Լրահոս
Օրվա լրահոսը

Մուսալեռան 40 լիտրանոց կաթսաները

Սեպտեմբեր 24,2002 00:00

Մուսալեռան 40 լիտրանոց կաթսաները Մուսալեռան հերոսամարտի 87-ամյակի տոնախմբությանն այս տարի մասնակցեց շուրջ 5 հազար մարդ, ավանդական հարիսայի համար օգտագործվել էր 700-800 կգ ոչխարի միս, մի այդքան էլ՝ ցորեն։ Անզեն աչքով անգամ նկատելի էր, որ բուն տոնախմբությանը մասնակցողների թիվը մոտ տասն անգամ քիչ էր, մնացածը՝ փորձառուները, դեռ վաղ առավոտից «հերթագրվել» էին հարիսայի սրահի մոտ։ Մուսալեռցիների ավանդական ճաշատեսակից մաս ունենալու համար նրանք «զինվել» էին խոհանոցային կաթսաների ու դույլերի բոլոր հնարավոր տարատեսակներով։ Ինչ վերաբերում է չափերին, ապա, միանշանակ, ով ինչքան կարող էր տանել։ «Մուսալեռ» հայրենակցական միության քարտուղար Պերճ Ղազարյանի տվյալներով, շուրջ 90 կաթսաների ընդհանուր տարողությունը կազմում էր մոտ 5000 կգ, այսինքն՝ ճիշտ այնքան, որքան մասնակիցների թիվն էր (այս անգամ)։ Եվ եթե 10-15 լիտրանոց դույլերով 50 մարդ էլ գտնվեին (գտնվեցին, նույնիսկ՝ ավելի շատ), ապա «մատաղացու» հարիսայից շատերի համար «համտեսացու» էլ չէր մնա։ «Այդպես էլ է լինում»,- ենթադրությունս հաստատեց այս ծիսակատարության փորձառու մասնակից ոստիկաններից մեկը։ Դե պատկերացրեք, թե կանխավ գիտենալով «անհարիսա» մնալու վտանգի մասին, ինչ տուրուդմփոց ու խառնաշփոթ է սկսվում կերակուրը բաժանելու ժամանակ։ Շոգին ու տապին իրար սեղմված հոծ բազմության մեջ առաջինը բաժին ստացան նրանք, ովքեր ծանոթ կամ բարեկամ էին ոստիկանին, խոհարարին կամ արգելապատնեշի ներսում գտնվող որեւէ այլ «բախտավորի»։ Ավելի ճարպիկները պատերի վրա մագլցելով ներս թռան ու ողջ այս տեսարանն ուղեկցվում էր գոռում-գոչյուններով, մետաղյա կաթսաներից ճզմվածների ախուվախով։ Սպիտակ համազգեստավորների կազմած պատն անկարող էր դիմակայել հարիսատենչ ամբոխին։ Այս ամենից թեպետ տեղյակ, բայց դուրս էին տոնախմբության կազմակերպիչներն ու հատուկ հյուրերը։ Հարիսայի օրհնման արարողությունից հետո «էլիտան» տեղավորվեց առանձին վրանում եւ համեստ ճաշկերույթից հետո շարունակեց ուրախ «քեֆը»։ Կաթսաների շուրջ ծավալված տեսարանից սրտնեղած (թող ներեն մուսալեռցիները, բայց առաջին անգամ էի ներկա տոնին), միության քարտուղարին հարցրի, թե՝ «հնարավոր չէ՞ ինչ-որ ձեւ գտնել այս «ավանդական» տուրուդմփոցը վերացնելու եւ քաղաքակիրթ եղանակով հարիսան բաժանելու համար»։ Նույն հարիսայի իր բաժինն անհամբերությամբ վայելող քարտուղարն իմիջիայլոց «նետեց». «Չենք կարող, ծախսերի հետ կապված բան է, դե լավ է, էլի, ի՞նչ է եղել, հարիսա է՝ գալիս են, ուտում են»։ Ի դեպ, այդ «լավի» հետեւանքի տիպիկ օրինակ էր սեղանակցիս (անունը չնշենք) պատմածը. «Մի տարի գերմանացի հյուրեր ունեինք, հարիսա չկերան, ասացին, թե ո՞նց ուտենք, երբ հիշում ենք էն խեղճ ժողովրդի վիճակը»։ Նկատի ունենանք, որ անգամ Երեւանից դույլերով եկած «խեղճ ժողովուրդը» գոնե կարող էր իրեն ձերբազատել այդքան դաժան ձեւով ուտելիք «փախցնելու» արդեն սովորույթ դարձած ձեւից։ Մենք էլ հանգիստ սրտով կարձագանքեինք բուն տոնախմբությանը, ոչ թե «հարամ» սրտով «հարամ» նյութ կգրեինք։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել