ԲՈԼՈՐԻՆ ԴՈՒՐ ԳԱԼՈՒ ԶՈՒՐ ՋԱՆՔԵՐ Ա.Գեղամյանը հրապարակեց այդքան երկար սպասված «Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ճգնաժամի հաղթահարման» ծրագիրը, որի վրա, իր ասելով, աշխատում էր ավելի քան ութ ամիս: Պարոն Գեղամյանի շարադրանքը հակաճգնաժամային ծրագիր կարելի է անվանել միայն պայմանականորեն, քանի որ այն ընդամենը բոլորին քաջ հայտնի փաստերի արձանագրումն է՝ համեմված որքան հնարավոր է պոպուլիստական, պլակատային արտահայտություններով. «պետք է»-ներով, «հարկավոր է»-ներով ու «անհրաժեշտ է»-ներով: Այդ ծրագրի ընթերցանությունը ցույց է տալիս, որ միջին վիճակագրական գրագետ մարդը կարող է նման ծրագիր գրել, սակայն ոչ թե ութ ամսում, այլ, ասենք, ութ օրում (ընդ որում՝ վերջին երեք օրը ծախսելով մուտքագրման վրա): Ինչեւէ: Արտաշես Գեղամյանի «քերթվածքն» ապացուցում է, որ Հայաստանը իսկապես գտնվում է համընդհանուր ճգնաժամի մեջ՝ ոչ միայն սոցիալ-տնտեսական, հասարակական ու մշակութային, այեւ՝ քաղաքական գործիչների մտավոր մակարդակի առումով: Քանի որ միայն ճգնաժամային երկրում կարող է իրեն քաղաքական գործիչ համարող մարդը մտածել, որ նման ծրագրով կարելի է երկիրը փոսից հանել: Բայց քանի որ Հայաստանի քաղաքական կյանքը լի է վայրիվերումներով ու անհեթեթություններով, եւ բացառված չէ, որ հանկարծ Գեղամյանն իսկապես նախագահ դառնա, հարկ ենք համարում անդրադառնալ նրա հակաճգնաժամային ծրագրի առավել արժանահիշատակ ու տպավորիչ հատվածներին: Նախ՝ Արտաշես Գեղամյանը սկզբում սենսացիոն բացահայտում է անում: Բանն այն է, որ մարդկությանը հայտնի քաղաքագիտական միտքը դեռեւս չի սահմանում որեւէ կուսակցության միաժամանակ եռակողմ ուղղվածություն. «Ազգային միաբանության գաղափարները, ըստ էության, համահունչ են պահպանողական կուսակցությունների գաղափարներին…», «ԱՄ-ի գաղափարները համահունչ են նաեւ ազատական բնույթի կուսակցությունների գաղափարներին…», «ԱՄ-ի գաղափարները միաժամանակ համահունչ են սոցիալիստական ուղղվածության կուսակցությունների գաղափարներին…»: Սրանք հատվածներ են Արտաշես Գեղամյանի ծրագրի նախաբանից, որտեղ նա փորձում է բնորոշել իր կուսակցության գաղափարական հիմքը: Մինչդեռ այս խոսքերով պրն Գեղամյանն ապացուցում է, որ «Ազգային միաբանությունն» իրականում գաղափարական ուղղվածություն չունի, քանի որ առնվազն անհեթեթություն է, երբ միեւնույն կուսակցության «գաղափարները» միաժամանակ կարող են համահունչ լինել բոլորովին հակադիր քաղաքական ուղղվածությունների: Դա նույնն է, որ ասենք Արտաշես Գեղամյանը 1/3-ով սոցիալիստ է, 1/3-ով լիբերալ, մնացած 1/3-ով էլ՝ պահպանողական: Այս «գումարելիների» գումարից իրականում ստացվում է, որ Արտաշես Գեղամյանը մոլորության մեջ է, քանի որ վերջինս գտնում է, թե «մոլորության մեջ են ազատականության այն կողմնակիցները, ովքեր կարծում են, թե ժողովրդավարության, սոցիալականության եւ իրավունքի սահմանադրորեն ամրագրված գերակայությունները կարող են ստեղծվել ու պահպանվել մի հասարակության մեջ, ուր…», «մոլորության մեջ են ազգայնական շարժումների այն ջատագովները, ովքեր կարծում են, թե…», «մոլորության մեջ են սոցիալիստական ուղղվածության այն կուսակցությունները, որոնք գտնում են, թե միայն կենտրոնացված կառավարվող տնտեսությունը կարող է նպաստել մարդու ինքնուրույն, ներդաշնակ զարգացմանը…»: Նման «աջաբսանդալ» գաղափարախոսություն ունեցող կուսակցության առաջնորդը երկիրը ճգնաժամից հանելու հայտ է ներկայացնում: Իսկ դա ծրագիր անվանելը, կրկնում ենք, չափազանցություն է, քանի որ Արտաշես Գեղամյանի գրածի կեսից ավելին սրտաճմլիկ երանգավորումներով հայտնի իրողությունների արտացոլումն է՝ սկսած սպառողական զամբյուղից, վերջացրած ծնելիության անկման եւ մահացության աճի մասին ծեծված հայտարարություններից: Բայց, ինչպես միշտ, Գեղամյանը ազգի համար «ողբում» է որոշակի ֆունկցիայով. Հայաստանում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակի համար Արտաշես Գեղամյանը պարբերաբար «քլնգում» է իշխանություններին՝ առանց որոշակի անուններ նշելու: Առաջին հայացքից առանց վարանելու կարելի է ասել, որ «Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարող» Գեղամյանը պետք է որ նրան էլ քննադատի: Սակայն 10 էջանոց հրապարակման մեջ կարելի է միայն հատուկենտ արտահայտություններ գտնել, որոնք ուղղակիորեն վերաբերեն Քոչարյանին: Եվ ճիշտ հակառակը՝ Գեղամյանի քննադատական շեշտադրումները վերաբերում են առավելապես նախկին իշխանություններին, լավագույն դեպքում՝ նա բավարարվում է ընդհանրացումներով: «Երկրին ու ժողովրդին մտահոգող խնդիրների օբյեկտիվ վերլուծության եւ գիտականորեն հիմնավորված տնտեսական քաղաքականության փոխարեն, արդեն տասներկուերորդ տարին է, ինչ իրականացվում է ազատական կեղծ քաղաքականություն»: (Ի դեպ, Գեղամյանը փորձել է իր «ստեղծագործությունը» լցնել հնարավորինս լյումպենական, պոպուլիստական բառերով, այնպես, ինչպես «պետական ունեցվածքի թալանը» եւ այլն): Պետք է նկատել, որ հեշտությամբ քարոզչության ազդեցությանը ենթարկվող ընտրողը՝ կարդալով Գեղամյանի ծրագիրը, իր վիճակի համար ավելի շատ մեղադրելու է ոչ թե Արտաշես Գեղամյանի «հակառակորդ» Ռոբերտ Քոչարյանին, այլ նախկին իշխանություններին, քանի որ Գեղամյանի նշած «տասներկու» տարիներից Քոչարյանին բաժին է ընկնում ընդամենը չորսը: Երկրի աղետալի վիճակը երկար-բարակ ներկայացնելուց հետո Արտաշես Գեղամյանն առաջարկում է, իր կարծիքով, «Համընդհանուր ճգնաժամի հաղթահարման գաղափարախոսությունը եւ քաղաքականությունը»: Այստեղ քաղաքական գործիչը որեւէ նոր բան չի առաջարկում, եթե իհարկե, հաշվի չառնենք այնպիսի յուրօրինակ ձեւակերպումները, ինչպիսիք են, ասենք, այն, որ «երկրում իրականացվող բոլոր փոփոխությունները պետք է հարաբերակցել երկրի արտադրական, ասել է թե՝ ազգային անվտանգության շահերի հետ»: Իսկ եթե սրան ավելացնենք նաեւ Գեղամյանի այն թեզը, որ «գլխավոր հարցերը, որոնց պատասխանը հասարակությունն ակնկալում է իշխանությունից, առաջին հերթին վերաբերում են աղքատության հաղթահարման այն խնդիրներին, որոնք առնչվում են կատարելապես բարձրորակ եւ աշխատունակ բնակչության մեծամասնությանը…», ապա կստացվի, որ ԱՄ-ի առաջնորդը Հայաստանը դիտում է որպես արտադրական հրապարակ, որտեղ հիմնական խնդիրը բանվորների կուշտ լինելն է: Սակայն ավելի ցնցող են «Ազգային գաղափարախոսության» եւ «Արտաքին քաղաքականության» վերաբերյալ Արտաշես Գեղամյանի արտահայտած մտքերը: Պարզվում է՝ ԱՄ-ն իր ծրագրային խնդիրները իրագործելիս հենվում է ազգային գաղափարախոսության վրա, որը «ինքնապահպանման հավաքական բնազդի գիտակցված աստիճանն է, հավաքական գոյատեւման երաշխիքը…ազգային գաղափարախոսությունը հայերիս համար կենսական անհրաժեշտություն է, այն պանթուրքիզմի գաղափարական հակակշիռն է»: Ի դեպ, հենց այստեղ էլ «բացահայտվում» է պրն Գեղամյանը, որը, փաստորեն, ոչ թե սոցիալիստ է կամ լիբերալ, այլ՝ հասարակ դաշնակցական: Այլ կերպ դժվար է մեկնաբանել նրա այն խոսքերը, որ «…առանց Սփյուռքի քաղաքական, նյութական, բարոյական եւ մշակութային օժանդակության անհնար է հայկական պետականության առաջընթաց զարգացման ապահովումը»: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա այստեղ պրն Գեղամյանը նույնպես շարունակում է դաշնակցական ոգով՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացում՝ ռազմավարական գործընկերության սկզբունքով, Հայ Դատի պրոբլեմի արդարացի լուծում (իհարկե, խաղաղ ճանապարհով), Ցեղասպանության ժառանգականություն եւ այլն: Սակայն Արտաշես Գեղամյանը վերջում իրար հակասող գաղափարներ է արտահայտում. խոսելով պանթուրքիզմի դեմ պայքարելու մասին, նա միաժամանակ առաջարկում է երկխոսություն վարել Թուրքիայի հետ եւ «բարիդրացիության գոտի ձեւավորել հայկական սահմանների պարագծով»: Թե ինչպես դա կարելի է անել, երբ նա կողմ է տարածաշրջանի պետությունների ոչ թե միասնականացմանը, այլ ռազմաքաղաքական մրցակցությանը, Գեղամյանը չի մասնավորեցնում: Կարելի է բավական երկար խոսել այս ծրագրի մասին, քանի որ այն ծրագիր է ամեն ինչի եւ ոչնչի մասին: Պետք է արձանագրել, սակայն, որ այս հրապարակմամբ Գեղամյանը շատ է պարզունակացրել Հայաստանում տիրող քաղաքական վիճակը՝ կենտրոնանալով հիմնականում սոցիալական խնդիրների վրա: Իսկ այնպիսի կարեւորագույն խնդիրներ, ինչպիսիք են ղարաբաղյան հակամարտությունը, «27»-ի ոճրագործությունը, ծրագրում կամ շրջանցվել են, կամ ներկայացվել են մեկ-երկու լղոզված արտահայտություններով: Մնում է կռահել՝ պրն Գեղամյանը միտումնավո՞ր, թե՞ պատահականորեն շրջանցել է հատկապես այն հարցերը, որոնք ամենախոցելին են Ռոբերտ Քոչարյանի համար: ԳԱՌՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ www.taregir.am Հ. Գ. «ԱՄ»-ն տեղեկացրել էր, որ ծրագրի վերաբերյալ ընթերցողները կարող են դիտողություններ ու առաջարկություններ ներկայացնել: Պրն Գեղամյանին առաջարկում ենք հերքել, որ այս ծրագրի հեղինակն ինքն է: Վստահեցնում ենք, որ դա միայն դրական ազդեցություն կունենա նրա հեղինակության վրա: