Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՇՆՋԱ ԾՐԱԳԻՐԴ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԿԱՆՋԻՆ

Սեպտեմբեր 25,2002 00:00

ՇՇՆՋԱ ԾՐԱԳԻՐԴ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԿԱՆՋԻՆ Խորհուրդ է տալիս Գալուստ Սահակյանը «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր աշխատասենյակում, մի տեսակ երանության մեջ, ներքին ռադիոցանցով լսում էր, թե ինչպես են պատգամավորները քննարկում «Ջրային օրենսգրքի» տարբերակները։ «Առավոտը» հենց այդ «սուրբ» պահին հարցազրույց խնդրեց. – Պրն Սահակյան, պատգամավորներդ արդեն սկսել եք պոպուլիզմով զբաղվելու գործը, կարծես լրջորեն էլ զբաղվում եք։ – Շատ բնական եմ համարում, նախընտրական տարի է։ Ամբողջ աշխարհում է այդպես։ Բայց ելնելով նաեւ մեր պետության հոգսերից, գտնում եմ, որ ամեն ինչ պիտի անել, որ խորհրդարանն աշխատի, օրենսդրական պարտավորությունները մինչեւ վերջ կատարի։ Կարծում եմ, դա ստացվում է, գալու է մի պահ, որ ընդդիմությունը եւ դիմությունը կկարողանան միեւնույն սեղանի շուրջ նստել եւ քննարկել ամենակարեւոր հարցերը։ – Ե՞րբ է այդ պահը, եւ որո՞նք են այդ «ամենակարեւոր հարցերը»։ – Պահը կարծես թե շատ մոտ է, սկսվել է, որովհետեւ խաղի կանոնները երկու տարվա մեջ թելադրվեցին նախագահական ընտրությունների համար, եւ այս տարիների ընթացքում, բացի գործող նախագահից, յուրովի նախագահի թեկնածու չառաջացավ։ Ոչ թե չկան, ոչ թե քիչ է մեր ժողովրդի արգանդը, որպեսզի նման թեկնածուներ ունենա, այլ՝ կան դրանք, բայց չկարողացան կայանալ։ Իսկ կայանալ նշանակում է՝ նախ եւ առաջ լինել ժողովրդի մտապատկերում։ – Ըստ ձեզ, ինչո՞ւ չկայացան, արդյո՞ք գործող նախագահը չխանգարեց… – Որովհետեւ անձնավորվեց ամեն ինչ, քաղաքականացվեց ամենամեծ ոճրագործությունը, ամեն ինչ քաղաքականացվեց, մարդիկ սկսեցին թիմեր փոխել։ Այսօրվա նախագահի պաշտպանները դարձան կոշտ ընդդիմություն, քաղաքական դաշտը տակնուվրա եղավ։ – Ո՞ւմ նկատի ունեք, երբ ասում եք, թե այսօրվա նախագահի պաշտպանները կոշտ ընդդիմություն դարձան։ – Բոլոր այն կուսակցությունները, որոնք 16-ի ֆորմատով են հանդես գալիս, հիմնականում այս կամ այն չափով պաշտպանել են նախագահին ընտրությունների ընթացքում, մանավանդ՝ երկրորդ փուլում, առանց բացառությունների։ – Օրինակ։ – Բոլորը, որեւէ բացառություն չկա։ – Օրինակ, ՀԺԿ-ն կամ «Հանրապետությունը» ե՞րբ են Ռոբերտ Քոչարյանին պաշտպանել։ – «Հանրապետություն» կուսակցության հիմքը ներկայիս նախագահի պաշտպանության դիրքերում էր, սոցիալիստները՝ նույնպես, կոմունիստները, «ԱՄ»-ը՝ նույնպես։ – Նաեւ՝ Հանրապետական կուսակցությունը, որը ոչ միայն պաշտպանեց, այլեւ՝ առաջադրեց։ – Այո, ՀՀԿ-ն հիմնական քաղաքական ուժն էր, որ պաշտպանում էր նախագահին։ Սա ծրագրված գործողություն էր։ Հանրապետականի գործողությունները Ռ. Քոչարյանի նկատմամբ ձեւավորվել են շնորհիվ Վազգեն Սարգսյանի։ – Ճիշտ եմ հասկանում՝ դուք վստահ եք, որ Ռ. Քոչարյանն այսօր այլընտրանք չունի՞։ – Այո, գտնում եմ, որ Ռ. Քոչարյանն այսօր այլընտրանք չունի։ Դրա պատճառներից մեկն էլ կարելի է համարել այն, որ խնդիրները քաղաքական հարթությունից անձնավորվեցին, եւ այս տարիներին փոխանակ յուրաքանչյուր կուսակցություն իր ծրագիրը շշնջար ժողովրդի ականջին, հառնեցին մարդիկ, որոնք անընդհատ ցեխ շպրտող էին։ Ժողովուրդը լավ չի էլ պատկերացնում, թե կուսակցություններից յուրաքանչյուրն ինչ է ուզում, ավելի շատ պատկերացնում է, որ յուրաքանչյուրն ուզում է իշխանությունը վերցնել կամ գրավել։ – Կամ պահել, ինչպես ՀՀԿ-ն։ – Այո՛, կամ պահել։ Օդ ու ջրի պես մեր պետությանն անհրաժեշտ է, որ ընտրությունները լարված չանցնեն, օրինական անցնեն։ Կարծում եմ, այս պարագայում հնարավոր կլինի ընդդիմության հետ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել։ Կարծում եմ, հնարավոր կլինի նաեւ իշխանության մոլուցքները մի փոքր թոթափել։ – Մի շարք նոր կուսակցությունների ստեղծումը, անշուշտ, ՀՀԿ-ին հարվածում է։ – Ստացվել է այնպես, որ ե՛ւ դիմությունը, ե՛ւ ընդդիմությունը սկսում են մեզ խփել, ըստ երեւույթին՝ ռեյտինգայնությունն է պատճառը։ Ասում են՝ բավական է, մի քիչ ներքեւ իջեք, թող դաշտն ազատվի, մենք էլ ենք մարդ։ – Իսկ դուք ներքեւ չեք ուզում իջնել։ – Ճիշտն ասած, չենք էլ մտածել՝ վերեւո՞ւմ ենք, թե՞ ներքեւում։ Ընտրապայքարում ստեղծված նոր կուսակցությունները վտանգավոր են, բայց որովհետեւ ծնունդն անբնական է, փոշիացման պրոցես է սկսվելու եւ նորից խառնելու է քաղաքական դաշտը։ Կտեսնենք, որ որոշակի պատմությամբ ժողովրդին հայտնի կուսակցությունները միմյանց նկատմամբ ավելի հարգալից վերաբերմունք ունեն, որովհետեւ արդեն քաղաքական ոգին ըմբռնած կուսակցություններ են։ Նորերը պարզապես կոմերիտական ոգեշնչումով են առաջ գնում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել