Յուրայինների մեջ օտարը Ըստ մամուլի՝ «Ագրոարդյունաբերողներ» խումբը փրկելու համար այն պիտի համալրեր նաեւ «Իրավունք եւ միաբանության» անդամ Համլետ Հարությունյանը: Խմբի փրկության գործն, ըստ ՍԻՄ-ի պաշտոնաթերթի՝ ստանձնել էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որի հետ Համլետ Հարությունյանի մտերիմ հարաբերությունները գաղտնիք չեն: Դրանք չհերքելով՝ պրն Հարությունյանը ժխտեց սակայն, թե ինքը պատրաստվում էր դուրս գալ խմբակցությունից. «Ապշեցուցիչ է, որ մարդիկ, որոնք ինձ ճանաչում են երկար ժամանակ եւ աշխատում իմ կողքին՝ ինձ չափում են իրենց պրիզմայով: Համլետ Հարությունյանը 55 տարեկան է, եւ նրա կենսագրությունը հայտնի է բոլորին: Ես իմ ամբողջ կյանքն ապրել եմ միայն ու միայն սկզբունքներով եւ պատահական չեմ հայտնվել քաղաքական կյանքում: Ի տարբերություն շատ շատերի, որոնց քաղաքական կենսագրությունը զուտ կապված էր Օպերայի հրապարակում հավաքված մարդկանց ամբոխի հետ՝ ես շատ վաղուց եմ քաղաքականության մեջ: Հետեւապես, առնվազն հիվանդ երեւակայության կամ իրենց անհաջող գոյությունն ապացուցող մարդկանց ցնդաբանության արդյունքն է, թե պատմաբանը կարող էր հայտնվել ագրոարդյունաբերական խմբում»: Սակայն եթե այդ խմբում կարող էր հայտնվել քաղաքագետ՝ ինչո՞ւ նույնը չէր կարող անել պատմաբանը. մեր այս հարցին Համլետ Հարությունյանն այսպես պատասխանեց. «Սովորաբար կուսակցություններն ու կուսակցականներն են այս կամ այն մարդու ազդեցության տակ: Երբ իմ անունն են կապել հանրապետության նախագահի կամ պաշտպանության նախարարի հետ, ես բազմիցս հայտարարել եմ հետեւյալը՝ այդ մարդկանց հետ ես անցել եմ շատ դժվար ու դաժան ճանապարհ: Եվ մեզ կապում է զուտ այդ ճանապարհը եւ գաղափարական ընդհանրությունը: Բայց չեմ կարծում, թե այդ երկու անձանցից որեւէ մեկը կարող է ուղղություն տալ իմ քաղաքական կողմնորոշմանը»: Հանրահայտ է, որ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունը խորհրդարան է հասել Սամվել Բաբայանի աջակցությամբ: Հայտնի են նաեւ վերջինիս ու Սերժ Սարգսյանի բարդ հարաբերությունները. իրազեկներն անգամ պնդում են, թե դրանց հետեւանքով էր, որ պրն Սարգսյանը հայտնվեց Հայաստանում: Հաջողվո՞ւմ էր երկուսի հետ էլ լավ հարաբերություններ պահպանել՝ այս հարցին Համլետ Հարությունյանի պատասխանն էր. «Գոնե ընտրությունների ժամանակ ես չեմ նկատել նման բարդություն այդ երկու գործիչների միջեւ: Եվ այսօր էլ չունեմ փաստեր՝ ասելու համար, որ Սերժ Սարգսյանի եւ Սամվել Բաբայանի հարաբերությունները 1999-ին կամ հետագայում լարված էին: Ինձ նաեւ հայտնի չէ՝ արդյոք նրանք մինչ այդ ունեցե՞լ են աշխատանքային տարաձայնություններ»: «Իրավունք եւ միաբանությունն» այսօր ընդդիմադիր է՝ բացառությամբ Համլետ Հարությունյանի, որի քվեարկություններն ու դիրքորոշումները տարբերվում են խմբակցության մնացած անդամներից: «Այո, առանձնանում եմ,- համաձայնեց նա:- Ես ամեն ինչ չէ, որ ողջունում եմ: Բայց հանդես եմ եկել բավականին լուրջ քննադատությամբ էլ: Դա իմ կրեդոն է ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա իշխանությունների օրոք՝ ես չեմ անում կտրուկ հայտարարություններ եւ չեմ կիսում ընդդիմության հայացքները»: Մեր զրույցի առիթ դարձած հրապարակման մեջ նշված էր, թե Համլետ Հարությունյանը միայն իներցիայով է համարվում «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ. «Չհասկացա: Այդ նույն մարդիկ առաջինը փորձեցին քանդել խմբակցությունը (թերեւս նկատի ուներ ՍԻՄ հայտարարությունը՝ «Ազգային միաբանության» հետ ներդաշինքային հարաբերությունները դադարեցնելու մասին.- Ա. Ի.): Հիմա ինչ-ինչ պատճառներով հանդես են գալիս այդ խմբակցության պաշտպանության դիրքերից: Դա թողնում եմ իրենց խղճին: Ես այս խմբակցության անդամ եղել եմ, մնում եմ եւ կմնամ»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ