Լրահոս
Օրվա լրահոսը

«Քըրքորյանին միլիարդատերից շուտով կսարքենք միլիոնատեր»

Սեպտեմբեր 24,2002 00:00

«Քըրքորյանին միլիարդատերից շուտով կսարքենք միլիոնատեր» Անհանգստանում է քաղաքագիտության դոկտոր Արամ Կարապետյանը Սեպտեմբերի 18-ին «Հանրապետական» կուսակցության մի պատկառելի խումբ «համակիրներ» Վանաձորում անդամատոմսեր ստացան: Այդ հույժ կարեւոր իրադարձության մասին չէինք տեղեկանա, եթե չհրավիրվեինք «Սահմանադրական իրավունք» միության՝ նույն օրը կայացած ժողովին, որը տեղի ունեցավ Վանաձորի քաղաքապետարանի դահլիճում, հանրապետականների ժողովից հետո: «Իսկ ինչո՞ւ ԶԼՄ-ները հանրապետականների ժողովին չեն հրավիրվել»,- «իրավիճակը» տեղում ճշտելով, բորբոքվեց հնագույն կոմունիստ Ռաֆիկ Սահարյանը, եւ ժողովի գաղտնիության առնչությամբ մեղավոր ճանաչեց Վանաձորի քաղաքապետին (ՀՀԿ անդամ), որը հանրապետականների ժողովից դուրս եկողների թվում էր: Սա՝ մինչ ՍԻՄ-ի ժողովը սկսվելը: ԱԺ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության նախագահ Հրանտ Խաչատրյանը, խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը եւ «Հեռանկար» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Արամ Կարապետյանը լեփ-լեցուն դահլիճում հավաքվածներին ներկայացրին, թե «Այսօր ինչ է կատարվում Հայաստանում»: ՀՀ նախագահի հանդեպ շատ ավելի անհանդուրժողական կեցվածք էր ընդունել Հ. Բաբուխանյանը, շատ ավելի հանդուրժողական՝ Ա. Կարապետյանը, որը կարծիք հայտնեց, թե առաջիկա նախագահական ընտրություններում կարեւորն այն է, որ ՀՀ նախագահը լինի լեգիտիմ եւ ժողովրդի կամքով ընտրված: Դահլիճում հնչում էին հարցեր, որոնք ավելի շուտ ելույթներ էին հիշեցնում: «Անընդհատ արտասահմանին կոչ են անում ցեղասպանությունը ճանաչել: Բա էսօրվա ցեղասպանությունը ո՞վ պիտի ճանաչի», «Ճանապարհ ցույց տվեք՝ էս վիճակից դուրս գանք», «Էսօրվա դրությամբ ես դեմս չեմ տեսնում: Աչքս խավարել է, չգիտեմ՝ ում դիմեմ: Իմ թոշակը 5000 դրամ է», «Մարզպետի մոտ մտնում ես, սպառնում է՝ թե կփոշիացնեմ: Երեխաս բոմժի կարգավիճակով է, ես էլ փողոցում եմ»… Թե՛ Հ. Բաբուխանյանը եւ թե՛ Ա. Կարապետյանը բոյկոտի ենթարկեցին կառավարության ընթացիկ գործունեությունն ու ծրագրերը, իսկ Ա.Կարապետյանը մռայլ կանխագուշակություն արեց, թե «Շուտով Քըրքորյանին միլիարդատերից կսարքենք միլիոնատեր»: Իմ այն հարցին՝ «Դուք մասնավորեցումը քննադատեցիք ընդհանրապե՞ս, թե՞ այն Հայաստանում ճիշտ չի ընթանում: Եվ ի՞նչ կերպ կվարվեք սեփականաշնորհված օբյեկտների հարցում, եթե իշխանության գաք»,- Ա. Կարապետյանը պատասխանեց համապատասխան ելույթով, որից հատկանշական էր հետեւյալը. «Ես 10 տարի կազատեի հարկերից: Բոլոր այն սեփական օբյեկտները, որոնք 5 տարի չեն գործի իրենց պրոֆիլով, հետ կվերցնեի: Չի կարելի հաստոցաշինական գործարանից վերաձեւել կազինո»: Հաջորդ հարցին էլ՝ Ռուսաստան-Բելառուսի առնչությամբ, Հ. Խաչատրյանը պատասխանեց. «Մենք Հայաստանի անկախության կողմնակից ենք», սակայն նշեց, որ «Հայաստանը պետք է լինի հզոր ռազմաքաղաքական դաշինքի մեջ», որը ՍԻՄ-ը տեսնում է ի դեմս Ռուսաստան-Բելառուսի: «Մենք իսկապես գտնվում ենք ճակատագրական փուլում»,- ամփոփեց Հ. Բաբուխանյանը եւ կոչ արեց ակտիվ լինել, 1կգ հացով ու շաքարով ընտրության չգնալ եւ թույլ չտալ, որ «գող ու ավազակները տնօրինեն անտեր մնացած քվեաթերթիկները»: Իսկ մի վանաձորցու այն հարցին, թե ինչո՞ւ սիմականները ամեն ինչում միայն վատն են տեսնում, վերջինս մռայլադեմ պատասխանեց. «Այսօր Հայաստանում լավը տեսնում են նրանք, ովքեր համատեղ գողանում են երկրի բյուջեից: Այսօր պարկեշտ մարդը դարձել է բոմժ, գողերը ջիփերով են ման գալիս եւ սեփականաշնորհել են երկիրը»: Շատ ավելի լավատեսական հնչեց Հ. Խաչատրյանի ելույթը. «Մի օր հայ ժողովուրդը կազատվի իրեն շահագործողներից»: Ավելացնենք, որ Խաչատրյան-Բաբուխանյան-Կարապետյան եռյակը մինչեւ Վանաձոր այցելելը եղել էր Ստեփանավանի տարածքում եւ արձանագրել, որ Գյուլագարակ գյուղը մեկ շաբաթ ջուր չունի, ինչի հետեւանքով գյուղի երեխաների մոտ հիվանդություններ են սկսվել: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել