ԵՐԵՔ ՀԱՅ ՉԵՄՊԻՈՆ, ԲԱՅՑ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻՑ Եվ այսպես, Մոսկվայում ավարտվեց հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի 47-րդ առաջնությունը, որին Հայաստանը ներկայացել էր վեց մասնակցով։ Մրցումների թարմ հետքերով առայժ ձեռնպահ մնանք մեր ըմբիշների մրցելույթների ընդհանուր գնահատականը տալուց՝ դա թողնելով մասնագետներին, սակայն արձանագրենք, որ այս անգամ նրանք տուն են վերադառնում առանց որեւէ մեդալի, մինչդեռ, անցած տարի Հունաստանում Վաղինակ Գալստյանը բարձրացավ պատվո պատվանդանի առաջին աստիճանին։ Մեր մարզիկներից Մոսկվայում լավագույն արդյունքը ցույց տվեցին 55 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը եւ 84 կգ քաշային կարգում հանդես եկող Լեւոն Գեղամյանը, որոնք երկուսն էլ գրավեցին չորրորդ տեղը։ Կարծում ենք, որ իր հնարավորություններից ցածր հանդես եկավ փորձառու Կարեն Մնացականյանը (60 կգ), որի զբաղեցրած 21-րդ տեղը 37 մասնակիցների միջեւ ամենեւին էլ չի համապատասխանում նրա իրական կարողություններին։ Բայց դրա փոխարեն հերթական անգամ իր առաջատար լինելը հաստատեց օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը, որը վերջին տարիներին՝ Ատլանտայի օլիմպիական խաղերից հետո, հանդես է գալիս Բուլղարիայի դրոշի ներքո։ Ինչ վերաբերում է արդեն աշխարհի նախկին չեմպիոն Վաղինակ Գալստյանին, նա, հանդես գալով 66 կգ քաշային կարգում, ինն աստիճանով նահանջեց անցած առաջնությունում գրաված չեմպիոնական առաջին տեղից։ 74 կգ քաշում մեր հանրապետությունը ներկայացնում էր Մովսես Կարապետյանը։ Նա, ըստ ինտերնետային լրատվամիջոցների հրապարակած ցուցակի, 34-րդն է ու եզրափակում է մասնակիցների ցուցակը։ Իսկ չեմպիոնի կոչումը այս քաշային կարգում նվաճել է Ռուսաստանի թիմից հանդես եկող մեր հայրենակից Վարդերես Սամուրգաշեւը։ Լեւոն Գեղամյանի մասին արդեն ասել ենք։ Ավելացնենք միայն, որ 84 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ ժամանակին Հայաստանից հեռացած եւս մի ըմբիշ՝ Արա Աբրահամյանը, որը բարձր պահեց Շվեդիայի մարզական դրոշի պատիվը։ Եվ վերջապես, մեր վերջին ներկայացուցչի՝ Ռոբերտ Պետրոսյանի մասին, որը մասնակցում էր 96 կգ քաշայինների պայքարին։ Ընդհանրապես, Հայաստանը որպես կանոն ըմբշամարտի ձեւերում լուրջ նվաճումներ չի ունեցել բարձր քաշային կարգերում։ Այնպես որ, Ռոբերտի գրաված 19-րդ տեղը հայտավորված 28 մարզիկների միջեւ կարելի է բավարար համարել։ Այսքանով հայ ըմբիշների ցուցակը չի սպառվում։ Մոսկվայում Հունաստանի դրոշի ներքո Արտյոմ Կյուրեղյանը 55 կգ քաշային կարգում հանգրվանեց 7-րդ, իսկ նույն քաշում Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը (Գերմանիա)՝ 11-րդ հորիզոնականում։ Փաստորեն, հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի 47-րդ առաջնությունում յոթ քաշային կարգերից երեքում չեմպիոն դարձան մեր հայրենակիցները։ Բայց, ավաղ, նրանցից ոչ մեկի հաղթանակի պատվին Հայաստանի օրհներգը չհնչեց։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ