Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՄՇԱԿՎԵ՞Ն ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ

Սեպտեմբեր 24,2002 00:00

ԿՄՇԱԿՎԵ՞Ն ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐ Էջմիածնում քաղաքական կյանքը շատ բարդ է ու անկանխատեսելի։ Էստ էության, այսօր քաղաքապետ Երվանդ Աղվանյանի դեմ են դուրս եկել նրանք, ովքեր ժամանակին նրա շուրջը «պար են եկել», որոնց օգնել է, սատարել… Մարդիկ «ճարպիկ» են եղել։ Ես չեմ պնդում, թե ներկա քաղաքապետն անփոխարինելի է, շատ լավ է աշխատում։ Բայց իրականությունն այն է, որ նա իր տվյալներով մի գլուխ բարձր է մյուս թեկնածուներից։ Նրանցից ամենակարկառունը ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն է (Ճոյտ)։ Լրագրողներդ մասնակցում եք ԱԺ նիստերին եւ Ձեր պատկերացումը կունենաք այդ անհատի մասին։ Իհարկե, շատ փող ունի, շատ հարցեր է լուծում, բայց դա մեր ապագան չէ։ Ինձ համար միանշանակ է. եթե այդ ուժերին հաջողվի հաղթել Երվանդ Աղվանյանին իրենց հայտնի մեթոդներով (ընտրակաշառք, ահաբեկում, անդեմ ավագանիների բոյկոտ…), ապա այս երկրում ես էլ ոչ մի լավ բանի չեմ սպասում։ Մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ իշխանությունն իրենց ձեռքը վերցնելուց հետո (հիմա էլ քիչ չունեն), այդ մարդիկ դառնալու են անսահման լկտի եւ մի քանի ձեւական, ցուցադրական քայլեր կատարելուց հետո («ի նպաստ» ժողովրդի), գործելու են միայն ի նպաստ իրենց անձնական շահի։ Դրանց համար պետականություն, ժողովրդավարություն, սոցիալական արդարություն, ապակենտրոնացում հասկացություններն անհասկանալի եւ խորթ տերմիններ են։ Անչափ ցավալի է, որ մեր ազնիվ ու արդար շարժման (ով պայքարեց, ով է վայելում) 14-րդ տարում նման հարցերից ենք խոսում։ Մերձբալթյան հանրապետությունները դիտորդներ էլ չեն հրավիրում, իսկ մենք, չգիտես՝ ո՞ւր ենք գնում, ովքե՞ր են ընտրվում… Այս պայմաններում միակ ելքը քաղաքական ազդեցիկ ուժերի միջեւ համաձայնությունն է, խաղի կանոնների մշակումը, մեր գրած սցենարի իրագործումը (եթե կա), որ ժողովուրդը վերջնականապես չհուսալքվի։ Հարգանքով եւ հավատով՝ ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱՆՂՅԱՆ Տնտեսագետ ք. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել