես Գեղամյանի հակաճգնաժամային ծրագիրը։ Երեկվա հայտարարությունից պարզվեց, որ Քոչարյանի եւ Գեղամյանի միջեւ պայմանավորվածություն, այնուամենայնիվ, կա. «Դա նա է, որ ԱՄ կուսակցությունը վերջինիս (Ռ. Քոչարյանի- Մ. Ե.) վաղաժամկետ հրաժարականի պայմաններում կանի ամեն ինչ, որ ապահովի Ռ. Քոչարյանի անվտանգությունը համաժողովրդական հաշվեհարդարից»։ Պրն Գեղամյանը հետայսու հայտարարեց, որ իրական պայմանավորվածությունները Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ են. «Պայմանավորվածություն կա, որ այդպես էլ չեն դատվի էներգատեռորի հետեւում կանգնած հանցագործությունները։ Պայմանավորվածություն կա, որ այդպես էլ չեն բացահայտվի հարյուրավոր միլիոն դոլարի երկրին վնաս հասցրած «ԱրմենՏելի» եւ կոնյակի գործով գնացողները, այն պարզ պատճառով, որ դա համատեղ է արվել՝ մեկը սկսել է, մյուսն ավարտել է։ Պայմանավորվածություն կա իրենց միջեւ, որ այդպես էլ Վանո Սիրադեղյանը դատարանի առջեւ չի կանգնի, որովհետեւ վերջինս տղամարդկություն ունեցավ հենց այս ամբիոնից ասել՝ «մտքներովդ չանցնի, որ ինձից քավության նոխազ կսարքեք»։ Իսկ Արտաշես Գեղամյանին հիշեցին, որովհետեւ սարսափում են ձեւավորվող քաղաքական ուժից, մի ուժ, որը «ոչ մի կապ եւ առնչություն չունի նախկինում եւ ներկայում գործած հանցագործությունների հետ, որն անշահախնդիր կերպով այս ամենը կհանձնի ժողովրդի դատին եւ կերաշխավորի միայն մի բան՝ անաչառ դատավարություն»։ Խորհրդարանական հայտարարությունների ժամին երկու հետաքրքիր զուգահեռ նկատվեց՝ Արշակ Սադոյանը կոչ արեց բոլոր պատգամավորներին՝ միանալ 16 ընդդիմադիրների միավորմանը, իսկ ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանը՝ պետականության (իմա՝ պետականամետ) գաղափարներին։ Հաջորդ զուգահեռը՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը զգուշացրեց ՀՀԿ անդամներին, որ տեղական ինքնակառավարման մարմինների եւ բոլոր ընտրությունների արդար եւ թափանցիկ անցկացումը ապահովեն։ Իսկ «Օրինաց երկիրի» նորաթուխ անդամ Վռամ Գյուլզադյանը կոչ արեց գյուղապետերին՝ դուրս գալ ՀՀԿ շարքերից, եթե վերջինս չի ապահովում աշխատանքի նորմալ պայմաններ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել