Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության 11-րդ տարելիցը նշեցին տարանջատված

Սեպտեմբեր 24,2002 00:00

Անկախության 11-րդ տարելիցը նշեցին տարանջատված Անկախության օրվա առթիվ նախագահի պաշտոնական ընդունելությանը, որը սեպտեմբերի 21-ին կայացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հրավիրված էր 1000-ից ավելի մարդ: Ընդունելությանը ընդդիմադիրներից ներկա էր ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: «Ազատություն» ռադիոկայանի հարցերին ի պատասխան՝ նա ասաց, որ անկախության օրը որեւէ մեկի մենաշնորհը չէ: Ըստ նրա՝ «փոքրոգություն է «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներին՝ Արամ Սարգսյանին ու Ալբերտ Բազեյանին չհրավիրելը»: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը չէր ցանկանում որեւէ կերպ մեկաբանել իրենց չհրավիրելու փաստը. «Անցյալ տարի միայն ինձ էր հրավիրել՝ չեմ էլ գնացել, քանի որ Արամ Սարգսյանն ու Վաղարշակ Հարությունյանը հրավիրված չէին: Վիրավորական էր, մենակ չէի գնա»: Ալբերտ Բազեյանն ասաց, թե հրավերքի դեպքում էլ իրենք չէին մասնակցելու ընդունելությանը: «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը պաշտոնական ընդունելության հրավեր ստացել էր, բայց չէր գնալու: Նա մերժել էր նաեւ ՀՀՇ-ում նշվող տոնակատարության հրավերը: Իսկ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը թեեւ կարծում էր որ ճիշտն Անկախության օրվա առթիվ միջոցառմանը մասնակցելն է, բայց բազմաթիվ փաստարկներ ուներ չմասնակցելու օգտին. «Բարոյական չեմ համարում, որ հրավիրված չեն առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, Ալբերտ Բազեյանն ու նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: Երկրի նախագահն այցելում է նրա եղբոր՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին, բայց Արամ Սարգսյանին ընդունելությանը չի հրավիրում»: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց, որ նեղացած կեցվածք ընդունելը սխալ է: Նա ասաց, որ Սեպտեմբերի 21-ի ընդունելության դահլիճում բազմաթիվ մարդկանց տեսավ, ովքեր պայքարել են անկախության դեմ կամ անկախության հասնելու համար մատը մատին չեն խփել: ՀՀՇ-ի միջոցառման ժամանակ գրեթե նույն բանը կրկնեց նաեւ ՀՀՇ ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը. «Իշխանության շուրջ այսօր հավաքված են այն մարդիկ, ովքեր փնովում էին անկախությունը եւ անկախությանը դեմ են քվեարկել: Ուղղակի այսօր քաղաքական կոնյունկտուրան պահանջում է, որ իրենք լինեն նախագահի կողքին..»: ՀՀՇ-ն իր հերթին, իր կազմակերպած ընդունելությանը չէր հրավիրել Կոմունիստական կուսակցությանը եւ Հայ Հեղափոխական Դաշնակցությանը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել